HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին. թիրախում հայտնվել է մանկական հիվանդանոցը

Ռուսական զորքերը հուլիսի 8-ի առավոտյան զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին։ Վերջին տվյալներով՝ միայն Կիևում կա 10 զոհ և 35 վիրավոր։ Հարվածի տակ է հայտնվել նաև ուկրաինական մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղի ժամանակով ժամը 12:50-ի դրությամբ՝ Ուկրաինայի ողջ տարածքում կա 21 զոհ և 68 վիրավոր։

Քաղաքային զինվորական վարչակազմը հայտարարել է, որ ուկրաինական մայրաքաղաքում աշխատել են ՀՕՊ համակարգերը։ Վերջինիս տվյալներով՝ հրթիռների բեկորներն ընկել են քաղաքի մի քանի թաղամասերում։

Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի տվյալներով՝ վնասված գրասենյակային շենքերից մեկում հայտնաբերվել է 7 մարմին։ Մեկ այլ շրջանում էլ բեկորներն ընկել են բնակելի շենքի մոտ՝ վնասելով ավտոտնակներն ու մասնավոր տները, այրվել են մեքենաները։ 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գրել է, որ մայրաքաղաքի Շևչենկովսկու շրջանում վնասվել է բազմաբնակարան շենքերից մեկը, իսկ դրա շքամուտքերից մեկն ամբողջությամբ ավերվել է։ Բնակիչներին տարհանել են։

Քաղաքի շատ թաղամասեր հոսանքազրկված են։ 

Վիտալի Կլիչկոն նաև հայտնում է, որ հրթիռներից մեկն ընկել է Շևչենկովսկու շրջանում գտնվող մանկական հիվանդանոցի տարածք։ Վնասվել է «Օխմատդետ» հիվանդանոցի շենքը։ Նույն հիվանդանոցում ավերվել են վիրահատարանները, իսկ հարվածի պահին այնտեղ երկու վիրահատություն էր ընթանում։ 

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է, որ հիվանդանոցին հարվածի հետևանքով կան զոհեր։ Ըստ առկա տվյալների՝ զոհվել է 2 մարդ, ևս երկուսը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Լյաշկոյի խոսքով՝ հրթիռն ընկել է այն մասնաշենքի վրա, որտեղ երեխաները դիալիզ էին ստանում։ Կլիչկոն հավելել է, որ ամբուլատոր բուժման կարիք ունեցող երեխաները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Դարիա Զարիվնան լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով տուժած երեխան։ 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ ռուսական զորքերը «միտումնավոր» հարվածել են մանկական հիվանդանոցին։ 

«Այդ հրթիռակործությունն իրականացվել է քաղաքացիական անձանց ուղղությամբ, հարվածել են ենթակառուցվածքներին, ամբողջ աշխարհն այսօր պետք է տեսնի ահաբեկչության հետևանքները, որի պատասխանը կարող է լինել միայն ուժը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Երմակը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հիվանդանոցում փլատակների տակ մարդիկ կան, վիրավորների և մահացածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: «Այժմ բոլորն օգնում են հեռացնել փլատակները՝ բժիշկները, սովորական մարդիկ»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը: 

«Ռուսաստանը չի կարող չիմանալ, թե ուր են թռչում իր հրթիռները, և պետք է լիարժեք պատասխան տա մարդկանց դեմ, երեխաների դեմ, ընդհանրապես մարդկության դեմ իր բոլոր հանցագործությունների համար։  Շատ կարևոր է, որ աշխարհը հիմա չլռի այդ մասին, և որ բոլորը տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը, ինչ է անում»,- գրել է նախագահ Զելենսկին։

Հարվածի տակ են հայտնվել նաև Ուկրաինայի մյուս քաղաքները։ Հաղորդվում է Դնեպրի և Կրիվոյ Ռոգի, Խերսոնի մարզի Սկադովսկի, Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Կրամատորսկում հրթիռակոծության է ենթարկվել Նովոկրամատորսկի մեքենաշինական գործարանը։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում ավերածությունները տեղի են ունեցել «ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռի ընկնելու հետևանքով»։ Ռուսական կողմը հերքում է, որ հարվածներ է հասցրել քաղաքացիական օբյեկտներին։ «Հարվածի թիրախները ոչնչացվել են։ Թիրախավորված օբյեկտները խոցվել»,- հայտարարել է ռուսական կողմը։

Լուսանկարում՝ ավերված հիվանդանոցի կադրերը/Gleb Garanich / Reuters / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter