
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը. Խավիեր Կոլոմինա
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և հարատև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Good to meet with FM @Bayramov_Jeyhun in Washington on the margins of #NATOSummit. Discussed bilateral NATO-Azerbaijan cooperation & current status of peace negotiations. #NATO strongly supports the normalisation of relations between 🇦🇲-🇦🇿 & a long lasting peace agreement pic.twitter.com/LXNIpUo6yo
— Javier Colomina (@JavierColominaP) July 10, 2024
«Ուրախ էի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցության և խաղաղության բանակցությունների ներկա կարգավիճակը»,- գրել է իսպանացի պաշտոնյան։
Այս օրերին Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետությունը ևս հրավիրված է գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին կայացել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
Լուսանկարը՝ Խավիեր Կոլոմինայի Х-ի միկրոբլոգից
Մեկնաբանել