HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանին ներկայացրել են «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել ակադեմիական կլաստերների, հետազոտական և փորձարարական կենտրոնների, մշակութային և մարզական կառույցների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար նախատեսված բնակելի թաղամասի ճարտարապետության վերաբերյալ, անդրադարձել կոմունալ ենթակառուցվածքների, ճանապարհային և տրանսպորտային ցանցի հետ կապված լուծումներին: Թոբիաս Քեյլը նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն համալսարանական կլաստերը չէ, այլ քաղաք բոլորի համար և հույս հայտնել, որ հայեցակարգային մաստեր պլանն ի ցույց է դնում, որ այդ նպատակն իրագործված է:

Հաջորդիվ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը ներկայացրել է գալիք մեկ տարվա ընթացքում նախագծման տեխնիկական փուլի հետ կապված աշխատանքների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ մեկնարկելու են սխեմատիկ պլանի մշակման աշխատանքները, իրականացվելու է հայեցակարգային մաստեր պլանի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը, իրականացվելու են նաև սոցիալ-տնտեսական ուսումնասիրության, ճանապարհների ուրվագծման, տրանսպորտային ցանցի և կոմունալ ենթակառուցվածքների, երկրաբանական հետազոտության, բուհերի խոշորացման, միավորման գործընթացի հետ կապված աշխատանքներ:

Վերոնշյալ անելիքների շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ժամանակացույցի առանձին կետերի փոխկապակցվածության և աշխատանքների պատշաճ իրականացման հետ կապված հարցերին:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել հաջորդ տարի «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու և տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը: Ըստ վարչապետի, այն հնարավորություն կտա հրավիրել պոտենցիալ ներդրողների, կազմակերպությունների և քննարկել հնարավոր բոլոր հարցերն ու լուծումները: Թոբիաս Քեյլն իր հերթին առաջարկել է հանրայնացնել «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արդյունքները, և դրանց շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել:

Վարչապետը նաև կարևորել է կառավարության կողմից արդեն իսկ որոշակի աշխատանքների մեկնարկը, օրինակ՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցումը՝ որպես կարևոր ազդակ համալսարանների համար»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter