Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր բաժանմունք է բացվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսուհետ քաղցկեղ ունեցող պացիենտները, որոնք նաև սրտային պաթոլոգիաներ ունեն, կարող են լիարժեք բուժում ստանալ հենց տեղում` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
««Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առողջապահական ապահովագրության ներդրումը»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը:
Ժամանակակից էնդոսկոպերով և այլ բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքում տրամադրվում են էնդոսկոպիկ ինտերվենցիոն ռադիոլոգիայով և կարդիո-օնկոլոգիական ծառայություններ, իրականացվում բարդագույն վիրահատություններ:
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարարին ու հրավիրված պատգամավորներին ներկայացրել է նորաբաց բաժանմունքի հնարավորությունները:
Բաժանմունքում տրամադրվում է 4 ծառայություն.
♦ Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայություն
♦ Ինտերվենցիոն թոքաբանության ծառայություն
♦ Ինտերվենցիոն վիրաբուժություն
♦Սրտաբանական և կարդիո-օնկոլոգիական ծառայություն:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտական փուլում է նաև ճառագայթային բաժանմունքի շինարարական ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման աշխատանքները»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել