HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունը բանակցում է Էռնեկյանի թիմի հետ՝ «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար

Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու համար ներկայում ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ: 

Այս տարվա մարտի 13-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում հայտնել էր, թե Կառավարությունը ցանկություն ունի Կապանի օդանավակայանը ծառայեցնել ոչ միայն ներքին, ինչպես հիմա է (Երեւան-Կապան-Երեւան), այլեւ միջազգային չվերթերի համար:

2023 թ. սեպտեմբերին «Հետքը» գրել էր, որ «Սյունիք» օդանավակայանն արդեն ունի թե՛ IATA-ի, թե ICAO-ի միջազգային կոդեր (YUK եւ UDCK համապատասխանաբար), ինչը կարելի է միջազգային օդանավակայան դառնալու առաջին քայլ որակել: Գործնականում, սակայն, օդանավակայանը պետք է համապատասխանեցվի այն օրենսդրական պահանջներին, որոնք կիրառվում են միջազգային օդանավակայանների նկատմամբ: 

Այսպես՝ «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ միջազգային օդանավակայան է համարվում ՀՀ տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան՝ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային եւ նմանատիպ ընթացակարգեր։ Սա նշանակում է, որ եթե Կապանը ինչ-որ պահի դառնա ՀՀ օդային դարպաս դեպի արտերկիր, ապա այնտեղ պետք է ստեղծվեն պայմաններ ոչ միայն արտերկրից ժամանող եւ դեպի արտերկիր մեկնող օդանավերի, այլեւ օդանավակայանում համապատասխան ծառայություններ իրականացնող պետական տարբեր մարմինների համար: 

Սակայն օրենսդրության պահանջները բավարարելը միակ պայմանը չէ: Հարցն այն է, որ Կառավարությունը պետք է ստանա նաեւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերության համաձայնությունը, որ «Սյունիքը» միջազգային օդանավակայան դառնա: Այս ընկերությունը Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչն է:

2001-ի դեկտեմբերին ՀՀ կառավարության եւ Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկայի» միջեւ ստորագրված կոնցեսիոն պայմանագրով ամրագրվել է հետեւյալը.
«Եթե ՀՀ կառավարությունը ուղղակիորեն կամ երրորդ անձանց հետ կնքվող պայմանագրի միջոցով 
(ա) կառուցում է օդավանակայանից («Զվարթնոցից» - հեղ.) բացի որեւէ այլ միջազգային օդանավակայան ՀՀ տարածքում կամ գոյություն ունեցող օդանավակայաններից որեւէ մեկը դարձնում միջազգային օդանավակայան կամ 
(բ) կառուցում է տեղական նշանակության օդանավակայան օդանավակայանից («Զվարթնոցից» - հեղ.) երկու հարյուր հիսուն (250) կմ շառավղով հեռավորության վրա,
ապա նշված շինարարության սկսվելու պահից մինչեւ ավարտին հաջորդող մեկ տարվա ավարտի պահը կառավարիչն իրավունք ունի դադարեցնել սույն պայմանագիրը [...] եւ համապատասխան հատուցում ստանալ ՀՀ կառավարությունից:
Կողմերն ընդունում են ի գիտություն, որ Գյումրու օդանավակայանը սպասարկում է թռիչքներ ԱՊՀ երկրներ։ Գյումրու օդանավակայանը, բացի ԱՊՀ երկրներ թռիչքներից, միջազգային թռիչքներ սպասարկել չի կարող»։ 

Այս պայմանագրի հիման վրա 2002-ի հունիսից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Կորպորասիոն Ամերիկայի» դուստր ընկերությանը՝ Հայաստանում գրանցված ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին (ԱՄՕ): Իսկ 2007-ին պայմանագրի մեջ ներառվեց նաեւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: 

Այսպիսով՝ երբ Հայաստանում որեւէ տեղական կամ միջազգային օդանավակայան է կառուցվում կամ էլ տեղական օդանավակայանը վերածվում է միջազգայինի («Զվարթնոցից» ուղիղ գծով 250 կմ շառավիղն ընդգրկում է ՀՀ ամբողջ տարածքը), անհրաժեշտ է ստանալ Երեւանի ու Գյումրու միջազգային օդանավակայանների կոնցեսիոների համաձայնությունը, այլապես վերջինս իրավունք ունի դադարեցնել կոնցեսիոն պայմանագիրն ու փոխհատուցում պահանջել ՀՀ կառավարությունից: 

Մարտի 13-ին ԱԺ-ում Գ. Սանոսյանն ասել էր. «Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար»:

2001-ին պայմանագիր ստորագրելուց հետո Հայաստանում միայն մեկ տեղական օդանավակայան է կառուցվել, եւ դա Կապանի «Սյունիք» օդանավակայանն է: Իրականում այն կա դեռ 1972-ից, սակայն հիմնովին վերակառուցվել է 2017-2020 թթ.: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հարցրել էինք, թե արդյոք Կապանի օդանավակայանը վերակառուցելիս (կատարված աշխատանքները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այն զրոյից է կառուցվել) նախկինում ՀՀ կառավարությունը բանակցել է Էռնեկյանի թիմի հետ՝ հաշվի առնելով, որ կոնցեսիոն պայմանագրում սահմանափակում է դրված 250 կմ շառավղով տեղական նշանակության օդանավակայան կառուցելու վրա: Մեր հարցմանը պատասխանած փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացված է եղել Կապանում իրականացվող աշխատանքներից: Սրանից կարելի է եզրակացնել՝ Էռնեկյանի թիմը դեմ չի եղել, որ Սյունիքի մարզկենտրոնում կրկին աերոդրոմ շահագործվի, որը, սակայն, իրենց հետ կապ չի ունենա: 

Հիշեցնենք, որ «Սյունիք» օդանավակայանը 2017 թ. սեպտեմբերին կնքված կոնցեսիոն պայմանագրով Կապանի համայնքապետարանը 25 տարով անհատույց հանձնել է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որը 50-50 համամասնությամբ պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին (ՍՄԶՆՀ, պետական հիմնադրամ է) եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բարեգործական հիմնադրամին: 

2023-ի սեպտեմբերին գրել էինք, որ եթե «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու հարց ծագի, կարեւոր է լինելու Կառավարության դերը, սակայն, ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ «Սյունիքը» չի կարող մրցակից դառնալ ո՛չ «Շիրակին», ո՛չ առավել եւս «Զվարթնոցին»: Ավելին՝ չի բացառվում, որ այն ուղեւոր մատակարարող կետ դառնա նույն «Զվարթնոցի» համար: 

Նախարար Սանոսյանին հարցրել էինք, թե ինչ ընթացքում են բանակցությունները, եւ ինչպես է մյուս կողմը տրամադրված «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու հարցում: Սրան փոխնախարար Սիմոնյանն ուղիղ պատասխան չի տվել, բայց նշել է, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Ըստ այդմ՝ կոնցեսիոների կողմից իրականացվելիք ներդրումների եւ պայմանագրային պարտավորությունների գնահատման նպատակով 2023-ի հունվարին վարչապետը որոշել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Վերջինս դեռեւս ուսումնասիրում է կոնցեսիոների ներկայացրած առաջարկը եւ դրա մասով բանակցում է կոնցեսիոների հետ: 

Այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ հանձնաժողովը գնահատում է ոչ միայն «ԱՄՕ»-ի գալիք ներդրումներն ու պարտավորությունները, այլեւ քննարկում «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու հարցը:

Հանձնաժողովի նախագահը ոլորտը համակարգող փոխվարչապետն է (Մհեր Գրիգորյան), կազմում են ՏԿԵ (Գնել Սանոսյան), ֆինանսների (Վահե Հովհաննիսյան), էկոնոմիկայի (Գեւորգ Պապոյան), արդարադատության (Գրիգոր Մինասյան) նախարարները, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, Երեւանի քաղաքապետը (վերջին երեքը համաձայնությամբ են ընդգրկվում հանձնաժողովում): 

ՏԿԵՆ-ից նաեւ տեղեկացել ենք, որ ներկայում դեպի Կապան թռիչքները շարունակում են իրականացվել վիզուալ թռիչքների կանոնների (VFR) համաձայն, սակայն աշխատանքներ են տարվում սարքավորումներով թռիչքների (IFR) իրականացման ուղղությամբ: 

Արդեն իսկ տեղադրվել է ամպերի ստորին շերտի բարձրությունը չափող սարք, ինչպես նաեւ ընթացքի մեջ են VOR/DME ռադիոփարոսի տեղադրման աշխատանքները: Ռադիոփարոսի առկայությունը հնարավորություն կտա Կապանի օդանավակայանում վայրէջքի գնալ ոչ միայն վիզուալ տեղորոշիչների օգնությամբ, այլեւ սարքավորումներով:

Լուսանկարները՝ հեղինակի, primeminister.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter