HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». վաճառած գրքի բովանդակության համար 4 տարով դատապարտված գրավաճառն անմեղ ճանաչվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ երեկ անմեղ ճանաչեց անցյալ տարվա ապրիլի 23-ին «Վերնիսաժում» 10000 դրամով «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով գիրքը վաճառած գրավաճառ Սպարտակ Ակոջյանին և որոշեց նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Գրավաճառը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» գրավաճառին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում ձեռք է բերել հակահայկական ադրբեջանական քարոզչության «ստեղծագործության» արդյունք հանդիսացող` հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվությամբ «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով ռուսերեն հրատարակված 10 գիրք, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների և ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին» և, հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դիտավորությամբ, 2011 թվականի ապրիլի 21-ին դրանցից 7-ը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան ու ապրիլի 23-ին փորձել իրացնել Երևանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում, այդ ընթացքում տոնավաճառի վաճառողների և այցելուների ներկայությամբ հայտարարություններ անելով այսպես կոչված «հայկական ահաբեկչության» առկայության և այն հիմնավորող` իր կողմից վաճառվող գրքում արտացոլված «փաստերի» վերաբերյալ, այսինքն` հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողություններ կատարելու համար:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Սպարտակ Ակոջյանին:

Դատարանում տված ցուցմունքով Ակոջյանը հիմնավորել էր, որ իր գործողություններում հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված դիտավորություն չկա, որ ինքը այդ գրքերը վաճառել է կարիքից դրդված, որ նա այդ վաճառքի ընթացքում գնի վերաբերյալ սակարկել է գնորդների հետ, այսինքն` գրքի վաճառքի գործողությունները կատարվել են զուտ կոմերցիոն նպատակներով:

Նրա խոսքով` Ակոջյանը և նրա կինը նախաքննության ժամանակ հայտնել են, որ այդ ալբոմները վաճառել է կնոջ խնդրանքով, որպեսզի ձեռք բերվի Մ. Սարյանի նկարների ալբոմը: Սակայն դատարանը որպես ապացույց է կիրառել այն եզրակացությունը, համաձայն որի՝ «Արմյանսկի տեռորիզմ» ֆոտոալբոմի վերնագիրը և դրանում ներկայացված նյութերը կարող են ազդեցություն ունենալ ընթերցողների գիտակցության վրա` ստեղծելով հայ ազգի հանդեպ խաթարված պատկերացումներ, ազգային թշնամանք:

Այս եզրակացությունը, ըստ Ակոջյանի պաշտպան Էդուարդ Չինարյանի, չէր կարող ապացույց լինել, քանի որ այն կատարված է թերի, դա զուտ փորձագետի կարծիքն է և ոչ ՀՀ քաղաքացիների, որոնք միայն կարող են ասել, թե իրենց վրա ինչ ազդեցություն է ունենում գիրքը` առաջացնում է հայրենասիրական մղումնե՞ր, հպարտության զգացո՞ւմ ԱՍԱԼԱ-ի և հայկական ազատագրական ուժերի ու նրանց ձգտումների նկատմամբ, ատելություն և թշնամա՞նք է սերմանում թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ, թե՞ հակառակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter