HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրիտանիայում հայտարարվել է կառավարության նոր կազմը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ, լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը ձևավորել է իր կառավարությունը։ Նոր կաբինետի կազմը մեծամասամբ լեյբորիստների նախկին ստվերային կառավարության կրկնօրինակն է։ 

Առաջինը եղել է Անջելա Ռեյների նշանակումը, որը 2020 թվականից զբաղեցնում էր Լեյբորիստական կուսակցության ղեկավարի տեղակալի պաշտոնը:Նա Սթարմերի կաբինետում կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը և կլինի հավասարության, բնակարանաշինության և համայնքների հարցերով պետական քարտուղարը։

Փեթ Մաքֆադենը նշանակվել է Լանքասթեր դքսության կանցլեր։ Սա նշանակում է, որ վարչապետից հետո նա կլինի կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Գործնական տեսանկյունից սա առանց պորտֆելի նախարարական հաստիք է, որը ցանկացած պահի կարող է փոխարինել գործող վարչապետին։

Ռեյչել Ռիվզը դարձել է Մեծ Բրիտանիայի գանձապետարանի առաջին կին կանցլերը, այլ կերպ ասած՝ ֆինանսների նախարարը: «Ես պատրանքներ չունեմ այն խնդիրների մասշտաբի վերաբերյալ, որոնց մենք պետք է բախվենք: Մենք նոր թիմ ենք, սա նոր սկիզբ է, այնպես որ եկեք գործի անցնենք»,- նշանակումից հետո հայտարարել է Ռիվզը։

Նշանակվածների մեծ մասը պահպանել են նույն պաշտոնները, որոնք զբաղեցնում էին Սթարմերի ստվերային կառավարության կազմում։ Այսպես, Դևիդ Լեմին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Իվեթ Քուփերը՝ ներքին գործերի նախարարի, Ջոն Հիլին՝ պաշտպանության նախարարի, Շաբանա Մահմուդը՝ արդարադատության նախարարի, Ուես Սթրիթինգը՝ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի, Բրիջիթ Ֆիլիփսոնը՝ կրթության նախարարի, Փիթեր Քայլը՝ գիտության նախարարի, Ջոնաթան Ռեյնոլդսը՝ ձեռնարկատիրության և առևտրի հարցերով նախարարի, Լուիզա Հեյգը՝ տրանսպորտի նախարարի, Լիզա Նենդին՝ մշակույթի նախարարի, Սթիվ Ռեյդը՝ շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։

Նոր նշանակումներից էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարարի պորտֆելը ստացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Դևիդ Միլիբանդի եղբայրը՝ Էդ Միլիբանդը։

2020 թվականին Քիր Սթարմերն իր ստվերային կառավարության ձևավորման ժամանակ նրան նշանակեց այդ պաշտոնում, սակայն 2021 թվականի նոյեմբերին կադրային փոփոխությունների ընթացքում Միլիբանդին իջեցրեց կլիմայի փոփոխության և ածխածնի չեզոքության խնդիրների հարցերով ստվերային նախարարի պաշտոնին։ 

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Դևիդ Լեմին, արձագանքելով իր նշանակմանը, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ դա մեծ պատիվ է իր համար։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհը բախվում է հսկայական մարտահրավերների, սակայն նա դրանք կհաղթահարի՝ օգտագործելով Մեծ Բրիտանիայի հսկայական ուժը:

Լիզ Քենդալն էլ կգլխավորի աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարարությունը։ Նրա համար դա նկատելի աճ է։ Քիր Սթարմերի ստվերային կաբինետում նա աշխատել է որպես առողջապահության կրտսեր նախարար՝ առանց կառավարության նիստերին մասնակցելու իրավունքի:

Լուսանկարը՝ Claudia Greco, Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter