
Հայաստանը մտադիր է Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ երկիր դառնալ
Առնվազն հինգ երկիր Շանհայի համագործակցության կազմակերպությանը դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։ Այդ մասին ռուսական «Իզվեստիա»-ին հայտնել է ՇՀԿ քարտուղարությունում Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիաեին: Այդ երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան։
«Այս երկրները (բացառությամբ Բանգլադեշի-խմբ.) ուզում են իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերոջից փոխել դիտորդի։ Մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք քննարկել այդ հարցը և համապատասխան հայտատուների ու կազմակերպության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ գալ ինչ-որ եզրակացության»,- նշել է իրանցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ «սկզբում նրանք պետք է դիտորդ երկրներ դառնան և միայն դրանից հետո կարող են լինել կազմակերպության լիարժեք անդամ»։ Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Բանգլադեշը երկխոսության գործընկերների թվում չէ, սակայն դիտորդի կարգավիճակի ճանապարհին այդ փուլը կարելի է շրջանցել։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Մեկնաբանել