
Սևանը գումար չունի՞, որ փոխհատուցի իր բնակիչներին
Սևան քաղաքի Նալբանդյան 36 շենքի բնակիչներն անորոշ վիճակում են: Շենքը վթարային է, 30 մլն դրամ էր հատկացվել շենքի ամրացման համար, հետո որոշվել է ոչ թե ամրացնել, այլ քանդել և նոր շինություն կառուցել: Հատկացված գումարն ավելացել է և դարձել 60 մլն դրամ: Սակայն պարզվել է, որ 60 մլնը նույնպես շատ քիչ է և չի բավականացնի շինարարության համար:
Նալբանդյան 36 շենքի վիճակին «Հետքն» արդեն անդրադարձել էր: Հիշեցնենք, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, և այնտեղ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ էին բնակվում: Շենքում այս պահին դեռ 4 ընտանիք է ապրում, 2 ընտանիք դուրս է եկել և բնակարան է վարձում: 8 ամիս առաջ Մարիետա Մակարյանը նույնպես դուրս է եկել իր բնակարանից` սպասելով շենքի ամրացմանը:
Մարիետա Նիկողոսյանը «Հետքին» պատմեց, որ շուրջ մեկ շաբաթ առաջ բնակիչները կրկին հանդիպել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Այս անգամ բնակիչներին ասել են, որ նոր շինություն նույնպես չի կառուցվի, այլ հատկացված գումարը կբաժանեն բնակիչներին: Բնակիչները մտահոգվել են` 60 մլն-ը բաժանելուց իրենց չնչին գումար կհասնի, և այդ գումարով նոր բնակարան ձեռք բերել չեն կարողանա:
««Դուք ոչ մեկից լավը չէք, ձեզանից վատ վիճակում կան, մենք ի վիճակի չենք գումարն ավելացնել»: Պատկերացնո՞ւմ եք, փոխվարչապետի փոսքերն են,- պատմում է Մարիետա Նիկողոսյանը,- փոխվարչապետը որոշեց, որ էդ գումարը բաժանեն ժողովրդին, բնակիչներն էլ ավելացնեն, իրենց տներ առնեն: Ես հարց բարձրացրեցի, թե ես մենակ եմ, ամուսինս մահացել է, ես էլ չեմ աշխատում, մանավանդ որ տեղափոխության ժամանակ թևս վնասել եմ, ջլերը պոկվել են, ես հիմա նույնիսկ վիրահատության փող չունեմ, ուր մնաց վրան ավելացնեմ, գնամ նոր տուն առնեմ: Ես էդ հարցը բարձրացրեցի, ասաց` դա իմ պրոբլեմը չի, ասի` ոնց ձեր պրոբլեմը չի, դուք պետությունն եք, դուք իմ կառավարությունն եք»:
Մ. Նիկողոսյանն ասում է, որ եթե շենքը վթարային էր, նույնիսկ չպետք է թույլ տային սեփականաշնորհել բնակարանները: «Նման ձևով չպիտի քաղաքացու հետ վարվեն: Էս անտարբերությունը, էս բարձիթողի վիճակը, չեմ հասկանում` ոնց է կոչվում»,-վրդովված ասում է Մ. Նիկողոսյանը:
Նույն շենքում 1-սենյականոց բնակարան ունի 53-ամյա Մարիամ Յակուբովան: Նա այդ բնակարանը գնել է շուրջ 4 տարի առաջ` 8000 դոլարով, հիմա մտահոգվում է, որ եթե գումար հատկացնեն, ապա կմնա դրսում, որովհետև գումարն այնքան քիչ կլինի, որ չի բավականացնի մեկսենյականոց նոր բնակարանի համար: «Մեզ հույսով արեցին, որ ամրացնում են շենքը, հետո ձգեցին, ձգեցին, ոնց որ միտումնավոր ամեն ինչ անեն, արեցին այնքան, որ շենքը փլուզվում է: Եթե վթարային շենք էր, ինչո՞ւ առք ու վաճառք էին թույլ տալիս, որ ես այդքան գումար տամ էդ բնակարանն առնեմ: Ինձ պետք է, որ տանիք ունենամ գլխիս վրա, փողոցում չմնան, եթե ինձ հանեն 2000 դոլար տան, ես դրանով ի՞նչ անեմ,- ասում է Մարիամ Յակուբովան և շարունակում,- Սևանն այնպիսի քաղաք է, այնպիսի թանկ հանգստավայր է, չունի՞ այդքան գումար, որ իր բնակիչներին փոխհատուցի»:
Բնակիչները չգիտեն` էլ որ ատյաններ դիմեն: Նրանց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս փաստաբան վարձել, որը կզբաղվեր բնակիչների հարցով: Իսկ կառավարության հետ մեծ հույսեր չեն կապում:
Մեկնաբանել