HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Լոնդոնում հանդիպումից հրաժարվելու մեջ

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Լոնդոնում հանդիպումից հրաժարվելու մեջ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ադրբեջանական Report գործակալությանը հայտարարել է, թե հայկական կողմը հրաժարվել է Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնելու Մեծ Բրիտանիայի առաջարկից: 

«Մեծ Բրիտանիան հանդես է եկել նման հանդիպման առաջարկով, առաջարկվել էր այն անցկացնել Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած հանդիպման ձևաչափով: <...> Սակայն հայկական կողմը հրաժարվել է դրանից»,- ասել է Հաջիևը։

Բաքուն Երևանի այս որոշումը համարում է «խաղաղության պայմանավորվածություններից նահանջ»։ Հաջիևը հավելել է, որ Մյունխենի համաժողովի ձևաչափով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սկզբում մասնակցել է հանդիպմանը, իսկ հետո այն շարունակվել է երկկողմ ձևաչափով։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ բրիտանական կողմն այս անգամ նույնպես այդ ձևաչափն էր առաջարկում։

Հաջիևի հայտարարությունից մոտ մեկ ժամ անց հայկական կողմը հերքել է հանդիպումից հրաժարվելու վերաբերյալ Հաջիևի հայտարարությունը՝ պնդելով, որ ադրբեջանական կողմն է հրաժարվել այդ հանդիպումից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է։

«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- եզրափակել է Բադալյանը։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter