HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության համագործակցությունը զարգացնելու համար 5 մլն դոլար կտրամադրվի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։ Տեղեկությունը հաղորդում է Բարձր տեխնոլոգաիան արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սամանթա Փաուերը նշել է, որ ՀՀ կառավարությունը նվիրումով է մոտենում թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը՝ ցանկանալով իրականություն դարձնել դրանց հետ կապված իրենց տեսլականը։

ՄԶԳ տնօրենն ընդգծել է, որ Amazon Web Service-ը Հայաստանին կօգնի արագորեն զարգացնել և թվայնացնել իր համակարգերը՝ տրամադրելով վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների, կիբեռանվտանգության ոլորտներում՝ օգնելով Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը։ Այդ նախաձեռնությունը միջազգային գործարար համայնքի կողմից կարող է ավելի շատ հետաքրքրություն բերել դեպի Հայաստան, որը կստեղծի նաև նոր աշխատատեղեր, կօգնի ընտանիքներին, որպեսզի ավելի մեծ գումարներ սկսեն վաստակել։

Փաուերի խոսքով՝ այս ամենն արվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ օգնելու Հայաստանին կառուցելու արդյունավետ և երկարատև ժողովրդավարություն, որը կծառայի հայ ժողովրդին։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից  շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը և Ամերիկայի ժողովրդին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: 

«Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն արագ փոխում են մեր ապրելակերպը, թվայնացումը դարձել է շարժիչ ուժ տնտեսությունն ու նորարարությունը խթանելու և կայուն զարգացում ապահովելու գործում», - ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով,  որ թվային վերափոխման  ճանապարհին Հայաստանը խորապես կարևորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներդրումը հատկապես ծառայությունների օպտիմալացման, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ:

«Ծառայությունների օպտիմալացման ու քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով մենք սկսել ենք կիրառել տարբեր արդի մեթոդաբանություններ և վերջինիս գործիքակազմերով ներկայումս բարելավում ենք «ապրանքների ներմուծման» և «բիզնեսի գրանցման ու իրավունքների պաշտպանության» և այլ ընթացակարգեր: Արդյունքում  կունենանք ամբողջությամբ թվայնացված ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում:

Մեր համատեղ աշխատանքի նշանակալի ձեռքբերումը եղել է ծառայությունների մատուցման հարթակի բջջային տարբերակի նախատիպի մշակումը: Այս նորարարությունն ավելի է մոտեցնելու ծառայությունները մեր քաղաքացիներին՝ ապահովելով կենսական ծառայություններից ցանկացած ժամանակ ցանկացած վայրում օգտվելու հնարավորություն»: 

Իր խոսքում Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ամպային առաջինը» քաղաքականությանը, որով ամպային առաջադեմ ենթակառուցվածքների զարգացման համար իրավական հիմք է դրվել։ Նախարարը վստահաբար նշել է, որ այս հարցում ևս Հայաստանը կհամագործակցի ամերիկյան գործընկերների հետ՝ ապահովելու պետական և մասնավոր հատվածում կարողությունների զարգացումը՝ ամպային տեխնոլոգիաներին անցնելու նպատակով:

Եզրափակելով խոսքը Մխիթար Հայրապետյանն ընդգծել է Միացյալ Նահանգների հետ գործընկերության կարևորությունը Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման գործում՝ ի շահ ավելի դիմակայուն և տեխնոլոգիապես զարգացած Հայաստանի»,- ասված է հաղորդագրությունում:

Լուսանկարում՝ Սամանթա Փաուերը և Մխիթար Հայրապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter