HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում կանցկացվի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 4-8-ը Սևանա լճում առաջին անգամ կանցկացնի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: 

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 6 մլն ՀՀ դրամ:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը համոզմունք է հայտնել՝ մրցաշարը մեծ հաջողություն կունենա. «Ուրախ ենք, որ Հայաստանի մարզական կյանքում ի հայտ է գալիս բոլորովին նոր ու գրավիչ երևույթ, ինչպիսին առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությունն է։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա, ինչի մասին կտեղեկացվեն տարբեր երկրների մարզիկ-առագաստանավորդները: Սա կնպաստի, որ առագաստանավային սպորտի նոր առաջնություններ անցկացվեն Սևանա լճում՝ մասնակիցների աշխարհագրության և առագաստանավերի դասերի շատ ավելի մեծ ընդգրկմամբ»։

Առաջնության գլխավոր մրցավարը կլինի իտալացի Լուկա Բաբինին, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։

«Winds of Armenia» նախագծի ղեկավար Արտաշես Դադայանի խոսքով՝ առագաստանավային ակումբը գործունեության մեկ տարվա ընթացքում համախմբել է ակտիվ սպորտի և ժամանցի թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրացի սիրահարներին:

«Սա ոչ միայն գեղեցիկ մարզաձև է, որում հանդիպում են երկու տարերքներ՝ օդը և ջուրը, այլև հանգստի այն քիչ տեսակներից է, որի ընթացքում համատեղվում են սպորտը և հաճելի ժամանցը։  Այժմ արդեն կատարում ենք «Winds of Armenia-ի զարգացման հաջորդ քայլը։ Աշխարհում կան ավելի քան 2 միլիոն պրոֆեսիոնալ առագաստանավորդներ և տասնյակ միլիոնավոր սիրողական մարզիկներ։ Առագաստանավային մրցավազքերն անցկացվում են ավելի քան 500 դասի առագաստանավերով, և այդ մրցավազքերից  շատերը կարող են կազմակերպվել Սևանա լճում՝ շնորհիվ վերջինիս բնության»,- ասել է Արտաշես Դադայանն ու տեղեկացրել՝ առաջնությունն անցկացվելու է միջազգային դասի ճանաչում ունեցող J/70 դասի առագաստանավերով։

Նրա խոսքով՝ «Winds of Armenia» նախագիծը հետապնդում է Հայաստանի բնակչության շրջանում մարզական և զբոսաշրջային նոր ենթամշակույթի ձևավորման, երկրի երիտասարդության մարզական դաստիարակության, Սևանի էկոլոգիական խնդիրների լուծմանը նպաստելու և մարզական ու զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակներ։

Նախագծի շրջանակում իրականացվում են առագաստանավ վարելու տարբեր դասընթացներ, տրվում են վարման միջազգային կարգի վկայագրեր, անցկացվում են մրցաշարեր, զբոսաշրջային լողերթեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter