
Զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ, 2-ի վիճակը ծանր է
Հուլիսի 11-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։
Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։
Ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի»,- ասված է գրառման մեջ։
Մեկնաբանել