HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ում 2025 թվականի անդամավճարը կհաշվարկվի և կհաշվեգրվի Հայաստանին. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ում 2025 թվականի անդամավճարը կհաշվարկվի և կհաշվեգրվի Հայաստանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նրա խոսքով, որը մեջբերում է РИА Новости-ն, թե արդյոք Երևանը կվճարի անդամավճարը, «դա արդեն այդ երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։ 

«Քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը, համապատասխանաբար հաշվարկվելու են բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10%-ը կհաշվեգրվի Հայաստանին»,- հայտարարել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ բյուջեն բաշխված է անդամ բոլոր երկրների միջև. դրա կեսը վճարում է Ռուսաստանը, մնացած 50%-ը հավասարապես բաշխված է մյուս 5 մասնակիցների միջև:  Մասնավորապես, 2024 թվականի համար Հայաստանի անդամավճարը գնահատվել է 53,22 միլիոն ռուբլի, սակայն Երևանը հրաժարվել է վճարել այդ գումարը։  

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ քննադատում են ՀԱՊԿ-ին պարտականությունների թերացման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Այդուհանդերձ, մի քանի օր առաջ ՀՀ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը չբացառեց այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս կազմակերպությունից։ Նա այդ քայլը «տրամաբանական էր» անվանել։

«Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»,- խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դուրս չեն գալիս այդ դաշինքից, Փաշինյանը հակադարձել էր. «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում... մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Լուսանկարը՝ Валерий Шарифулин/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter