
Թրամփն ու Էրդողանը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու, այդ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները դրական կանդրադառնան թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վրա:
«Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ամերիկացի ժողովրդին և դրականորեն կանդրադառնան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- գրում է Hürriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ Էրդողանը կրկին դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը և նրան շուտափույթ ապաքինում մաղթել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Փենսիլվանիա նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը մահափորձ էր իրականացրել Դոնալդ Թրամփի նկատմամբ, ինչի հետևանքով ԱՄՆ նախկին նախագահը թեթև վնասվածք էր ստացել ականջի հատվածում։ Կրակ բացած անձը սպանվել էր ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել