HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փորձագետը, առանց տունը տեսնելու, եզրակացություն է տվել տան արժեքի վերաբերյալ

Կարեն Ասոյանն ու կինը 2012թ. որոշել են Երևան քաղաքում գտնվող իրենց հին տունը քանդել և նույն տեղում նոր՝ երկհարկանի առանձնատուն կառուցել: Այդ ընթացքում ապրել են Մոսկվայում և ծանոթներից մեկը խորհրդով դիմել են մի շինարարի, որպեսզի նա զբաղվի տան կառուցման աշխատանքներով: Սակայն, ինչպես Ա. Ասոյանն է ասում՝ իրենց խաբել են ու աշխատանքները թերի են կատարել՝ ստանալով ամբողջ գումարը: Հարուցվել է քրեական վարույթ, նշանակվել է փորձաքննություն: Փորձագետը, պատուհանից նայելով, տան ներսում կատարված ծախսերի վերաբերյալ եզրակացություն է տվել, ինչն էլ հիմք է հանդիսացել շինարար Ա. Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: Սակայն, Ասոյաններն այդ եզրակացության մասին այդպես էլ չէին իմանա, եթե շինարարն իրենց դեմ հայց չներկայացներ՝ 70,000 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով:

Կարեն Ասոյանը «Հետք»-ին պատմեց, որ 11 տարի իրենց տունը միջազգային կազմակերպություններին վարձով տալուց հետո՝ որոշել են այն քանդել և տնտեսած գումարներով նոր տուն կառուցել: Ասոյանը նշեց, որ ամբողջությամբ վստահել է շինարար Ա. Գասպարյանին և որևէ կասկած չի ունեցել, որ հնարավոր է իրեն խաբի, աշխատանքները թերի կատարի, քանի որ Գասպարյանն իրեն շինարարական ընկերության փաստաթղթեր է ցույց տվել՝ ասելով, որ աշխատանքներն այդ ընկերության միջոցով է իրականացնելու:

Կ. Ասոյանը տարվա ընթացքում մի քանի անգամ Հայաստան է եկել և տեսել է, որ տան  շինաշխատանքները շարունակվում են: Ամեն կատարված աշխատանքից հետո Ա. Գասպարյանը ծախսերի ցուցակ է ուղարկել, Ասոյանը վճարել է: Գասպարյանը հերթական անգամ գումար է պահանջել Կարեն Ասոյանից՝ ասելով, որ էլեկտրաէներգիայի և ջրի խողովակների մոտնաժ է արվել: Ասոյանը դրա դիմաց ևս վճարել է: Հայաստան հերթական այցի ժամանակ, Կ. Ասոյանը խնդրել է շինարարին, որ իր ձեռքով գրի բոլոր այն աշխատանքները, որ կատարվել են և դրանց դիմաց վճարված գումարների չափը: Վերջինս գրել է, որից հետո Ասոյանի հետ գնացել են շինաշխատանքները տեսնելու: Շրջայցի ժամանակ պատահմամբ Ասոյանի ոտքը դիպել է բաղնիքի ջրի խողովակներից մեկին, և այն պատի մեջից դուրս է եկել: Ասոյանի խոսքերով՝ պարզվել է, որ իրականում ջրագիծ անցկացված չի եղել, այլ խողովակները հենց այնպես մտցրել են պատի մեջ՝ տպավորություն ստեղծելով, թե ջրագիծ է:

Մինչդեռ տան կառուցման համար, Կ․ Ասոյանի փոխանցմամբ, մաս-մաս Ա. Գասպարյանին վճարել են մոտ 476.000 ԱՄՆ դոլար: Գոյություն չունեցող ջրագիծը բացահայտելուց հետո Ասոյանները պարզել են, որ ավտոտնակից անհետացել են նաև թանկարժեք շինարարական ապրանքներ: Սկսվել է իրավական քաշքշուկը, որն արդեն 9 տարի չի ավարտվում:

Կարեն Ասոյանի կինը 2015թ. մայիսին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն այն մասին, որ Ա. Գասպարյանն իրեն տրամադրված գումարն ամբողջությամբ չի օգտագործել բնակարանի կառուցման համար և խարդախությամբ տիրացել է վերցված գումարից 130,000 ԱՄՆ դոլարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Ընթացքում Ա. Գասպարյանը վերադարձրել է 70,000 ԱՄՆ դոլար, և Ասոյանները որոշել են հրաժարվել բողոքից: Ա. Գասպարյանը մտացածին տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել,  թե, օրինակ՝ անհետացած շինարարական ապրանքները պատահմամբ թափվել է աղբի հետ և այլն: Քրեական վարույթը կարճվել է:

Սակայն, ընթացքում Կ. Ասոյանին զանգահարել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը և հայտնել, որ շինարարի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվում՝ մոտ 130 մլն դրամ հարկ չվճարելու և պետությանը վնաս պատճառելու հատկանիշներով: Քննիչի 2016թ. փետրվարի 25-ի որոշմամբ, Ասոյանների տան հետ կապված, նշանակվել է «դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական» համալիր փորձաքննություն:

Փորձաքննությունը հանձնարարվել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: 2017թ. հուլիսին փորձագետ Հ. Մկրտչյանը տվել է միայն «շինարարատեխնիկական» անվանումով փորձաքննության եզրակացություն, նշելով, որ ունի շինարարատեխնիկական փորձաքննություններ կատարելու վկայական: Սակայն, ըստ Կ. Ասոյանի՝ փորձագետը, դուրս գալով իրեն վերապահված լիազորություններից, եզրակացության հիմնական դրույթներում, առանց որևէ հիմնավորման, ներկայացնում է կատարված ծախսերը, անհիմն ուռճացնելով իրականացված աշխատանքները, որոնց մեծ մասի հետ շինարար Ա. Գասպարյանը կապ չունի: Փորձագետը Ա. Գասպարյանին է վերագրել աշխատանքներ, որոնք փաստացի կատարվել են այլ մասնագետների կողմից, որոնց հետ Կարեն Ասոյանը պայմանագրեր է ունեցել:

Օրինակ, եզրակացության մեջ նշված է, որ նորակառույց տան դռների 50%-ի գումարը վճարել է շինարարը՝ մոտ 14 մլն 281 հազ. դրամ: Պարզ հաշվարկով ստացվում է, որ 1 ներքին դռան արժեքն ավելի քան 1,5 մլն դրամ է եղել: Սակայն քրեական գործի շրջանակներում «WOODLAND» արտադրական ընկերության տնօրենը գրավոր և բանավոր ցուցմունքներ է տվել քննիչին այն մասին, որ տան բոլոր ներքին դռները պատրաստվել և տեղադրվել են իրենց ընկերության կողմից՝ ներկայացնելով Ասոյանների կատարած վճարումների փաստաթղթերը՝ մեկ դռան իրական արժեքը 250 000 – 320 000 դրամ: Այսինքն՝ փաստացի հերքել է նաև փորձագետի այն պնդումը, որ դռների գումարի 50%-ը վճարել է շինարարը՝ մեկ դռան արժեքը հաշվարկելով 1,9 մլն դրամ:

Կարեն Ասոյան նշում է, որ փորձագետը,  նպատակ ունենալով ուռճացնել իր իրավասությունից դուրս փորձաքննության «դատաապրանքագիտական մասը», եզրակացության մեջ նկարագրել է  հատվածներ, որոնք գոյություն չունեն, նույնիսկ նախագծում չեն եղել, օրինակ՝ ննջասենյակներում՝ հանդերձարան-սենյակներ, սանհագույցներում՝ բիդեներ, բակում՝ լողավազան և այլն: Բացի այդ, փորձագետը նույնականացրել է շինաշխատանքների արժեքն ու կատարված ծախսերը:

Պարզվել է, որ փորձագետը եզրակացությունը կազմել է պատուհաններից ներս նայելով՝ առանց շինության ներսը տեսնելու, իսկ եզրակացության մեջ հաշվարկները կատարել է մոնոլիտ բետոնե շինության հաշվարկով, այնինչ Ասոյանների տունը շարված է քարով: Փորձագետը նշել է նաև, թե իբր Կարեն Ասոյանի կինը՝ Ազնիվ Ասոյանը, մասնակցել է փորձաքննությանը, այնինչ վերջինս ներկա չի եղել:

Փորձագետին առաջադրված հարցերի մեջ որևէ տեղ նշում չկա շինարարի մասին, մինչդեռ փորձագետը, հստակ նշելով շինարարի անունը, նրան է վերագրել փաստացի իրականացված շինարարական աշխատանքների համար ծախսված գումարի չափը՝ մոտ 235 մլն դրամ:

Կարեն Ասոյանը նշում է, որ փորձագետը ստորագրել է մի եզրակացության տակ, որն իր իրավասությունից դուրս է: Առանց որևէ հիմնավորման՝ շինարարին վերագրել է փաստացի չարված ծախսեր։ Դրա արդյունքում պարզվել է, որ փաստացի շենքի վրա կատարվել է ավելի շատ ծախս, քան Ասոյանները փոխանցել են շինարարին:

Սրանով հանդերձ նախարարության քննիչը չի պահանջել կրկնակի փորձաքննություն: Ավելին, Ասոյանի պնդմամբ՝ քննիչն աղավաղել է եզրակացության անվանումը՝ նշելով, որպես  «դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական»՝  «շինարարատեխնիկականի» փոխարեն։ Հիմնվելով այդ եզրակացության վրա՝ կարճել է քրեական գործը՝ Գասպարյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ՝ փաստացի ազատվելով նաև պետական բյուջե 130 մլն դրամ վճարելու պարտականությունից:

Կ. Ասոյանը հիշում է, որ այդ ժամանակ իրեն դատավոր է զանգահարել՝ ներկայանալով, որպես շինարարի ընկեր ու քավոր և խնդրել է բողոքը հետ վերցնել: Ասոյանը զանգահարողի անունը չի հիշում, սակայն մտածում է, որ հենց նրա օգնությամբ է այս կեղծիքը գլուխ բերվել:

Ավելին, փորձագետի եզրակացությունը ոչ միայն «փրկել» է շինարարին, այլև օգտագործվել է Ասոյանների դեմ:

2018թ. հունիսին դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան՝ շինարար Ա. Գասպարյանը հայտնել է, որ 2012թ. հունիս ամսից մինչև 2014թ. նոյեմբեր Կարեն Ասոյանի ու կնոջ՝ Ազնիվ Ասոյանի պատվերով, կատարվել են տան շինարարական աշխատանքներ։ Աշխատանքների կատարման համար համաձայնությունը կայացվել է բանավոր, որի արդյունքում հստակ չեն որոշվել նաև աշխատանքների կատարման գինը և այլ պայմաններ։ Ա․ Գասպարյանն ընդունել է, որ երկկողմանի հաշվարկների հիման վրա Ասոյաններին վերադարձրել է 70,000 ԱՄՆ դոլար։

Նա դատարանից խնդրել է հօգուտ իրեն Ասոյաններից բռնագանձել 4 մլն դրամ գումար: Սակայն հետագայում հայցագնի չափը մեծացրել է:

Գասպարյանը, հղում անելով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2017թ. որոշմանը, նշել է, որ իրեն փոխանցվել է 350,000 ԱՄՆ դոլարին համարժեք 143 մլն 500 հազ. դրամ, մինչդեռ փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ աշխատանքների իրական արժեքը կազմել է մոտ 235 մլն դրամ։ Ա. Գասպարյանի հաշվարկով՝ հայցի ներկայացման օրվա դրությամբ Ասոյաններն իրեն չեն վճարել մոտ 91 մլն դրամ և 70,000 ԱՄՆ դոլար, որը թերի կատարած աշխատանքների համար վերադարձրած գումարն է։ Հետևաբար պահանջել է 4 մլն դրամ և 70,000 ԱՄՆ դոլար:

Ասոյանների փաստաբանը դատարանում առարկել է հայցադիմումի դեմ: Դատարանում պնդել է, որ Ազնիվ Ասոյանի և Գասպարյանի միջև կնքվել է բնակելի տան շինարարության կատարման վերաբերյալ գրավոր պայմանագիր՝ 170,000 ԱՄՆ դոլար գնով: Իսկ փաստացի ավելի շատ է շինարարին փոխանցվել, քան պայմանագրի գինն է, հետևաբար սուտ է այն պնդումը, թե համաձայնությունը ձեռք է բերվել միայն բանավոր կարգով:

Փաստաբանը քրեական գործի քննության ընթացքում ներկայացրել է  Ա. Գասպարյանի ցուցմունքն այն մասին, որ  իր ընկերությունը կատարվող շինարարության հետ որևէ առնչություն չի ունեցել, ինքը որպես ֆիզիկական անձ ուղղակի Կարեն Ասոյանի խնդրանքով հսկել է աշխատանքները և մասնագետներ է գտել աշխատանքների կատարման համար: Իր աշխատանքի համար ստացել է վարձատրություն՝ ամսական մոտ 800.000 դրամի սահմաններում, կախված նրանից, թե ինչ չափով են աշխատանքներ կատարվել: Ըստ Գասպարյանի ցուցմունքի՝ Կարեն Ասոյանը սկզբում առաջարկել է, որ պայմանագիր կնքվի իր ընկերության անունից, սակայն քանի որ ընկերությունը նախագծային է, և ինքը չէր կարող նման պայմանագիր կնքել, հրաժարվել է: Հետևաբար, ըստ Գասպարյանի ցուցմունքի,  ինքը եղել է վարձու աշխատող ու չէր կարող նման պահանջ ներկայացնել դատարան: Միջնորդել է կիրառել նաև հայցային վաղեմություն, քանի որ շինարարը բաց է թողել դատարան դիմելու ժամկետները, ինչը դատարանը մերժել է՝ հիմք ընդունելով Գասպարյանի այն պնդումը, թե միայն փորձագետի եզրակացությունից հետո է իմացել իր իրավունքների խախտման մասին:

Դատավոր Սիմիզար Հովսեփյանը, թոշակի անցնելուց 4 օր առաջ, Ասոյանների դեմ վճիռ է կայացրել՝ նրանց վերագրելով 70.000 ԱՄՆ դոլար անհիմն հարստացմամբ գումարը ստանալու փաստը, ինչն էլ հիմք է հանդիսացել Ա. Գասպարյանի հայցը բավարարելու համար: Դատարանը որոշել է Ասոյաններից բռնագանձել նաև մոտ 730 հազ. դրամ պետական տուրքի գումար և 300 հազ. դրամ՝ փաստաբանի ծախս: Դատավոր Հովսեփյանը վճռում չի անդրադարձել 4 մլն դրամ բռնագանձելու պահանջին:

Ասոյաններն այս վճիռը բողոքարկել են Վերաքննիչ քաղաքացիական դատարան, իսկ Ա. Գասպարյանը 4 մլն դրամի վերաբերյալ բողոք չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և Ա. Գասպարյանի հայցը մերժել է: Վերադաս դատարանի պատճառաբանությունն այն է, որ նախքան այդ եզրակացության ստացումը, Գասպարյանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր՝ պարզելու, թե արդյոք իր կատարած աշխատանքները եղել են անորակ, և արդյոք ինքը ունեցել է 70.000 ԱՄՆ վերադարձնելու պարտականություն։ Մինչդեռ 70.000 ԱՄՆ դոլարը հայցվորին վերադարձվել է 2015 թվականի մայիս ամսին, և այդ փաստը չի վիճարկվել, մինչդեռ հայցադիմումը դատարան է ներկայացրել 2018թ. մայիսի 28-ին՝ բաց թողնելով հայցային վաղեմության 3 տարի ժամկետը:

Ա. Գասպարյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վերաբերյալ դեռ դատական ակտ հրապարակված չէ:

Նշենք, որ Ազնիվ Ասոյանը 2021թ. օգոստոսին հաղորդում է ներկայացրել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի՝ կեղծ տվյալներով եզրակացություն կազմելու մասին։ Հենց այդ եզրակացությունն էր հիմք հանդիսացել քրեական վարույթը կարճելու և պետությանը պատճառված վնասը չվերականգնելու համար:

Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ, որի քննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում: 2021թ. դեկտեմբերի 1-ին նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրե» ՊՈԱԿ-ի փորձագետներին, եզրակացությունը դեռ չի ստացվել:

Դատախազությունից հայտնում են նաև, որ քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել:

Կարեն Ասոյանը բազմիցս գրություններ, բողոքներ է ուղարկել Դատախազություն: Նշել է, որ դեռևս 2022թ․-ի օգոստոսին Բյուրոյի փորձագետները այցելել են տարածք և իրականացրել են իրենց աշխատանքը, սակայն մինչ օրս եզրակացություն չտրամադրելը, ոչ այլ ինչ է, քան անգործությամբ աջակցում կեղծ տվյալներով եզրակացություն տրամադրած փորձագետին և շինարարին, որն ազատվել է պետական բյուջե գումարներ վճարելու պարտականությունից: Կ. Ասոյանը խնդրել է ստուգել փաստերը և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:

Մինչդեռ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից 2024թ. հունվարին բողոքը քննության առնելու մասին որոշում են ուղարկել Կ. Ասոյանին, որը քննիչի սխալների «սրբագրում» է: Մասնավորապես, քննիչը Ասոյանին պատասխանել էր, թե ձեռք բերված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում «ՀՀ ԳԱ Ազգային փորձաքննությունների բյուրո ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից կեղծ եզրակացություն կազմելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»: Կ. Ասոյանը խոսում է այդ ՊՈԱԿ-ի փորձագետների անգործության և եզրակացություն չտրամադրելու մասին, մինչդեռ քննիչը նշել է, թե կեղծ եզրակացություն  կազմելու վերաբերյալ տեղեկություններ չկան: Դատախազը նշել է, թե սա հակասության մեջ չի մտնում Ասոյանի հաղորդման բովանդակության հետ: Կ. Ասոյանը քննիչի այլ բացթողումների մասին ևս նշել է, սակայն դատախազն անհիմն է համարել և բողոքը մերժել է:

Թե ի վերջո, երբ այս գործը կհանգուցալուծվի՝ պարզ չէ: Ասոյանը իրավապահ մարմինների կողմից գործի քննությունը հնարավորինս շուտ ավարտելու մասով որևէ ջանասիրություն չի նկատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter