HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ պաշտոնատար անձինք ստացել են 50.000 դոլար կաշառք պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար 

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն., զբաղեցնելով Պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար նրանց հարազատներից պահանջել և ստացել են խոշոր ու առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Վ.-ն, վերը նշված  անձանց հետ նախնական համաձայնությամբ, ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկի զինվորական ծառայության մեկնելը 6 ամսով անխոչընդոտ հետաձգելու համար 2024 թվականի հունվարին վերջինիս ազգականից պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, զորակոչիկին տրամադրվել է տարկետում մեկ տարի ժամկետով:

Քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Ա. Վ.-ն և ՊՆ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ն, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Հ.-ի և վերջինիս վարորդ Գ. Գ.-ի օժանդակությամբ, ևս մեկ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար վերջինիս հորից որպես կաշառք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000 ԱՄՆ դոլար:  Արդյունքում՝ նշված զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: 

 Բացի այդ, Ա. Վ.-ն մեկ այլ զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար իր ծանոթից 2024 թվականի հունվարի 19-ին ընդունել է խոշոր չափերով՝ 5.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու առաջարկը, որից հետո նշված զորակոչիկը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի  եզրակացության համաձայն, ճանաչվել է սահմափակ պիտանի և այդ հիմքով վերջինիս պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հետաձգվել է մինչև հաջորդ զորակոչ:

Պարզվել է նաև, որ  Ա. Վ.-ն Ա. Հ.-ի և ՊՆ տարածքային ստորաբաժանման ակնաբույժ Լ. Հ.-ի հետ, ձմեռային զորակոչի ենթակա մեկ այլ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ վերջնական ազատելու համար, 2024 թվականի հունվարին զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000 ԱՄՆ դոլար, որից հետո ՊՆ Կենտրոնական տարածքային հանձնաժողովի կողմից զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին: 

Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

9 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter