HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրական Հայաստանի կառավարությունը

Վերջերս «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից պարտավորագրի բլանկ ստացանք՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն չհրապարակելու մասին: Պարտավորագիրը նաև առաջարկում է «գաղտնիք» հրապարակելու դեպքում ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության: «Կառավարական առանձնատների տնտեսությունը» նախկին «Կոնդի առանձնատների տնտեսությունն» է, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնատար 4-5 անձանց և այդ առանձնատներում բնակվող այլ անձանց կեցության և սննդի սպասարկմամբ: Այդ անձանց կենցաղային սպասարկման համար կատարվող ցանկացած գնում, ստացվում է, համարվում է պետական գաղտնիք: 2020-2022 թթ. պետբյուջեով առանձնատների սպասարկման համար հատկացվել էր 450-470 միլիոն դրամ, 2023-ին՝ 542 միլիոն դրամ, 2024 թ.-ի պետբյուջեով հատկացվել է 602 979 000 դրամ, որը 60 միլիոնով ավելի է, քան 2023 թ.-ին: Դժվար է երևակայել այդ հիմնարկի որևէ մի գնում, որը կարող է համարվել պետական գաղտնիք:

Ակնհայտ է, որ խոսքն այն ծախսերի մասին է, որոնք կառավարական առանձնատների բնակիչներն ամաչում են հանրայնացնել, որ կատարում են պետական միջոցներով: Դրանք կարող էին անել իրենց սեփական բարձր աշխատավարձով, սակայն նախընտրում են պետական բյուջեի գումարները:

Հենց միայն այն, որ նախկին իշխանությունների կողմից կենցաղային հարմարավետությունների խնդիրը բյուջեի միջոցներով լուծելու պրակտիկան չհանրայնացվեց, բնութագրում է այս իշխանությունների կառավարման մոդելը: Պետության ղեկավարների վրա ծախսվող գումարների կառուցվածքը հարկատուներիս հնարավորություն կտար տեղեկանալ՝ ինչպես են պետական մնացած միջոցները տնօրինվում: Ինքս կողմ եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաները քաղցած չմնան, սակայն եթե իրենք բավականին աշխատավարձ են ստանում, ինչու՞ պետք է հասարակության հաշվին, այն էլ պետական գաղտնիք համարվող սնունդ ընդունեն: Ինչու՞ են աշխատավարձ ստանում: Կատարված  ծախսերը պետք է հանրայնացվեն, և այս խայտառակությունը վերացվի: Ի դեպ, 2021 թվականին Ֆինլանդիայի վարչապետն իր ընտանիքի վրա պետական միջոցներից ծախսած նախաճաշի գումարները վերադարձրեց պետական բյուջե՝ հազիվ խուսափելով հրաժարականից:

Նամակներ գրեք կառավարությանը

Եթե մինչև վերջերս վարչարարության չարաշահումներով Առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից ստեղծվում էին ամեն տեսակի մանրախնդիր արգելքներ, որ թույլ չտան դեղերը ներմուծել կամ, նվազագույնը, գոնե հնարավորինս ձգձգեն ներմուծումը, ապա հիմա կարճ են կապում. առանց որևէ պատճառ բերելու՝ օրենքը խախտելով՝ շաբաթներով, որոշ դեպքերում՝ մինչև 2 ամիս ուշացնում ներմուծման հավաստագրերի տրամադրումը:

Վարչապետը համակարգում է Կառավարության անդամների, տվյալ դեպքում՝ Առողջապահության նախարարի գործունեությունը․ այդպես է գրված Սահմանադրությունում: Սա ենթադրում է, որ վարչապետը վերահսկում է այդ գերատեսչության աշխատանքը և պատասխանատու է կատարած աշխատանքի համար: Դիմեցինք վարչապետին, որ ապահովի ԱՆ-ի՝ ներմուծման հավաստագրերը տրամադրել օրենքով սահմանված ժամկետում: Նշել էինք, որ ներմուծված դեղերը ժամանակին չհավաստագրելու պատճառով ուշ են մտնում շրջանառության մեջ, ներմուծող ընկերությունները կրում են ֆինանսական կորուստներ՝ սառեցնելով միջոցները, իսկ քաղաքացիները զրկվում են ժամանակին անհրաժեշտ դեղեր ձեռք բերելու հնարավորությունից: Բացի դրանից՝ մաքսազերծումները ժամանակին կատարել չկարողանալու պատճառով սպասվող ԱԱՀ-ի գծով կանխավճարները ժամանակին չեն վճարվում բյուջե, որի թերակատարումն առաջին եռամսյակում կազմել էր 43 միլիարդ, իսկ արդեն կիսամյակում՝ 117 միլիարդ դրամ:

Դեղերի համար նախատեսված մաքսային տերմինալներում այլևս տեղ չկա նոր ներկրվող դեղերի համար՝ քանի դեռ նախկին ներմուծածները չեն մաքսազերծվել. բեռնատարները օրերով սպասում են տերմինալներում, որ տեղ ազատվի, բեռնաթափվեն:

Դիմումից 25 օր անց, փոխանակ Կառավարության աշխատակազմը պարզեր բարձրացված խնդիրը, և ԱՆ-ի պաշտոնյաները օրինական դաշտ բերվեին, նույն ԱՆ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստանում ենք պատասխան՝ իբր 5 ամսվա ընթացքում մեր ներմուծման 156 հայտերի փորձաքննությունների միջին տևողությունը կազմել է 6.5 օրացուցային օր և փորձաքննության եզրակացություն ստանալուց հետո հայտը բավարարել կամ մերժել է: Սու՛տ: Եվս մեկ գրությամբ դիմեցինք վարչապետին. ներկայացրինք էլեկտրոնային աղյուսակ, որում երևում էին այս տարի ներկայացված և բավարարված հայտերը և Փորձագիտական կենտրոնի կողմից իրականացված յուրաքանչյուրի փորձաքննության տևողությունը: Ինչից պարզ երևում էր, որ փորձաքննությունների միջին տևողությունը եղել է 10-ից 25 օր, իսկ ԱՆ-ի կողմից հայտերի բավարարումը՝ 56 դեպքերում՝ 3-ից 27 օր: Մինչդեռ հայտերը, ըստ օրենքի, պետք է բավարարվեին աշխատանքային մեկ օրվա ընթացքում:

Վարչապետի ուշադրությունը փորձեցինք հրավիրել նրա վրա, որ իր աշխատակազմն անգամ փորձ էլ չի արել պարզելու մեր բարձրացրած խնդիրը: Իր վրայից գցելով պատասխանատվությունը՝ խնդիրը լուծելու փոխարեն, աշխատակազմը մեր գրության պատասխանը մեխանիկորեն հանձնարարում է ԱՆ-ին, հենց որի անգործության դեմ էլ բողոք ենք ներկայացրել: Վերջինս էլ, օգտվելով գործող մոդելից, երբ վերադասը ոչ թե խորանում է խնդրի մեջ ու փորձում այն լուծել, այլ «ցրում» է, ինքն էլ կրկնօրինակում է աշխատելու նույն մոդելը՝ չլուծել խնդիրը, իր վրայից գցելով պատասխանատվությունը անբովանդակ նամակագրությամբ՝ վստահ, որ պատասխանատվության չի ենթարկվելու: Վարչապետին ուղղված գրությունում ակնկալել էինք, որ ԱՆ-ից նոր նամակներ չուղարկեն, այլ պարզունակ այս խնդիրն, ի վերջո, լուծվի: 15 օրից ստացանք պատասխան գրություն՝ նորից ԱՆ-ից: Այս անգամ հայտնում են, որ մեր ընկերության կողմից դեղերի ներմուծման հայտերը ներկայացվել են ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին… Աշխատում են այնպիսի անկապ բաներ գրել, որ թե՛ ԱՆ-ից, թե՛ նրա վերադաս Կառավարությունից հեռու մնաս, ոչ մի հարցով հանկարծ չդիմես, բանականությունդ վիրավորված չզգաս:

Ի դեպ, այս պահին ևս ներմուծման հավաստագրերի տրամադրման ժամկետները նույն կերպ, ինչպես մինչև վարչապետին գրություններ ուղարկելը, նույն տևողությամբ խախտվում են:  

ԱՆ-ն մաքսանենգության հովանավորն է

Նախարարությունը թույլատրում է ներմուծել բացառապես ԱՆ-ում այս պահին գրանցված դեղերը: Դրանց տեսականին տարիների ընթացքում 5500-ից դարձել է 3150: Սա պահանջարկի մոտ 20%-ն է: Արգելվում է ներմուծել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրանցված և կենսական պահանջարկ ունեցող հազարավոր անվանում դեղեր:

Դեղերի շրջանառությունը, ըստ ոլորտի օրենսդրության, բացառապես կախված է դեղերի իրավատերերի՝ դեղը Հայաստանում գրանցելու սեփական նպատակահարմարությունից: Դիցուք, եթե մի օր դեղերի իրավատերերը որոշեն, որ դեղերը ՀՀ-ում իրենց համար ձեռնտու չէ գրանցել, կմնանք առանց դեղերի:

Բնակչությանն անհրաժեշտ դեղամիջոցները, որոնք այդ իրավատերերը նպատակահարմար չեն գտել գրանցել, Հայաստան օրինական ճանապարհով մուտք չեն գործում: Խոսքը պահանջված դեղերի մոտ 80 %-ի մասին է: Մյուս կողմից՝ իրավատերերը, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը, դեղերը գրանցում են այնպիսի մակնշմամբ, որ նույն դեղը այլ տեսքի տուփով չներկրվի: Դա հնարավորություն է տալիս նրանց, մրցակցության բացակայության պայմաններում, անխոչընդոտ, ըստ ցանկության, բարձրացնել դեղերի գները: 

Դեղերի առաջացած դեֆիցիտը ծածկվում է մաքսանենգ ճանապարհով. ոլորտի օրինական շրջանառությունը տեղը զիջում է մաքսանենգությանը: Վկան՝ իրավապահների գրեթե ամենօրյա տեղեկատվությունը՝ մաքսանենգ դեղերի հայտնաբերման վերաբերյալ: Դեղատներում համատարած մաքսանենգ դեղերի վաճառքի մասին«Հետք»-ը ևս  հետաքննություն էր արել: Որևէ պատասխանատու գերատեսչություն չարձագանքեց «Հետք»-ի ներկայացրած ապօրինություններին: Տեսնելով պետության նման վերաբերմունքը՝ մաքսանենգությամբ զբաղվողները նույն հաջողությամբ, անարգել շարունակում են իրենց բիզնեսը՝ ավելի վստահ ու ագրեսիվ:

Պետությունը, փաստացի, զրկվում է առնվազն 60 միլիոն դոլար լրացուցիչ հարկից՝ թե՛ շահութահարկի, թե՛ ԱԱՀ-ի մասով, երբ առաջին կիսամյակում հարկերի թերի հավաքագրումը կազմել է 300 միլիոն դոլար:

Եթե ԱՆ-ն ցանկանար, օրենսդրությունը կհամապատասխանեցներ իր քաղաքացիների շահերին. շատ պարզ լուծմամբ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրանցված, ինչպես նաև ՀՀ-ում նախկինում գրանցված դեղերը, որոնք իրավատերերը չեն վերագրանցել, ավտոմատ ընդունելով որպես գրանցված: Դեղերի ոլորտում դեֆիցիտի և դեղերի ուռճացված գների լարվածությունը կթուլանար: ԱՆ-ն մերժում է լուծման նման տարբերակը, քանի որ շահագրգռվածություն ունի սպասարկել արտասահմանյան մի քանի դեղարտադրող ընկերությունների և տեղի ներմուծողների շահերը: Մյուս պատճառն էլ ԱՆ չինովնիկների մարդկային չարակամությունն է. ինչու՞ հնարավորություն տալ ոլորտի սահուն աշխատանքին, ինչի դեպքում իրենց գոյությունն աննկատ կլինի, եթե կարելի է խոչընդոտներ ստեղծել և վայելել դրա հետևանքները:

Դեղատնային մեր ցանցը ցածր վերադիրով աշխատելու քաղաքականություն է իրականացնում, սակայն ԱՆ-ի ստեղծած այս իրավիճակում, անհնար է դառնում այդ սկզբունքով շարունակելը: Պրոֆեսիոնալիզմով, հմտություններով եթե կարողանում էիր մրցակցել, շրջանառության մեծ ծավալների հաշվին գները մատչելի պահել, հիմա այդ ծավալներն ԱՆ-ն անհնար է դարձնում ապահովել:

ԱՆ-ն ինքը մասնակից է մաքսանենգության ու ոլորտում անօրինականությունների կազմակերպման:

Էլեկտրոնային դեղատների խաբկանք. օրը՝ մեկ դեղատոմս

2024 թ.-ի մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ԱՆ-ն ամբողջությամբ ձախողեց: 70-ից ավելի դեղատուն ունեցող դեղատնային մեր ցանցը, բոլորը միասին, միջինը օրը մեկ էլեկտրոնային դեղատոմս չի ստանում: Պատկան մարմինները որևէ միջոց չեն ձեռնարկում, որ համակարգը գործի՝ բժիշկների կողմից համապատասխան դեղերը էլեկտրոնային եղանակով դուրս գրվեն: Փոխարենը՝ Տեսչական մարմինը, ՊԵԿ-ից ստանալով իրացված դեղերի մասին համապատասխան տեղեկատվությունը, տուգանում է դեղատներին։ Ամեն դեղատան տուգանքը կազմում է 1-ից 2 միլիոն դրամ: Ստացվում է, որ դեղատների՝ օրինական ձեռք բերած դեղերի օրինական իրացման տեղեկատվությունը ՊԵԿ-ը տրամադրում է Տեսչական մարմնին, որն էլ, այդ տեղեկատվության հիման վրա, տուգանում է:

Պետությունը նպաստում է, որ դեղատները ոչ թե օրինական դեղեր ձեռք բերեն և իրացնեն, քանի որ այդպիսով տեղեկատվությունը տրամադրվում է Տեսչական մարմնին, այլ ուղղորդում է, որ տնտեսվարողները անցնեն ստվերային դաշտ: Օրինական դաշտում աշխատողը պետք է անընդհատ վախի ու մեղքի զգացումով աշխատի, քանի որ պետությունը այնպիսի ոչ ողջամիտ պայմաններ է ներդնում, որ օրինական աշխատանքը դառնա անհնար:

Դիմում ես պատկան մարմիններին, վիճակն ավելի է վատանում

Դեռևս 24.11.2023-ին դիմել էինք ՊԵԿ՝ ներկայացնելով դեղերի շուկայում շոշափելի ստվերային՝ առանց հաշիվ-ապրանքագրերի իրացումների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն: Դիմումի հիման վրա ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել ու արձանագրել բազմաթիվ խախտումներ: Դրան ի պատասխան՝ տվյալ ընկերությունը, որի մոտ հայտնաբերվել էին խախտումները, դատի է տվել ՊԵԿ-ին:

Ի՞նչ ունենք այսօր. եթե մինչ ՊԵԿ-ի ստուգումները տվյալ ընկերությունը օրինախախտումները միայն հանգստյան օրերին էր անում, ներկայում՝ արդեն հախուռն, նաև աշխատանքային օրերին և նախկինի համեմատ՝ բազմապատիկ ծավալներով: Սա ուղիղ ազդակ է կազմակերպություններին՝ անպատժելիության այս մթնոլորտում աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի:

Ներկայացված բոլոր դեպքերում պետական մարմինների միջոցով որևէ խնդիր լուծելը հակառակ ազդեցությունն է ունեցել: Ինչպես քաղցկեղի դեպքում բիոպսիայից հետո քաղցկեղի բջիջներն ավելի ագրեսիվ ու արագ են տարածվում, նույնն է նաև կառավարչական մարմինների դեպքում:

Կառավարության ոչ պրոֆեսիոնալ ու նեղմիտ աշխատանքի հետևանքների մի փոքր մասը միայն ներկայացվեց: Օրենքով պարտադրվող անհեթեթութություններ կատարելու վրա և դրանց դեմ պայքարելու վրա անցնում է մեր աշխատանքային օրվա զգալի մասը: Օրինակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի մի կետով՝ դեղի ներդիր թերթիկում դեղի մատակարարի անվանումը ներառելը առաջացնում է տուգանք՝  նվազագույն աշխատավարձի 250-300-ապատիկի չափով:

Իսկ արդեն մայիսին ընդունված նոր փոփոխություններով՝ միաժամանակ գործում է մեկ այլ տուգանք, այս անգամ արդեն մատակարարի անունը ներդիր թերթիկում չներառելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Ինչ անես կամ չանես՝ տուգանվում ես: Նվազ տուգանք ընտրելու հնարավորություն է տրվում:

Ամփոփում

Սա Նիկոլ Փաշինյանին հարմարեցված պետական համակարգ է, որտեղ կառավարման հիերարխիայում լցված պարազիտները՝ հազարավոր դիլետանտներն ու անբանները, կառավարման ոչ թե պրոբլեմն են, որոնք ենթակա են փոխարինման արժանի կադրերով, այլ պետական կառավարման սիստեմը, նրա էությունը: Հանես դիլետանտներին ու պարազիտներին, կփլուզվի ամբողջ պետական համակարգը: 

Վահե Վարսանյան

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter