
Էլեկտրական մալուխները՝ գազի խողովակի վրա. անջատումներ, վատ որակի էներգիա ու դժգոհություն Էջմիածին քաղաքում
Էջմիածին քաղաքում գրեթե բոլորի տանը էլեկտրաէներգիայի տատանումների կարգավորիչներ են տեղադրված, որ տեխնիկան չվնասվի: Եզակի են օրերը, երբ սպառողների էլեկտրաէներգիան մի քանի ժամով չի անջատվում: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր անջատումներ են եղել։ Դրա հետևանքով մարդիկ ոչ միայն լույս չեն ունենում, այլև ջուր․ բազմաբնակարան շենքերում պոմպերի միջոցով են ջուրը հասնում 4-5-րդ հարկեր։ Բնակիչները դժգոհում են, որ մատակարարվող էլեկտրաէներգիան անորակ է, հոսանքի տատանումների հետևանքով շարքից դուրս է գալիս կենցաղային տեխնիկան:
«Ամառ ա, չենք կարողանում լողանանք, ընթացքում լույսն անջատվում է, ջուրն էլ հետը: Վախենում եմ բաղնիք մտնեմ՝ կեսից լույսն ու ջուրն անջատվում են, օճառի փրփուրը մնում է վրաս: Էլ չեմ ասում, որ սառը ջրի կարոտ ենք: Այս տառապանքները, որ մենք տեսնում ենք, ո՞վ պիտի դրա դիմաց հատուցի: Լուրջ եմ ասում՝ սա տառապանք է: Շոգ օրերին շենքերի մեջ կոտորվում ենք: Ոչ կոնդիցիոներ ենք կարողանում միացնել, ոչ սառնարան»,- ասում է Էջմիածնի բնակիչ Սարգիս Գևորգյանը:
Նա Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բազմաբնակարան շենքում է ապրում: Պատմում է, որ մտացածին են ՀԷՑ-ի պարզաբանումները, թե վթարները շատ են: Նույնիսկ էլեկտրաէներգիայի անջատումները կապում է քաղաքականության հետ՝ ակնարկելով ռուսաստանաբնակ գործարար «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:
Սարգիս Գևորգյանն ասում է, որ հենց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հեռարձակման ժամերին են անջատումները եղել, որ մարդկանց հրահրեն իշխանությունների դեմ: Նույն սցենարով անջատումների սպասում են նաև Օլիմպիական խաղերի ժամանակ:
«Որ թիվն ա, մոմի լույսի տակ ենք նստում: Զանգում ենք թեժ գիծ՝ զանգերին պատասխանող չկա, զանգում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ զանգերին պատասխանող չկա, իսկ թաղամասի էլեկտրիկները նույնիսկ չգիտեն, թե ինչի համար է անջատվել: Եթե կառավարությունն ամեն անջատման համար կլորիկ գումարով տուգանի, էլ անջատումներ չեն լինի: Ոչ թե 100 հազար դրամ տուգանեն, այլ միլիոններ: Դրանից հետո էլ վթար չի լինի: Այսպես չի կարելի: Եթե ես մի րոպե վճարն ուշացնում եմ, ինձ պատժում են՝ հոսանքն ավտոմատ անջատում են: Ինձ համար պատիժ կա, իրենց համար չկա՞ պատիժ»,- ասում է Սարգիս Գևորգյանը և հավելում, եթե վթար է, ինչու չեն տեսնում, որ մի տեղ գետինը քանդեն, մալուխ փոխեն կամ ենթակայանում աշխատեն:
Մեկ այլ բնակիչ Լյովա Ալեքյանը մասնագիտությամբ էներգետիկ է: Նա էլ է կարծում, որ ուռճացված է վթարային անջատումների ՀԷՑ-ի թեզը. «Ասում են քամի է, վնասվել է մալուխը: Գետնի տակ ո՞նց քամի եղավ. բոլոր մալուխները գետնի տակով են գնում, ու՞մ են խաբում»:
Լ. Ալեքյանն ասում է, որ օրվա ընթացքում 2-3 անգամ անջատում են հոսանքը, և իրենց համար երջանկություն է, եթե անջատումը 2 ժամը չի գերազանցում: Պատմեց, որ օրեր առաջ հերթական անջատման ժամանակ փչացել է թոռան համակարգիչը: Ասում է, որ քաղաքում շատերի տեխնիկան է վնասվում հոսանքի տատանումների հետևանքով: Իր ծանոթներից մի քանիսը զանգահարել են, որ ՀԷՑ-ից գան, տանեն, վերանորոգեն՝ պատասխան են ստացել, թե այնքան շատ է վնասված տեխնիկան, որ իրենց հերթը մի քանի ամսից կհասնի:
«Ես էլ չդիմեցի, այնքան կտանեն-կբերեն, կզզվենք»,- ասում է Լյովա Ալեքյանը:
Էջմիածնի Բաղրամյան 16 շենքի բնակիչ Ռաֆիկ Միսակյանն այլ հարց է բարձրացնում: Ասում է, որ իրենց անհանգստացնում են ոչ միայն էլեկտրաէներգիայի անջատումները, որակը, այլև ՀԷՑ-ի սպասարկումը: Նա ցույց տվեց, թե էլեկտրական մալուխներն ինչպես են փաթաթված շենք մտնող գազի խողովակներին:
«Շենքի մուտքում պետք է 15 հաշվիչ լիներ, փոխարենը 30 հաշվիչ է դրված, կեսը սեփական տների հաշվիչներն են: Որպեսզի ՀԷՑ-ը ծախս չանի, ենթակայանից մալուխ չտանեն, բազմաբնակարան շենքերից են հոսանքը վերցնում ու տալիս սեփական տներին: էլեկտրական մալուխներն անցնում են գազի խողովակների վրայով, պատկերացնու՞մ եք դրա հետևանքները ինչ կարող են լինել: 84 տարեկան մարդ եմ, ինչքան ընկնեմ իրենց հետևից»,- ասում է Ռ. Միսակյանը:
Բնակիչները գրություն են ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ պարզաբանում խնդրելով Էջմիածնի էլեկտրաէներգիայի որակի և հաճախակի անջատումների վերաբերյալ: Նման գրություն է ուղարկել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տարածած տեղեկությունը, որ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը չարաշահում է իր իրավունքները՝ ոտնահարելով սպառողների իրավունքները՝ մատակարարելով անորակ էլեկտրաէներգիա:
Հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը «Հետք»-ին փոխանցեց, որ հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ հանձնաժողովը գրություն է ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որի պատասխանը դեռ չի ստացվել:
«Երբ պատասխանը ստացվի, հանձնաժողովը կկատարի ուսումնասիրություն և կիրականացվի համապատասխան գործողություն»,- ասաց Լ. Ազիզյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էջմիածնի գլխավոր ինժեներ Արթուր Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի բացառում էլեկտրաէներգիայի անջատումները, քանի որ վերջին ժամանակներում քամիներ շատ են եղել:
«Վթարներն անխուսափելի են, միշտ կարող են լինել, բայց մենք արագ կազմակերպել ենք, մարդկանց լույս ենք տվել: Չի եղել, որ անտեսել ենք, թողել ենք մարդիկ օրերով մութ տեղը մնան»,- ասում է գլխավոր ինժեները:
Արթուր Ալեքսանյանի խոսքերով՝ անջատումները միայն եղանակով պայմանավորված չեն. «Այնքան շատ խնդիրներ ունենք՝ թե՛ ավտովթարները, թե՛ հողային աշխատանքները: Քաղաքապետարանը մեծ աշխատանքներ է կատարում, լինում է, որ հարթեցնում են տարածքը, խաղահրապարակ են սարքում, ու ինչ-որ բան վնասվում է: Մենք արագ կազմակերպում ենք, լույս ենք տալիս»:
Ա. Ալեքսանյանը նշում է, որ ամեն օր Էջմիածնում աշխատանքներ են կատարում: Մի քանի ենթակայան են փոխել, հզորացրել են:
Արձագանքելով բնակիչների դժգոհությանը՝ ՀԷՑ-ի Էջմիածնի տարածքի գլխավոր ինժեները նշում է, թե քաղաքի Բաղրամյան փողոցի հատվածում ամենաորակյալ էլեկտրաէներգիան են տալիս, սակայն չի բացառում, որ մալուխները կարող են վնասվել, երկար տարիներ է, ինչ դրանք օգտագործվում են:
«Չի կարող հավերժ լույս լինել: Հավերժ մի բան կա՞: Մարդն էլ է հիվանդանում, գնում է բժիշկի թոքերի հետ կապված, պարզվում է ստամոքսն էլ լավ չի աշխատում, սրտի երկու կլապանն էլ փակ ա: Լինում է չէ՞, եկեք չբացառենք»,- ասում է էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության աշխատակիցը:
Արթուր Ալեքսանյանը, անդրադառնալով այն հարցին, որ մարդիկ վճարում են որակյալ և անխափան էլեկտրաէներգիա ստանալու համար, նշում է, թե մարդիկ վճարում են իրենց սպառած էլեկտրաէներգիայի համար, ավել փող չեն տալիս: Իրենք նույնիսկ կանխավճար չեն վճարում, հետևաբար դժգոհությունը տեղին չէ:
Մեկնաբանել