HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաբաթական միջինում 30 վթար՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ

Ամեն շաբաթ Երևանում քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 30 վթար է տեղի ունենում։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։ 2023թ. հուլիսից 2024թ. հունիսը ներառյալ տեղի է ունեցել 1597 վթար։

Միայն այս տարի վթարների հետևանքով տուժել է 23 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է, մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, մյուսները, ըստ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, լուրջ վնասվածքներ չեն ստացել։ 2023թ. տուժած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ մեզ չեն տրամադրել։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից «Հետքին» հայտնեցին, որ մինչև 2024թ. նման վիճակագրություն չէր վարվում։

Մեկ տարվա ընթացքում «Երևանի ավտոբուս»-ին ԱՊՊԱ պայմանագրի շրջանակում 242 պատահարի համար հատուցվել է 41,9 մլն դրամ։ Ընկերությունը հայտնում է, որ տեղի ունեցած պատահարների մի մասի վերաբերյալ փոխհատուցման մասին որոշումները, որոշակի գորոծողություններով պայմանավորված, ավելի ուշ են կայացվում։ Այսինքն՝ պնդել, որ մնացած բոլոր պատահարների մեղավորները եղել են ավտոբուսների վարորդները, չենք կարող։ 

2023-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունեցել է 709 ավտոբուս, 2024թ. մայիսի դրությամբ՝ 739 ավտոբուս։ Մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվել է ավտոբուսի 167 վարորդ։ Նրանցից 156-ի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է իրենց իսկ նախաձեռնությամբ, 7 վարորդինը՝ գործատուի նախաձեռնությամբ։ 4 վարորդ մահացել է։

Թեև մեզ տված տվյալների համաձայն ընդամենը 7 վարորդ է աշխատանքից ազատվել գործատուի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը պարբերաբար հաղորդում է վարորդների աշխատանքից ազատման մասին՝ պատճառաբանելով քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հարցրել էինք՝ ինչպես է ստացվել, որ չնայած քաղաքապետարանը հաղորդում է թույլ տված խախտումների համար տասնյակ վարորորդների աշխատանքից ազատման մասին, վարորդները հիմնականում աշխատանքից ազատվել են իրենց իսկ նախաձեռնությամբ։

Ընկերության հաղորդմամբ՝ խախտումներ թույլ տված ավտոբուսների վարորդների հետ տարվում են բացատրական աշխատանքներ, կատարվում պարզաբանումներ։

«Վարորդների հետ զրուցելուց հետո, պարզելով վարորդի կողմից թույլ տված խախտումների ծանրությունը, իրենց հետագա աշխատանքային գործունեությունը չխեղաթյուրելու համար (աշխատանքից հեռացում), վարորդն ինքն է խնդրում աշխատանքից ազատվել իր դիմումի համաձայն»,- պատասխանել է «Երևանի ավտոբուս» ընկերությունը։

Ընկերությանը խնդրել էինք նաև նշել, թե ինչ պատճառներով են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել 7 վարորդները։ Ըստ «Երևանի ավտոբուս»-ի՝ վարորդները աշխատանքից ազատվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն՝ պահպանելով աշխատանքային պայմանագրի լուծարման սահմանված կարգը։

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Օրինակ՝ աշխատողի նկատմամբ վստահության կորուստը, երկարատև անաշխատունակությունը, անհարգալից պատճառով աշխատանքի չներկայանալը, կենսաթոշակային տարիքի լրանալը և հոդվածով սահմանված այլ պատճառների դեպքում գործատուն կարող է լուծել պայմանագիրը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից «Հետքին» հայտնել են, որ քաղաքացիները մեծամասամբ բողոքում են ավտոբուսների հաճախումներից, իսկ ծխելուց, վատ վարելուց կամ անհարգալից վերաբերմունքից դժգոհությունները բողոքների մոտ 30%-ն են կազմում։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեր հարցերին անորոշ է պատասխանել, օրինակ՝ այն հարցին, թե վթարների հետևանքով քանի ավտոբուս է վնասվել, ընկերությունը հստակ թիվ չի տրամադրել։ Փոխարենը նշել է, որ պատահարների արդյունքում ավտոբուսները 70% դեպքերում թեթև վնասվածքներ են ստացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter