
ՍԱՏՄ-ն չի մեկնաբանում Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքը
Ռուսաստանն արգելել է Հայաստանից որոշ արտահանողների կողմից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալը 2024թ. հուլիսի 4-ին գրությամբ դիմել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարին և տեղեկացրել Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի (խնձոր, լոլիկ) արտադրանքում 2024թ. ապրիլ-հունիս ժամանակահատվածում հայտնաբերված պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման 8 նոր դեպքի մասին։ Նամակում ՌԴ պաշտոնյան նշել է, որ անհանգստացած են ստեղծված իրավիճակով և կրկին խնդրել է ՍԱՏՄ-ին նշված դեպքերի վերաբերյալ հետաքննություն իրականացրել ու հայտնել, թե ինչ քայլեր է իրականացնում հայկական կողմը նման արտադրանքը ՌԴ չարտահանելու ուղղությամբ։
Ռուսական կողմը նաև նշել է, որ քանի որ այս դեպքերի վերաբերյալ հունիսի 5-ի իրենց գրությանը պատասխան չեն ստացել, որոշել են հուլիսի 15-ից դադարեցնել որոշ արտահանողների կողմից ներմուծումը։
Թե խոսքն ինչ քանակությամբ պտուղ-բանջարեղենի մասին է, արտահանող որ ընկերությունների նկատմամբ է ՌԴ-ն սահմանափակում դրել, ինչու տեսչական մարմինը չի պատասխանել ռուսական կողմին, արդյոք ՍԱՏՄ-ն իրականացրել է հետաքննություն և ինչ է պարզել, այս հարցերի պատասխանները ՍԱՏՄ-ից չկարողացանք ստանալ։
ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն, վաղը հաղորդագրություն կտարածեն։
Էկոնոմիկայի նախարարությունից էլ «Հետք»-ին հայտնեցին, որ տեղյակ են խնդրից, ըստ անհրաժեշտության նաև միջոցներ կձեռնարկեն, բայց հարցի հասցեատերը ՍԱՏՄ-ն է։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է ՀՀ-ից որոշ արտադրատեսակների ներմուծումը Ռուսաստան։ Վերջերս Հայաստանից ներմուծված իշխանի ձկնկիթում աղիքային ցուպիկ էր հայտնաբերվել, և արտարդրող ընկերության նկատմամբ ժամանակավոր սահմանափակում սահմանվել։ Նախորդ տարի էլ կասեցվել էր հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ 2023թ.-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը նաև հայտնել էր Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու դեպքերի մասին։
Մեկնաբանել