
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կկայանա հուլիսի 30-ին
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Իրանի մեջլիսի (խորհրդարան) շենքում: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության խոսնակ Հոջաթոլեսլամ Ալիրեզա Սալիմին։
«Ըստ ծրագրի՝ 9-րդ նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մորդադի 9-ին (համապատասխանում է հուլիսի 30-ին)», - Mehr գործակալության փոխանցմամբ հայտարարել է Սալիմին։ Նրա խոսքով՝ երդմնակալությունից առաջ դեռ պետք է կայանա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից ընտրված նախագահի հաստատման մասին հրամանագրի ստորագրման արարողությունը:
Ինչպես նշել է Մեջլիսի նախագահության խոսնակը, ըստ օրենքի, երդմնակալության արարողությունն անցկացվում է Իրանի խորհրդարանի շենքում՝ Գերագույն դատարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի, Սահմանադրության պահապանների խորհրդի անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու զինվորականների ներկայությամբ, որի ժամանակ ընտրված նախագահը երդում է տալիս արժանապատվորեն կատարելու իր պարտականությունները։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում տեղի էր ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակվել էր նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո: Ընտրությունների արդյունքում հաղթել էր ռեֆորմիստների թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը՝ հավաքելով ձայների ընդհանուր թվի 53,6 տոկոսը: Պահպանողական Սաիդ Ջալիլին ստացել էր 44,3%:
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել