HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներառականության սկզբունքը` առաջնահերթություն

Կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման` «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում ու սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագրի» վերաբերյալ:

Համաձայն հրամանի` հաստատվել է  համապատասխան գործողությունների ծրագիր, որի նպատակն է երեխաների կրթական և սոցիալական կարիքների գնահատման միջոցով առաջիկա տարիներին հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանության առավել նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ, ինչպես նաև հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին ապահովել սոցիալական պաշտպանության երաշխիքներով:

«Ստորագրված փաստաթուղթը մի յուրօրինակ ճանապարհային քարտեզ է մոտակա տարիներին նախատեսվող միջոցառումների համար, որը ենթադրում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, վերջիններիս` սոցիալիզացման բարձր աստիճանի ապահովում, հասարակությանն ինտեգրվելու և նրա լիարժեք անդամը դառնալու  անարգել իրականացում, ինչպես նաև պետության` առավել նպատակային աջակցություն և օգնություն:

Գործողությունների ծրագրի կարևորագույն կետերից է նաև զատել սոցիալական կարիքներից դրդված երեխաների ընդգրկումն այն ուսումնական հաստատություններում, որոնք նախատեսված են բացառապես հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար: Վերջին տարիներին  իրականացվող կրթական բարեփոխումների շնորհիվ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների թիվը նվազել է` շնորհիվ ներառականության սկզբունքի կիրառման. այսօր հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող շուրջ 95 դպրոց, որոնց թիվն ամեն տարի ավելանում է շուրջ 15-ով»,- ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Արմեն Աշոտյանը եւ հավելել, որ նշված գործընթացում նախարարության կարևորագույն գործընկերներից են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև խնդրով մտահոգ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք սոցիալական գործընկերության շրջանակում, համագործակցում են նախարարության հետ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշել է, որ երեխաների պաշտպանության խնդիրը ՀՀ կառավարության գործողություների ծրագրում գերակա խնդիր է, որի համատեքստում, ըստ նախարարի, երեխաների կարիքների գնահատման հիման վրա պետք է ավելի նպատակային և հասցեական քաղաքականություն իրականացվի, և ստորագրված փաստաթղթով գործունեության նոր էջ է բացվում:

Համատեղ հրամանով հաստատվել է գործողությունների ծրագիր, համաձայն որի` 2012-2013 թթ. նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես.

•    Կլրամշակվի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը», որով կսահմանվի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր տիպ կունենա ընդունելության իր չափանիշները:

•    Մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառաջարկվի վերակազմակերպել որպես հատուկ դպրոց-կենտրոններ և այլընտրանքային ծառայություններ իրականացնող հաստատություններ: Հատուկ դպրոց-կենտրոնները կկազմակերպեն նախադպրոցական կրթություն  և կհանդիսանան մեթոդաբանական և ծրագրերի մշակման ռեսուրս կենտրոններ ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար:

•    Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին կճանաչվի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

•    Կիրականացվեն հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ:

•    Կփոխվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափաքանակները և կմշակվեն մեխանիզմներ կարիքների ամրագրման համար:

•    Համաշխարհային առողջապահական կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա կմշակվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման չափորոշիչներ:

•    Հաստատությունների մասնագետների վերապատրաստում:

•    Հատուկ ուսումնական հաստատությունների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter