HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Խոսքը Սարգիս Գալստյանի մասին է, որը Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի, որը նրա եղբորորդին է, նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի էր նշանակել։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների, արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ․ Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները, և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Սարգիս Գալստյանը համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։ 

Այնուհետև, Սարգիս Գալստյանը օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ․ սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ, այդպիսով կատարելով լրտեսություն: 

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Սարգիս Գալստյանը, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին: 

Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթից Սարգիս Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter