Նախագահի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքներն ամփոփել է Արմավիրի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությամբ: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին մարզում իրականացված դպրոցաշինության և մանկապարտեզաշինության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի վերաբերյալ ամփոփ տվյալներ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում խմելու և ոռոգման ջրի, ճանապարհաշինության և պետական սուբսիդավորման միջոցով իրականացվող այլ ծրագրերի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզի ինչպես հրատապ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով լուծում պահանջող հիմնախնդիրների չեզոքացման ուղղությամբ երկրի բարձրագույն և համայնքային իշխանությունների ձեռնարկներին:
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է հայտնել վերջին շրջանում երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև մարզում տիրող սոցիալ-տնտեսական, իրավական և ընդհանուր մթնոլորտից:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել են մարզային և համայնքային խնդիրների քարտեզագրման և վերհանման գործում քաղաքացիների մասնակցայնության բարձրացման խթանմանն ուղղված ջանքերը:
Մեկնաբանել