
Մեկնարկել է հայտերի ընդունումը WITSA-ի ստարտափների համաշխարհային գավաթի հայաստանյան մասնակիցների համար
WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը սկսում է դիմումների ընդունումը՝ հայկական վաղ փուլերի (early stage) ստարտափներին ընձեռելով բացառիկ հնարավորություն ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և մրցելու՝ Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար: Այս մասին հայտնում է WCIT2024/DigiTec-ի լրատվական ծառայությունը։
Դիմումների ընդունման ժամկետը մեկնարկել է 2024 թվականի հուլիսի 3-ից և ավարտվելու է հուլիսի 31-ին:
Հայկական early stage/pre-series A ստարտափները կարող են դիմել և մասնակցել մրցույթին: Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություններ, որոնցից երկուսը եզակի հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու WITSA World Cup միջազգային մրցույթում։
WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, 2024 թվականի հոկտեմբերին։
Ազգային հանձնաժողովը ստարտափների ընտրությունը կկատարի գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝
- նորարարություն,
- հաճախորդների ներգրավում,
- մասշտաբելիություն,
- տեխնոլոգիա հանուն բարօրության և
- ներուժ:
Միջոցառումը նպատակ ունի ընդգծելու հայկական ստարտափների՝ համաշխարհային հարթակում մրցելու հնարավորությունը՝ կենտրոնանալով նորարարության և ազդեցիկ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու ներուժի վրա:
Մանրամասների և հայտադիմումը լրացնելու համար հարկավոր է այցելել https://www.f6s.com/witsa-national-competition-armenia կայքէջ։
2024 թվականին WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցեն 32 ստարտափներ 16 երկրներից և 6 մայրցամաքներից, ինչը հայաստանյան ստարտափներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ներկայանալու և մրցելու գլոբալ հարթակում։
Այս տարվա մայիսին, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտարարեց 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացումը Հայաստանում՝ սերտ համագործակցելով ԴիջիԹեք Հայաստանի հետ։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, բարձր ճանաչում ունեցող ստարտափների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և շատ այլ միջոցառումներ:
WCIT 2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության մեծացման, ներդրումների կարևորության և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունը ընդգծող համաշխարհային հարթակ։ Վերջին տարիներին Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, իր շուրջն է համախմբել գլոբալ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։
***
WCIT-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:
Կայքէջ։ https://wcit2024-digitec.com
Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec
WITSA-ի մասին․ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով:
Պաշտոնական կայքէջ՝ https://www.witsa.org/
ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։
Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։
Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/
ԴիջիԹեք-ի մասին․ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։
Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: 2023-ին ԱՏՁՄ-ն կազմակերպել է միանգամից երկու ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն և հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Մինչև 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները ԴիջիԹեքի շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ։ ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան):
Մեկնաբանել