HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ մասին նշվում է Կրեմլի ու Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում։ 

Մասնավորապես թուրքական կողմը նշում է, որ Էրդողանը Փեզեշքիանին վստահեցրել է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

«Քննարկվել են թուրք-իրանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Էրդողանը հայտարարել է, որ հավատում է, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում, և որ դրանք ուժ են քաղելու իրենց խորը պատմական արմատներից: Թուրքիայի նախագահը շնորհավորել է Փեզեշքիանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում»,- ասված է պաշտոնական Անկարայի տարածած հաղորդագրության մեջ։

Կրեմլն էլ փոխանցում է, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Փեզեշքիանին ընտրության կապակցությամբ և աշխատանքում հաջողություն մաղթել։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու պետական պաշտոնում»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրոթյան մեջ։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից և վերահաստատել հետագա աշխատանքի պատրաստակամությունը: «Երկուստեք գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ համատեղ սերտ աշխատանքի պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Իրանի նորընտիր նախագահը/The Associated Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter