HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական երաշխիքների վարույթում կայացված դատական ակտերը անհիմն բողոքարկելու դատախազական պրակտիկան վերանայման կարիք ունի

Փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել դատական երաշխիքների վարույթում կայացված դատական ակտերի բողոքարկման դատախազական պրակտիկայի մասին։ Փաստաբանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Քրեական արդարադատությունը բազմաբովանդակ ու դատավարական տարբեր սուբյեկտների կողմից իրականացվող տարբեր գործառույթների դատավարական բախում ենթադրող մրցակցային գործընթաց է, որի ընթացքում մրցակցող կողմերը ի թիվս այլնի, իրենց դիրքորոշումը կամ մոտեցումն առաջ մղելու համար փորձում են վիճարկել այս կամ այն դատավարական ակտը՝ դատավարության հանրային մասնակցի որոշումը, գործողությունը կամ անգործությունը:

Մինչդատական վարույթում հատկապես առավել սուր մրցակցություն է ձևավորվում դատական երաշխիքների վարույթում, երբ անձի սահմանադրական իրավունքների ու ազատությունների ագրեսիվ միջամտության որոշ դեպքեր դառնում են դատական քննության առարկա: Դրանց շարքին են դասվում մեղադրյալի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները, որոնք քննարկվում և լուծում են ստանում դատարանի կողմից, որի կայացրած որոշումները կարող են բողոքարկել ինչպես պաշտպանության, այնպես էլ մեղադրանքի կողմը: Առաջին հայացքից կարծես սովորական դատավարական իրավունք է, որի գոյությունը պետք է պարտադիր պայման լինի հավասար ու մրցակցային դատավարության համար, բայց դատական պրակտիկան ցույց է տալիս, որ այդ իրավունքը հաճախակի է չարաշահվում: Գուցե այն չարաշահում է նաև պաշտպանության կողմը, բայց դրանց առավել ակնհայտ դեպքերը տեղի են ունենում դատախազության հեղինակությամբ:

Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազությունը ակնհայտ անհիմն ու ձևական բողոք է ներկայացնում դատական երաշխիքների վարույթում դատարանի կայացրած որոշումների դեմ: Դրանք անհիմն ու ձևական են լինում հաճախ այն աստիճան, որ բովանդակային առումով ոչինչ ավելի չեն պարունակում, քան քննիչի կողմից ներկայացված միջնորդության բովանդակությունն է: Վերաքննիչ դատարանի պրակտիկան բավարար է այդ բողոքների հիմնավորվածությունը գնահատելու համար, քանզի ընդհանուր իրավասության դատարանի ակտերի բեկանման վիճակագրությունը չի գերազանցում տասը տոկոսը: Սա վկայում է այն մասին, որ իրականում բավականին մեծ է անհիմն բողոքների թիվը, որոնց քանակն առաջին հերթին ապահովում է հենց դատախազությունը:

Գուցե ներկայացված հանգամանքին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը չլիներ, եթե չլինեին այս արատավոր պրակտիկայի անցանկալի ու ռեսուրսատար հետևանքները: Վերադաս դատական ատյաններ ներկայացված ցանկացած ձևական ու անհիմն բողոք իր ազդեցությունն է ունենում դատավարության գրեթե բոլոր մասնակիցների և քրեական արդարադատությունն ապահովող պետական մարմինների վրա: Այդպիսի յուրաքանչյուր դեպքում պաշտպանության կողմը ստիպված է լինում հակադարձել բողոքին, գրավոր պատասխան ներկայացնել, ակտը կայացրած դատարանը ժամանակ է ծախսում բողոքարկվող գործը վերադաս դատական ատյան ուղարկելու համար, վերադաս դատարանը բողոքը վարույթ է ընդունում ու քննում այն (պրակտիկ աշխատողները գիտեն, թե երբեմն այդ գործընթացը քանի անգամ է կրկնվում միևնույն քրեական վարույթի շրջանակում):

Դրանք ռեսուրսներ են, որոնց խնայումը պետք է լինի դատավարության հանրային մասնակիցներից յուրաքանչյուրի գործունեության ընթացքում և որոշումներ կայացնելիս գնահատման ենթակա կարևորագույն չափանիշերից մեկը, իսկ համընդհանուր այդպիսի մտածողություն ձևավորելու համար պետք է լրջագույն ջանքեր գործադրել: Այս արատավոր պրակտիկայի վերանայումը պետք է դառնա գլխավոր դատախազության առաջիկա խնդիրներից մեկը: Հարկ է բացառել պետական մարմնի կողմից խիստ կանխատեսելի, անհիմն ու ձևական գործելու ցանկացած դրսևորում, այն ամոթալի է ոչ միայն տվյալ մարմնի, այլև ողջ պետության համար: Երբ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք գործելիս փորձում են իրենց ապահովագրել դատախազությունից, դա հասկանալի է, բա քրեական հետապնդման գործառույթը տնօրինող դատախազությո՞ւնն ինչից է ապահովագրվում...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter