HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական այցելել է Լոռու մարզ

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այցելել են Լոռու մարզի Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման պոմպակայաններ։ Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Նրանք տեղում ծանոթացել են Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Լոռու և Շիրակի մարզերում՝ բարձրացված արտադրողականության, պարենային անվտանգության և բարելավված կենսապահովման համար» ծրագրի արդյունքներին։

Այցին մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանը, Ճապոնիայի դեսպանության և ՄԱԶԾ ծրագրի պատասխանատուներ, և «ՏԱՄՍԱՄ» ընկերության ղեկավարությունը։

Այցի ընթացքում հյուրերին են ներկայացվել արդիականացված ոռոգման պոմպակայանները, որտեղ տեղադրվել են էներգաարդյունավետ պոմպեր և 450կՎտ հզորությամբ արևային կայաններ, ինչի արդյունքում Լոռու մարզի պոմպակայաններում էներգիայի ծախսերը կրճատվել է 90 տոկոսով, իսկ 1 խորանարդ մետր ոռոգվող ջրի ինքնարժեքը նվազել է 41 տոկոսով։

Նոր էներգաարդյունավետ պոմպերի շնորհիվ ոռոգման համար տրամադրվող ջրի ժամաքանակն ավելի քան կրկնապատկվել է՝ նախկին 4 ժամվա փոխարեն հասնելով 8-12 ժամի։ Արդիականացված պոմպակայանները հնարավորություն են տալիս նախկինում ոռոգելի հողերի 1900 հեկտար տարածքն ավելացնել ևս 200 հեկտարով։

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով նոր պոմպերի հզորությունը, հնարավոր է դարձել Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Ճոճկան-1 պոմպակայանի խողովակաշարը վնասվելու պատճառով խաթարված ոռոգելի տարածքների ջրտուքը կազմակերպել Այրում-Ճոճկան պոմպակայանի միջոցով։

Հյուրերին ներկայացվել է նաև Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման համակարգերի և ոռոգվող տարածքների տվյալների թվայնացված բազան՝ հիմնված աշխարհագրական- տեղեկատվական (GIS) համակարգի վրա։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ և տեսանելի իրականացնել ոռոգման գործընթացը, բացահայտել ջրի կորուստները և պատճառները՝ մշակելով հստակ լուծումներ և հստակեցնելով շահառուների կողմից մշակվող հողահանդակների և այգիների տարածքները, տեսակները, և շահառուների ընտանիքների թվաքանակն՝ ըստ սեռատարիքային առանձնահատկությունների։

Գոռ Ասրյանն իր և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, ՄԱԶԾ- ին՝ մարզին ուղղված հերթական աջակցության համար՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը:

Դեսպան Աոկի Յուտական, ՀՀ կառավարության պաշտոնյաները գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների վերաբերյալ և հույս հայտնել, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն և կիրականացվեն նաև Հայաստանի այլ մարզերում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter