HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲԸՄ-ն անվճար բժշկական օգնություն է տրամադրում Արցախից տեղահանված ընտանիքներին

ՀԲԸՄ-ն ընդլայնել է իր մարդասիրական օգնության ծրագրերը՝ հոգալու արցախահայերի առողջությանն ու բարօրրությանը խոչընդոտող խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

«Այս առումով, կարևոր նախաձեռնություններից է ՀԲԸՄ Կլաուդիա Նազարյան պոլիկլինիկան, որն ի սկզբանե հիմնադրվել է 2017 թվականին՝ բժշկական օգնություն տրամադրելու սիրիահայ փախստականներին հենց սիրիահայ մասնագետների կողմից։

Նույն ոգով, այս տարի պոլիկլինիկան աշխատանքի ընդունեց Արցախից բռնի տեղահանված մասնագետների, ովքեր կաշխատեն արցախահայերի հետ։ Նման մոտեցումը օգնում է հիվանդի ու բուժօգնություն տրամադրող անձանց միջև արագ ստեղծել փոխըմբռնման ու վստահության մթնոլորտ։

Ի լրումն, հաստատությունը վերանորոգվել է, սարքերը բարելավվել են, իսկ աշխատանքային ժամերը՝ երկարացվել: 2024 թվականի հունվարից պոլիկլինիկան արցախահայերին տրամադրում է սրտաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության, ակնաբուժության, գինեկոլոգիայի և մանկաբուժության ոլորտներում անվճար բուժօգնություն, ինչպես նաև երեխաների և չափահասների համար անվճար հոգեբանական խորհրդատվություններ։

Ընդհանուր առմամբ, հաստատությունը տարեկան կարող է սպասարկել ավելի քան 8000 մարդու: Այս տարվա հուլիսի կեսի դրությամբ պոլիկլինիկա դիմած 2870 անձանցից 1200-ը արցախահայեր են։

ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանն ասում է. «Մեր տրամադրած օգնությունը սկսվում է հենց այն պահից, երբ հիվանդին բուժում է իր բարբառով խոսող և Արցախի վերջին երեք տարիների ապակայունացմանն ու կորստին նպաստող նույն դժբախտությունների միջով անցած բժիշկը։ Հայաստանում համայնքի այս զգացումը խթանելը և բարձրորակ բուժօգնությունը հեշտ հասանելի դարձնելը մեծապես կօգնեն տեղահանված ընտանիքներին իրենց վերականգնման դժվարին ճանապարհին»:

Պոլիկլինիկայի բացման առաջին իսկ օրերից հաստատությունը հոգեբանական խարհրդատվություններ է տրամադրել բազմաթիվ երեխաների։ Ըստ ՀԲԸՄ Կլաուդիա Նազարյան պոլիկլինիկայի հիվանդների հետ կապի պատասխանատու Լիլիթ Շահրամանյանի՝ շատերն արդեն դրական արդյունքներ են գրանցել և նույնիսկ ավարտել են թերապիաները։ Բացի նրանից, որ խորհրդատվություններն օգնում են երեխաներին հաղթահարել պատերազմի ու տեղահանման տրավմաները, զուգահեռ աշխատանք է տարվում նաև նրանց ծնողների հետ՝ նույնպես Արցախից տեղահանված հոգեբանի ու բուժքրոջ կողմից։

Չափահաս հիվանդների շրջանում ամենատարածված գանգատները վերաբերում են ակնաբուժությանն ու սրտաբանությանը: «Հիվանդները հիմնականում դիմում են աչքի խնդիրների, արյան ճնշման և շաքարախտի բուժման համար։ Վերջին երկուսի բուժման դեղորայքը մենք տրամադրում ենք անվճար:

Հոգեբանի ծառայությունները երրորդ ամենապահանջվածն են։ Միայն հունիսին 47 հիվանդ է դիմել խորհրդատվության, որոնցից 35-ը երեխաներ են»,- նշեց Լիլիթ Շահրամանյանը, ով նույնպես Արցախից տեղահանված է։

Լիլիթ Շահրամանյանն ավելացնում է, որ որոշ հիվանդների մոտ սրտաբանական հիվանդություններ ախտորոշվել են մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը և 2023 թվականի բռնի տեղահանումը, իսկ մյուսների մոտ ախտանշանները սկսել են տեղահանումից հետո։ «Մենք հաճախ տեսնում ենք հիվանդների, ովքեր կարծում են, որ սրտաբանի կամ գաստրոէնտերոլոգի օգնության կարիք ունեն, սակայն քննությունից հետո մենք նրանց ցուցում ենք հոգեբանի խորհրդատվություն։ Սա պայմանավորված է այն հսկայական ստրեսով, որի միջով նրանք ստիպված են եղել անցնել, հատկապես՝ վերջին երեք տարիների ընթացքում»։

Որպեսզի պոլիկլինիկան ավելի լավ և համապարփակ ծառայություններ մատուցի հիվանդներին, ՀԲԸՄ-ն նախատեսում է ձեռք բերել կենսական նշանակության նոր սարքավորումներ՝ ժամանակի ընթացքում բացերը լրացնելու համար, ինչը կնպաստի, որ բոլոր հետազոտություններն անցկացվեն հենց պոլիկլինիկայում, որի արդյունքում հիվանդը կխնայի ժամանակ և էներգիա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter