HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց պատժի կրումից

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը։

Վլադմիր Գասպարյանը, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին իրենց մեղսագրվող արարքներում։

Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագներով, սակայն ազատվեց պատժի կրումից մի դեպքում համաներմամբ, մյուս դեպքում՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Նրանից որպես դատական ծախս կգանձվի 200 հազար դրամ։ 

Լևոն Երանոսյանը ևս մեղավոր ճանաչվեց, սակայն կրկին ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժեմկետները լրանալու և համաներման հիմքերով։

Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը ևս ազատվեցին քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` տեղյակ լինելով ՊՆ N զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար: Բացի այդ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին: 

Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: 

Վարդան Թունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Լևոն Երանսոյանին` ՀՀ ոստիկանության զորքերի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, բացի այդ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: 

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter