
Սլովակիայի վարչապետը հարձակումից հետո առաջին տեսագրությունն է հրապարակել. նա գովաբանել է Օրբանի այցը Մոսկվա
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 15-ին իր դեմ կատարված մահափորձից հետո հանդես է եկել առաջին հրապարակային ուղերձով:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Ֆիցոյի ուղերձը նվիրված էր սուրբ Կյուրեղի և սուրբ Մեթոդիոսի օրվան, որը Սլովակիայում պետական տոն է։
Ուղերձում Սլովակիայի վարչապետը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցի մասին։ Ֆիցոյի խոսքով՝ ինքը կցանկանար միանալ Օրբանին, եթե դա թույլ տար նրա առողջական վիճակը։ «Խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները բավարար չեն, կրկնում եմ, բավարար չեն խաղաղությանն ուղղված նախաձեռնություններն ու խաղաղ բանակցությունները»,- հայտարարել է Ֆիցոն։
Ֆիցոն մահափորձից հետո իր առաջին ուղերձում նաև քննադատել է «լիբերալ գաղափարախոսությունը», որը, նրա խոսքով, «տարածվում է քաղցկեղային ուռուցքի պես» և վնաս է հասցնում Սլովակիային: «Ես չեմ ցանկանում, որ Սլովակիան լինի այն երկրների շարքում, որոնք արևմտյան քաղաքակրթության ծաղրանկար են»,- ասել է Ֆիցոն:
Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից։ Նա հրապարակավ դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնությանը և քննադատել է Ուկրաինայի ղեկավարությանը։
2024 թվականի մայիսի 15-ին Գանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո Ֆիցոյի ուղղությամբ մի քանի անգամ կրակել էր 71-ամյա գրող Յուրայա Ցինտուլան։ Վերջինս իր գործողությունները բացատրել էր կառավարության քաղաքականության հետ անհամաձայնությամբ։
Էկրանակադրը՝ Ֆիցոյի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից
Մեկնաբանել