HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պաշտոնական Թբիլիսին կարծում է, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի որոշումները չեն համապատասխանում իր ակնկալիքներին

«Արժանի գործընկեր 2024» զորավարժությունների անցկացումն անորոշ ժամկետով հետաձգելու՝ Միացյալ Նահանգների որոշումը և Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրո հատկացումը սառեցնելու՝ Եվրամիության մտադրությունը չեն համապատասխանում արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների վերագործարկման Թբիլիսիի սպասումներին։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

«Այդ որոշումը (պաշտպանության ոլորտում պատժամիջոցների մասին-խմբ.) ափսոսանք է առաջացնում, ինչպես բազմիցս նշել եմ։ Այն ափսոսանք է առաջացնում, քանի որ չի համապատասխանում հարաբերությունների վերագործարկման հետ կապված մեր սպասելիքներին»,- ասել է Կոբախիձեն։

Նա ընդգծել է, որ վերջին 4 տարիների քաղաքական իրադարձությունների ֆոնին «այդ հարաբերություններն իսկապես վերագործարկման կարիք ունեն»: «Վրացական կողմը, մեր իշխանությունը, պետությունը լիովին պատրաստ են դրան»,- հավելել է Վրաստանի վարչապետը:

Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նման պատժամիջոցների սահմանումն անարդյունավետ միջոց է հարաբերությունների վերագործարկման տեսանկյունից, սակայն նա հույս ունի, որ հետագայում կձեռնարկվեն «պրագմատիկ, ռացիոնալ, ճիշտ և արդար քայլեր», որոնք կնպաստեն երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրո հատկացնելու որոշման սառեցման մասին: Նրա խոսքով՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը նույնպես կասեցված է։ Պատճառը «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունումն էր, որը, Արևմուտքի կարծիքով, հակասում է Վրաստանի իշխանությունների հռչակած արևմտյան կողմնորոշմանը։

Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերն իր հերթին ասել էր, որ Գերմանիայի իշխանությունները, հետևելով ԱՄՆ-ին և Եվրամիությանը, նույնպես ձեռնամուխ են եղել Վրաստանի հետ հարաբերությունների վերանայմանը։ 

«Ես կխոսեմ Գերմանիայի անունից և կասեմ, որ մենք նույնպես վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Մենք շատ վաղեմի և սերտ կապեր ունենք Վրաստանի հետ։ Որոշում ենք կայացրել այլևս նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի նկատմամբ»,- հայտարարել էր Ֆիշերը։ 

Լուսանկարը՝ AA / Muhammed Selim Korkutata

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter