HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, մարզպետարանի և պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում էր, որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով: Նախկին երեքի փոխարեն վերակառուցվող դպրոցն ութ մասնաշենք կունենա` հագեցած անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Դպրոցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից: Աշխատանքների զգալի մասն իրականացվել է, սակայն, ըստ շինարարների՝ ավարտի և շահագործման համար շուրջ 6 ամիս կպահանջվի:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառն Արտաշատի ավագ դպրոցում էր, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Շինարարների ուղեկցությամբ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, նրան ներկայացվել են խնդրահարույց մի քանի հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական քննարկումներ և լուծումներ: Պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, ըստ որի դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 450 սովորողի կրթությունը՝ ժամանակակից պահանջներին համահունչ:

Հաջորդիվ՝ Ժաննա Անդրեասյանն այցելել է Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ: Նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքային և գույքային պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ: Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքներում նախարարն ուշադրություն է հրավիրել ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքների իրականացմանը՝ շեշտելով, որ լաբորատորիաներն անպայման պետք է ապահովված լինեն հոսող ջրով:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Հովտաշատի միջնակարգ դպրոցում էր, որը ևս վերակառուցվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով և կունենա 6 մասնաշենք: Շինարարության հարցերով պատասխանատու ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում վերակառուցման աշխատանքներն իրականացվել են շատ բարձր տեմպերով: Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել հաջորդ տարի: Ավելի քան 650 սովորողի համար նախատեսված դպրոցն ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, կունենա ֆուտբոլի խաղադաշտ, գրադարան, լաբորատորիաներ և այլն:

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում վերանորոգվող դպրոցների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է մոտակա բնակավայրերի դպրոցներում աշակերտների տեղափոխությունն իրականացվում է պետության կողմից հատկացված բարձրակարգ ավտոբուսներով:

ԿԳՄՍ նախարարի աշխատանքային շրջայցն ավարտվել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվանի թիվ 139 ավագ դպրոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկի ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը, որոնք համապատասխան միջավայր են ստեղծելու որակյալ կրթության կազմակերպման համար։

Նշենք, որ վերոնշյալ բոլոր դպրոցների հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter