HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան հիասթափված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունից

Մոսկվան հիասթափված է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունից: Այդ մասին ռուսական պետական РИА Новости գործակալությանը հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Նրա խոսքով՝ Հայաստանը «Ռուսաստանի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցման փոխարեն այլ ճանապարհ է ընտրել»։

«Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ Դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, սպառազինությունների գնման կամ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման մասով»,- նշել է նա։

Գալուզինը կարծում է, թե, իբր, Երևանը խորացնում է համագործակցությունն այն երկրների հետ, որոնք ցանկանում են «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը։ Նա պնդում է, թե «այս գործողություններով Երևանը կարող է լրջորեն ապակայունացնել Հարավային Կովկասում առկա իրավիճակը»։

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում Մոսկվայի հետ բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից է:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ քննադատում են ՀԱՊԿ-ին պարտականությունների թերացման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Այդուհանդերձ, մի քանի օր առաջ ՀՀ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը չբացառեց այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս կազմակերպությունից։ Նա այդ քայլը «տրամաբանական էր» անվանել։

«Մեղավորը նրանք են ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»,- խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեն գալիս այդ դաշինքից, Փաշինյանը հակադարձել էր. «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում... մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Լուսանկարը՝ РИА Новости / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter