HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը առաջատար է կոճղաշվային անտառների բարելավման միջոցով անտառների կայուն վերականգնման հարցում

Հայաստանը կենսաբազմազանության 35 համաշխարհային թեժ կետերից մեկն է, որտեղ անտառները և դրանց կառավարումը վճռորոշ դեր են խաղում կենսաբազմազանության կայուն պահպանման և կլիմայի փոփոխության մեղմման գործում: Այս մասին հաղորդում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության լրատվական ծառայությունից։

Հայաստանի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են՝ արագացող դեգրադացմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է գերշահագործմամբ: Անտառահատումները և անտառների դեգրադացումն երկրի հիմնական բնապահպանական խնդիրներն են:

Անտառների հատման տնտեսական ծախսերը, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները և էկոհամակարգային ծառայությունների կորուստը, գնահատվում են տարեկան ավելի քան 8 միլիոն դոլար (Համաշխարհային բանկ, 2023 թ.):

Հայաստանում անտառների պահպանության և կառավարման բարելավմանն ուղղված հրատապությունը չի կարելի գերագնահատել: Անտառները ոչ միայն կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման համար, այլ նաև ծառայում են որպես կլիմայի փոփոխության ազդեցությունների դեմ կարևոր բուֆեր: Անտառային ծածկույթի դեգրադացիան և կորուստը լուրջ հետևանքներ են ունենում՝ ազդելով տեղական համայնքների, վայրի բնության կենսամիջավայրերի և ընդհանուր էկոլոգիական հավասարակշռության վրա:

Միջոցներ ձեռնարկելով այս լուրջ խնդրի լուծման ուղղությամբ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հուլիսի 16-ին 2024 թ. անցկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսություն մասնաճյուղի ընտրված պիլոտային տարածքում կոճղաշվային անտառների վերականգմանը միտված ցուցադրական գործողություններ։

Կոճղաշվային անտառների կառավարումն ավանդական պրակտիկա է, որը ներառում է ծառերի պարբերական հատում մինչև գետնի մակարդակ` խրախուսելու նոր աճը, սովորաբար այն հանգեցնում է միատեսակ և հավասարաչափ ծերացող անտառների ձևավորմանը: 

Հայաստանում կոճղաշվային անտառներն առաջացել են 1990-ականներին էլեկտրաէներգիայի հասանելիությամբ պայմանավորված ճգնաժամի հետևանքով: Ստորև նշված ծրագիրը նպատակ ունի վերափոխել այս կոճղարմատ անտառները բազմազան, բարձրորակ անտառների՝ ծառուտի բարելավման նպատակով իրականացվող «ընտրովի հատման» միջոցով:

Միջոցառումը կազմակերպվել էր «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Այս ութ ամյա ծրագիրը համատեղ իրականացվում է ՊԳԿ-ի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ՊՀ կողմից:

Ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի, Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա), Ավստրիական զարգացման գործակալության և ՊԳԿ-ի կողմից:

Պետական համակարգի պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր շահագրգիռ կողմեր ​​հավաքվել էին ականատես լինելու ծառուտի բարելավման նպատակով «ընտրովի հատման» ցուցադրական իրականացմանը՝ որպես դեգրադացված կոճղաշվային անտառների կառավարման կարևոր ռազմավարություն: 

«Ընտրովի հատում»-ը ներառում է որոշակի ծառերի մանրակրկիտ ընտրություն և հեռացում՝ մնացած ծառերի աճն ու առողջությունը խթանելու համար՝ այդպիսով բարելավելով անտառի ընդհանուր կառուցվածքը և ճկունությունը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում ձեռք բերված գերժամանակակից մեքենաներն ու սարքավորումները՝ ընդգծելով դրանց դերն անտառների կայուն վերականգնման ջանքերում և աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանման մեջ:

ՊԳԿ-ի անտառտնտեսության տարածաշրջանային մասնագետ Նորբերտ Ուինքլեր -Ռատոնին և անտառտնտեսության միջազգային մասնագետ պրոֆեսոր Էդուարդ Հոխբիչլերը ցուցադրությունից հետո անցկացրեցին դասընթաց։

Մասնակիցները քննարկեցին լավագույն փորձը՝ հիմնվելով միջազգային փորձի վրա անդրադառձ կատարեցին անտառվերականգնման աշխատանքներում աշխատավայրում անվտանգությանն առնչվող հիմնական խնդիրներին:

Այս նախաձեռնությունը զգալի առաջընթաց է հանդիսանում անտառների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված Հայաստանի կողմից ստանձնած հանձնառության մեջ: 

Հայաստանը կարող է բարձրացնել իր դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, աջակցել կենսաբազմազանությանը և նպաստել գյուղական վայրերում կանաչ զանգվածի աճին, ինչպես նաև վերածել քայքայված կոճղաշվային անտառներն ավելի բարձր որակի և կենսունակ անտառների՝ ծառուտի բարելավման նպատակով իրականացվող «ընտրովի հատման» միջոցով։

Այդ համատեքստում միջազգային և տեղական գործընկերների միջև համագործակցությունն ընդգծում է համատեղ ջանքերի կարևորությունը՝ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter