HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեդիում հանք շահագործելու դեմ պայքարողները կդիմեն միջազգային կառույցներին

Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հուլիսի 10-ին տեղի ունեցած հանրային լսումը դժոգությունների առիթ է դարձել։ Գինեվետի տարածքում հանք շահագործելու թեմայով կազմակերպված հանրային լսմանը բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել մասնակցել՝ քննարկման համար նախատեսված դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ։ Լսմանը կարողացել են հիմնականում մասնակցել մարդիկ, որոնք կողմ կամ չեզոք կարծիք են ունեցել հանքավայրի բացմանը։

Հուլիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արարատի մարզում գործող «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագյոզյանը հայտարարեց, որ հանրային լսմանը հանքի շահագործմանը դեմ փորձագետները չեն կարողացել մասնակցել և իրենց դիրքորոշումը ներկայացնել։ Ըստ բանախոսի՝ խախտվել են մի շարք կոնվենցիաների կետեր, որի համար իրենք դիմելու են միջազգային կառույցներին։ Բացի այդ, նրանք պահանջում են քրեական վարույթ նախաձեռնել և հանրային լսումը չեղարկել։

Ըստ հասարակական կազմակերպության նախագահի՝ Վեդիի համայնքապետարանը աջակցում է հանքարդյունահանողին, քանի որ հայտ ներկայացրած «Օրդ» ՍՊԸ-ն Վեդու քաղաքապետարանի հետ հուշագիր է կնքել, ըստ որի՝ գործարանի շահույթի 10 տոկոսը պետք է ուղղվի համայնքի բյուջե։ 

Ասուլիսի ժամանակ Մհեր Կարագյոզյանը տեղեկացրեց, որ ձևավորել են ակտիվիստների խումբ, որի մեջ կան ՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ, իրավաբաններ և փաստաբաններ։ «Թույլ չենք տալու, որ չորրորդ լսումը համարվի կայացած, կան փաստեր, տեսաձայնագրություններ, որ դրանք հակաժողովրդական գործողություններ էին»։

Ասուլուսին մասնակցող Այգեզարդ գյուղի բնակիչ Արփինե Խաչատրյանն էլ հայտարարեց, որ հանրային լսումից առաջ Շրջակա միջավայրի նախարարությունից և Արտաշատի համայնքապետարանից գրավոր տեղեկացել է, որ լսմանը կարող են մասնակցել նաև Այգեզարդի բնակիչները։ Այդուհանդերձ նա և այլ համագյուղացիներ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու լսմանը։ Ասուլիսին ներկա էր նաև Գինեվետ գյուղի բնակիչ Վարդուհի Բարսեղյանը, որը հայտարարեց, թե նույնիսկ հանրային լսման օրը գյուղացիներից շատերը տեղյակ չեն եղել, թե ինչ միջոցառում է անցկացվում, ինչն է իրարանցման պատճառը և ինչու են այդքան ոստիկաններ հավաքվել։ Ըստ Վարդուհի Բարսեղյանի՝ գյուղում կան մարդիկ, որոնք կողմ են հանքի շահագործմանը, վստահեցնում է՝ նրանք ավագանու անդամներն են, համայնքապետարանի աշխատակիցները, և մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն համայնքապետարանի հետ։

2021 թ-ին հիմնադրված «Օրդ» ՍՊԸ-ն Գինեվետ բնավայրի վարչական տարածքում գտնվող Կարմիր սարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։ Ընկերությունը ծրագրել է հանքը շահագործել բաց եղանակով։ Կարմիր սարի տարածքում մեկ այլ հանքարդյունահանողի ծրագրերի մասին գրել էինք նախորդիվ։

Նշենք, որ հուլիսի 10-ին տեղի ուենցած հանրային լսման ժամանակ Գինեվետի նախկին համայնքապետարանի շենքի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին բերվել, որոնք հսկում էին շենքի մուտքը։ Ոստիկանները, հավանաբար համայնքապետարանի ներկայացուցիչների ցուցումով, լսմանը մասնակցելու ցանկություն ունեցող մի խումբ գյուղացիների և ակտիվիստների թույլ չէին տվել մուտք գործեին շենք։ 

Արմեն Խեչումյան, Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Գլխավոր լուսանկարում՝ Մհեր Կարագյոզյանը և Արփինե Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter