
Սփյուռքի հետազոտության ծրագրի ղեկավար. «Մենք ինքներս չգիտենք՝ սփյուռքի հայկական օրինակը որն է»
«Ադրբեջանցիները, թուրքերը ասում են՝ հայկական սփյուռքի դեմ պայքարելու համար մենք մեր սփյուռքը պիտի ստեղծենք: Նրանք ստեղծում են սփյուռք: Հայկական օրինակով են կազմակերպում, իսկ մենք ինքներս չգիտենք՝ սփյուռքի հայկական օրինակը որն է»,- ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտության բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Կարապետյանը:
2011թ. մեկնարկել է Սփյուռքի հետազոտության քառամյա ծրագիրը, որի ղեկավարը ևս Ռուբեն Կարապետյանն է: «Ծրագրի հիմնական նպատակն է ախտորոշել՝ ինչ է կատարվում սփյուռքում: Ժամանակակից սփյուռքով զբաղվելու խնդիր կա: Սփյուռքը շատ տարաբնույթ երևույթ է»,- ասում է ծրագրի ղեկավարը:
Սփյուռքի հետազոտության թիմը բաղկացած է 7 հոգուց: Կան նաև խորհրդատուներ, գործընկերներ: Ծրագրի այս փուլում թիմն ուսումնասիրել է հայկական 4 թերթի 2005-2010թթ. համարները (480 հատ թերթ)՝ «Առավոտ» (Հայաստան), «Ասպարեզ» (ԱՄՆ), «Ալիք» (Իրան), «Նոյեվ կովչեգ» (Ռուսաստան): «Մենք ուշադրություն ենք դարձնում հենց թերթերի վրա, թե թերթը ինչ հայրենիքի գաղափար է ձևավորում ու տիրաժավորում բոլորի մոտ»,- ասում է Ռուբեն Կարապետյանը: Վերլուծությունն ընթացքի մեջ է, և թերթերի ուսումնասիրության արդյունքում ստացված պատկերը պատրաստ կլինի 2 ամսից: Դրա հիման վրա տարվա վերջում կհրատարակվի «Հայաստան-սփյուռք կապերը հայ մամուլում» գիրքը:
Սփյուռքի հետազոտության ծրագրի շրջանակներում առաջիկա 2-3 տարում նախատեսվում է նաև հարցումներ անել 4 երկրի՝ Հայաստանի (Երևան, Գյումրի, Իջևան, Կապան, Գավառ), ԱՄՆ-ի (Լոս Անջելես), Իրանի (Թեհրան) և Ռուսաստանի (Մոսկվա) խոշոր քաղաքներում ապրող հայերի շրջանում: Հարցման միջոցով մասնագետները որոշելու են հայերի վարքագիծը սեփական և օտար միջավայրերում:
«Հրապարակում ես դեռ չեմ տեսել, որ համակարգված մոտեցում լինի՝ հայերը սեփական և այլ էթնիկ միջավայրում: Հիմա վիճակագրություն որ նայում ենք, ասում ենք՝ մենք 10 միլիոն ենք: Ինչպիսի՞ 10 մլն ենք, մենք չգիտենք: Կամ ասում ենք՝ Լիբանանի մեր գաղութը: Բայց մենք չգիտենք, որ Լիբանանի գաղութը ինչքան գնում, պակասում է, այնտեղ միգրացիա, ազգափոխություն, ասիմիլյացիոն տարբեր գործընթացներ են կատարվում: Մենք ասում ենք՝ ամերիկյան գաղութ ունենք: Մենք գիտենք, որ այնտեղ հազար տեսակ խմբեր են, բայց ինչպիսի հարաբերությունների մեջ են այդ խմբերը, մենք չգիտենք: Գաղութը ինչքան կարող է տևել, մենք դա էլ չգիտենք»,- ասում է Ռուբեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այս հետազոտությունն աննախադեպ է հարցերի ընդգրկվածության և այն տեղեկատվության ծավալով, որը կստացվի, այն պատասխանների քանակով, որոնք կտրվեն: Արդյունքում պարզ կդառնան հարցվածների տեղաշարժերը, ընտանիքի չափը, այն աշխատանքն ու որակավորումը, որ մարդն ուներ տարիներ առաջ և ունի հիմա, ի՞նչ մշակույթ են սպառում հայերը, ազգայի՞ն է այդ մշակույթը, թե՞ ոչ, ինչքանո՞վ է մարդը տիրապետում հայերենին, հայոց լեզուն հաղորդակցվելու, մշակույթը ընկալելու գործի՞ք է, ինչպե՞ս է այդ հայը ձևակերպում իր էթնոսը՝ «ովքե՞ր են հայերը, ինչպիսի՞ն են», ինչպե՞ս է ձևակերպում այն ազգերին, որոնց հետ հայերը շփվում են:
«Մենք դոմինանտ ստերեոտիպը գտել ենք. հայերի մեջ ամենակարևոր հատկանիշը, որ ասում ենք, որ կա, աշխատասիրությունն է: Բոլոր հայերը հայ ազգին բնորոշում են որպես աշխատասեր: Նաև՝ «մենք բարի ենք»: Այսինքն՝ կան հատկանիշներ, որոնք բոլորի համար նույնն են»,- ասում են Ռուբեն Կարապետյանը և Սփյուռքի հետազոտության ծրագրի կրտսեր գիտաշխատող Սյուզաննա Բարսեղյանը:
Հետազոտության նպատակն է նաև պարզել, թե ինչպիսի ազգային գաղափարներ կան սփյուռքում: «Մեզ մոտ հստակեցված չէ՝ հայրենիքը ինչ է: Մեզ մոտ պետական քաղաքականություն չկա, պետական ոչ մի իդեոլոգեմաներ չեմ տեսել, քարոզչություն չկա: Սա մտավորականության բացթողումն է: Եթե մեծ պետությունները հիմնվում են գաղափարախոսության վրա (Սովետական Միությունն էր գաղափարախոսության վրա, Ամերիկան է գաղափարախոսության վրա. առանց գաղափարախոսության՝ այդ երկիրը քանդվում է), բա ինչի՞ վրա պիտի հիմնվի փոքր երկիրը»,- ասում է Ռուբեն Կարապետյանը:
Հարցումների արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե այսօր հայերին ինչ գաղափարախոսություն է պետք: Այնտեղ, որտեղ սկսում են որպես արժեք կարևորել փողն ու նյութականը, առկա է ինչ-որ կառուցվածքի քանդում: «Կարո՞ղ ենք մենք համոզել մարդկանց, որ փողը չի կարևոր, ընդունենք՝ մի ուրիշ բան է կարևոր: Մենք բոլորս անխտիր՝ ողջ աշխարհը, ապրում ենք կյանքի ինչ-որ մի միֆոլոգիայի մեջ: Հիմա խնդիրն է՝ դու ինչքան հոգեհարազատ միֆ կարող ես տալ բնակչությանը»,- ասում է Ռուբեն Կարապետյանը:
Հարցման արդյունքում պարզ կդառնա նաև հարցվածների՝ Հայաստան վերադառնալու ներուժը: Ծրագրի շրջանակներում Հայաստանում հարցվելու է 2000 մարդ: Իսկ Մոսկվայում հայերն ապրում են ցրիվ, մի մասը գրանցված չէ. նրանց գտնելու խնդիր կա, ինչպես և Լոս Անջելեսում: Ռուբեն Կարապետյանը հույս ունի, որ 2014 թ.-ից հետո իրենք կսկսեն հետազոտություններ անցկացնել այլ երկրներում ևս:
Մոսկվայում ապրող հայերի շրջանում հետազոտությունն արդեն ընթացքի մեջ է: Հարցումն անցկացնում են հայերը, ղեկավարում է Սփյուռքի հետազոտության ծրագրի գիտական խորհրդատու, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Յուրի Հարությունյանը: Ըստ Ռուբեն Կարապետյանի՝ Ռուսաստանին հետաքրքիր է նման հարցեր ուսումնասիրել, քանի որ այդ երկիրը ժողովրդագրական շատ լուրջ խնդիրներ ունի. Ռուսաստանի բնակչությունը տարեկան նվազում է 700 հազար մարդով, Ռուսաստանում էթնիկ փոքրամասնությունները սկսել են մեծ դեր խաղալ աշխատաշուկայում: Ծրագրի այս մասը ֆինանսավորում է Ռուսաստանի հումանիտար գիտական ֆոնդը:
Իսկ ամբողջ ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը: Ծրագրին հավանություն է տվել Սփյուռքի նախարարությունը: Ռուբեն Կարապետյանի խոսքով՝ ֆինանսավորումն իրենց բավարարում է:
Հետազոտական թիմն ունի հարցազրուցավարների ցանց, որը Լոս Անջելեսում ու Թեհրանում անցկացնելու է հարցումները: Թիմի անդամներն իրենք էլ մյուս տարի գնալու են այդ քաղաքներ, իսկ մնացած ժամանակ աշխատանքները համակարգելու են Հայաստանից:
«Արտասահմանյան, հատկապես Թեհրանի և Լոս Անջելեսի հետազոտության համար ցանկալի կլինի, որ տեղացի գործընկերներ ձեռք բերենք, որովհետև մենք չենք կարող մեր ամբողջ թիմով՝ հարցազրուցավարներով, գնալ, դաշտային աշխատանքներն այնտեղ անցկացնել: Մեզ անհրաժեշտ են տվյալ երկրի տվյալ քաղաքում որակավորված, պրոֆեսիոնալ գործընկերներ: Խնդիրը գումարը չէ, այլ մարդկային ռեսուրսը, տեղացի լինելը»,- ասում է Սյուզաննա Բարսեղյանը:
Իսկ Ռուբեն Կարապետյանը հավելում է. «Մենք սփյուռքից փող չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իրենց ամենաթակարժեքը՝ փողից թանկարժեքը, իրենց մասնակցությունը լինի: Մենք ուղղակի ուզում ենք, որ իրար հետ համախմբվենք, գործ անենք»:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել