Ճոճկանցիները քվեարկել են ու մնացել մենակ (վիդեո)
Ճոճկանեցի Վազգեն Աքելյանը և Անդրյուշա Հովակիմյանը կեսօրին այրող արևից պաշտպանվելու համար իրենց կովերն ու մոզիները քաշել էին Մեծ Այրումից Ճոճկան մտնող ճանապարհին հարող ընկուզենիների տակ: Անասունը որոճում էր, իրենք` նստած զրուցում: Ավտոմեքենայից իջա, բարևեցի տարեց մարդկանց և հարձուփորձ արի Ճոճկանի խոտհարքի, անասնակերի մասին:
«Երկու կով, 2 մոզի ունեմ, հազիվ 70 տուկ խոտ եմ հավաքել»,- ասաց Վազգեն Աքելյանը: Նկատելով, որ քաղաքից եմ, 80-ամյա Անդրյուշա Հովակիմյանը դժգոհեց. «Խաբեցին, թե մեզ ընտրեք, Ագարակի ջուրը գյուղ ենք բերելու»:
Հարցրի, թե ո՞վ է խաբել: Վազգեն Աքելյանը նկատեց. «Դու մեզանից լավ գիտես»: Իսկ Անդրյուշա Հովակիմյանը հավելեց. «Հանրապետականը, էլ ո՞վ: Էն մարդը՝ գյուղապետն ի՞նչ անի»:
Ստույգ խոստացողին զրուցակիցներս չէին ճանաչում: «Մի լավ էլ շնորհքով տղա էր, հագած, կապած էր: Շնորհքով էլ զրից արավ, ռակետներ էլ կրակեցին, մեզ ուրախացրին, մենք էլ հավատացինք, որ մարդիկ մեզ բան են խոստանում: Մենք ընտրեցինք, բայց ջուրը չկա: Խաբում են մեզ, ամեն տեղ էլ խաբում են»,- ասաց Վազգեն Աքելյանը:
«Ես 80 տարեկան մարդ եմ, սենց սրիկա կառավարություն տեհած չեմ»,- ավելացրեց Անդրյուշա Հովակիմյանը:
![]() |
![]() |
Արդեն Ճոճկանի գյուղամիջում Արտակ Սիրադեղյանն ասաց. «Խոտն ի՞նչ ա, որ չըլի: Ով հնձի` կա, ով էլ չհնձի `չկա: Խոտի վիճակը ծանր է, բայց դե էլի սիլոս են սարքում, գարի են հնձել: Էն չի, բայց դե ճարում ենք»: Արտակը նշեց, որ կով չունի, բայց ունի 15 ոչխար. «Իմ 15 ոչխարի հմա դեռ 15 տուկն ավել ա: Ծախիլ չտիմ, հարևանին լավություն տիմ անիլ»:
Գյուղապետարանում համայնքի ղեկավար Սամվել Գիգոլյանը «Հետքի» հետ զրույցում ներկայացրեց անասնակերի և ցորենի բերքահավաքի վիճակը:
«Գյուղը մոտ 400 գլուխ խոշոր եղջրավորներ ունի, որից 250 գլուխը՝ կով: Գյուղապետարանի անասունների հաշվառման գրքում գրանցված է 349 գլուխ ոչխար և 231 խոզ»,- ասաց գյուղապետը:
Սամվել Գիգոլյանի խոսքով՝ Ճոճկանն ընդհանրապես խոտհարք չունի. «Մեր արոտավայրերը գյուղը շրջափակող քարերն ու դոշերն են: Խոտհարքն ու արոտավայրերը հիմնականում եղել են Շամլուղին հարող տարածքում: Էն էլ արենդով տրված է Ռադիկ Եսայանին` Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Եսայանի եղբորը: Շամլուղի տարածքում 70 հեկտարին մոտ խոտհարք ունենք: Ճոճկանցիները դաշտից են հայթհայթում խոտը: Էս տարի էլ վիճակը շատ վատ է»:
Անդրադառնալով Ճոճկանի 250 հա վարելահողերում ցանված ցորենին՝ գյուղապետը նշեց. «Արտ կա՝ բոյը 20-30 սմ է: Կոմբայնավարները գիտե՞ք, թե ինչ օր են քաշում հնձելիս»:
Սամվել Գիգոլյանը, այնուամենայնիվ, գոհ է գյուղի այգների պտղի բերքատվությունից. «Բայց էդ էլ ա կրակ: Բերքը շատ է, իրացում չկա»: Ճոճկանը մոտ 80 հա երիտասարդ այգիներ ունի: «Գնանք, նայեք՝ դեղձի ծառերը բերքից կոտրատվում են: Շատ-շատ են բռնված»,- ասաց գյուղապետը: Վերջինիս խոսքերով՝ դաշտերում կոմբայններն անարգել հունձ են անում:
«Հետքը» որոշեց ցորենի բերքահավքին և խոտհնձին հետևել Ճոճկանի 5-րդ բրիգադ կոչվող հանդամասի դաշտերում: Այստեղ էլ իրենց արտերի կողքին շոգից նեղսրտած մի խումբ ճոճկանցիներ դժգոհեցին, որ առավոտյան 6-ից կանգնած են դաշտում, բայց չեն կարողանում իրենց արտերի ցորենը հնձել: «Տրակտորի պատճառով չենք կարողանում աշխատել: Խոտի վիճակն էլ ա վատ»,- ասաց հավաքվածներից մեկը: «Խոտի գործը լուրջ ա: Մի կով կերակրելու համար ձմռանը 120 տուկ է հարկավոր,- ավելացրեց կանգնածներից մյուսը,- հեկտարից 15 տուկ խոտ է լինում, էն էլ, եթե գերանդիով ես հնձում»:
«Երեք հեկտար դաշտ եմ հնձել, դեռ 100 տուկ խոտ չի եղել: Զադ չկա»,- ասաց Հայկ Հախվերդյանը: Ճոճկանցիները բացատրեցին, որ նման վիճակի պատճառը եղանակն է, քանի որ «գարունքն անձրևնի չեկավ, խոտն էլ չեղավ, արտն էլ չեղավ»:
![]() |
![]() |
Իսկ ինչո՞ւ չեն կարողանում բերքը դաշտից տուն հասցնել: Հարցիս ի պատասխան՝ Շալիկո Հախվերդյանը նշեց. «Լավ ղեկավարնուցն ա: Հնե այ, 2 կոմբայն կա, 2-ն էլ խարաբ, էս մինն էլ Սպիտակից եկել ա, սօրի կանգնած ա: Հետ այ, մի հեկտար տարածք են հնձել, խոտն էտ ա, հետ այ՝ հազիվ 15-20 հատ խոտ»: Մինչդեռ, ըստ հավաքվածների, 1 հա-ից սովորաբար հավաքում են մոտ 200 տուկ:
Գյուղացիները դժգոհեցին աշնանը Կառավարության կողմից իրենց տրված էլիտար ցորենի սերմացուի որակից և ասացին, որ 1 հա-ից ընդամենը 10-12 պարկ ցորեն են ստացել:
Հայկ Հախվերդյանը դժգոհեց, որ մեկ շաբաթ առաջ կարկուտը «սրբել տարել» է իր 1 հա խաղողի այգին. «Բուժում չկա, ի՞նչ բուժում, խաղողը ջարդել ա լրիվ»:
Ճոճկանը խոտհարք չունի եւ գյուղացիները, իբրեւ խոտհարք, սեփական վարելահողներն են օգտագործում: Թե ով և ինչու է օտարել Շամլուղի տարածքում գտնվող Ճոճկանի 70 հա խոտհարքն ու արոտավայրը, Ճոճկանում այսօր չեն քննարկվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանել