
ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն՝ ուսանողների համար
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կարող են աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող Libra Group-ի ընկերություններում:
Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Libra Group ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հանդիպման ժամանակ հայտարարվեց ձեռք բերված պայմանավորվածության մասին:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր առնվազն 18 տարեկան են և վարժ տիրապետում են անգլերենին։
«Libra Group-ը կհոգա թռիչքի, վիզայի և այլ ծախսեր. ընկերությունը կուղղորդի նաև կեցության կազմակերպման հետ կապված հարցերում։ Մասնակցության համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://boards.greenhouse.io/thelibragroup/jobs/7519057002․ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ․հոկտեմբերի 2-ն է։
Հիշեցնենք, որ փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները սահմանվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2023 թվականին կատարված փոփոխությունների շրջանակում»,- նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել