HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարստությունը «բարձի տակ»․ պաշտոնյաները չեն վստահում բանկերին և գումարը պահում են կանխիկ

Հայաստանում 36 պաշտոնյայի հայտարարագրած կանխիկ գումարի չափը կազմում է 9 մլրդ 632 մլն 578 հազ. դրամ, 3 մլն 810 հազ. ԱՄՆ դոլար և 702 հազ. եվրո: Քիչ կանխիկ գումար չեն հայտարարագրել նաև նրանց ընտանիքի անդամները՝ 1 մլրդ 573 մլն դրամ, 405 հազ. ԱՄՆ դոլար և 140 հազ. եվրո:Կառավարությունը տարբեր միջոցներով պայքարում է կանխիկ գումարի շրջանառությունը քչացնելու կամ որոշ ոլորտներում՝ բացառելու ուղղությամբ: Օրինակ՝ թոշակառուներին պարտադրվեց, որ թոշակը ստանան բանկային քարտերով, բժշկական հաստատություններն ու այլ կազմակերպություններ այլևս իրավունք չունեն մատուցած ծառայությունների դիմաց կանխիկ գումար վերցնել: Սակայն, պաշտոնյաների դեպքում քայլեր չեն ձեռնարկում, որ սահմանափակվի գումարը կանխիկ պահելը: 

Ինչո՞վ է վտանգավոր կանխիկ գումարը

«Հետքն» ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների 2023թ. տարեկան հայտարարագրերը՝ պարզելու համար, թե որքան կանխիկ գումար են հայտարարագրել: Հանձնաժողովի կայքը չունի համապատասխան գործիքակազմ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, ուստի ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ հենց այդ պատճառով: Ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մեկ առ մեկ բացել բոլոր պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում:

Տեխնիկական հնարավորությունների սահմաններում ուսումնասիրել ենք այն պաշտոնյաների, պաշտոնյաների ընտանիքների անդամների հայտարարագրերը, որոնք ունեցել են 50 մլն դրամ և ավելի կանխիկ գումար: Ուսումնասիրվել է նաև այդ անձանց արտարժույթով հայտարարագրված կանխիկ գումարի չափը: 

Կայքում գտել ենք 50 մլն դրամը գերազանցող կանխիկ գումար հայտարարագրած 36 պաշտոնյա և պաշտոնյայի ընտանիքի 14 անդամ: Պաշտոնյաների մասով արձանագրել ենք, որ նրանց կանխիկ գումարի ընդհանուր չափը 9 մլրդ 632 մլն 578 հազ. դրամ է, 3 մլն 810 հազ. ԱՄՆ դոլար, 702 հազ. 550 եվրո և 3 մլն 500 հազ. ռուբլի: 

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ամենաշատ կանխիկ գումար հայտարարագրած պաշտոնյան է՝ մոտ 6.7 մլրդ դրամ, 1 մլն 913 հազ․ ԱՄՆ դոլար և 185 հազ․ եվրո։ Խ․ Սուքիասյանի բանկային հաշիվներում պահվող գումարներն ավելի քիչ են, քան կանխիկով պահվողը։

Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա 14 անձի հայտարարագրերից երևում է, որ ընդհանուր հայտարարագրել են 1 մլրդ 572 մլն 790 հազ. դրամ, 405 հազ․ ԱՄՆ դոլար և 140 հազ. եվրո: Խոշոր կանխիկ գումար հայտարարագրողներից է ԱԺ  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կինը՝ Ազնիվ Գրիգորյանը։

Ըստ Մարտուն Գրիգորյանի 2023թ․ տարեկան հայտարարագրի՝ ունեցել է մոտ 188 մլն  դրամ կանխիկ գումար, կինը՝ 158 մլն դրամ։ Փաստացի պատգամավորի ընտանիքը մոտ 346 մլն դրամ կանխիկ գումար է պահել։ Ամուսինները ընդհանուր նաև 30 հազ. ԱՄՆ դոլար կանխիկ գումար ունեն։

Սա միայն 50 մլն դրամ և ավելի գումար ունեցողների դեպքում։ Մինչդեռ բազմաթիվ են այն անձինք, ովքեր հայտարարագրել են օրինակ՝ 49 մլն դրամ, 45 մլն դրամ և այլն։

Անկանխիկ գումարների հոսքը սահմանափակելու նպատակով պետության քայլերն առաջին հերթին միտված են նրան, որ բանկային հաշիվներում պահվող գումարները շրջանառվեն տնտեսության մեջ, իսկ գումարների հոսքը լինի վերահսկելի։ Սակայն, պաշտոնյաների դեպքում կանխիկ գումար պահելու «արտոնյալ» պայմանների ապահովումը ոչ միայն չի բերում այդ նպատակների իրագործմանը, այլև կասկածի տակ է դնում այդ նպատակների իրագործման անկեղծությունը։ 

Վերջերս Իտալիայում էի։ Հռոմի դատախազության ներկայացուցչից փորձեցի ճշտել, թե իրենք ինչպես են վարվում այն պաշտոնյաների հետ, ովքեր խոշոր կանխիկ գումար են հայտարարագրում։ Նախ, դեմքի անհասկանալի արտահայտություն ընդունեց, թե ինչու պետք է պաշտոնյան կանխիկ գումար հայտարարագրի։ Հետո էլ մեկ նախադասությամբ փակեց թեման՝ եթե գումարն օրինական է, ինչու՞ է կանխիկ։

Մեր ուսումնասիրած 36 պաշտոնյայից 4-ը պատգամավորներ են։ Այդ ցանկում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` 70 մլն դրամ կանխիկ գումար հայտարարագրելով։ Նա ամեն տարի անփոփոխ հայտարարագրում է 70 մլն դրամ գումար՝ 2019թ․ տարեվերջից սկսած։

Նշված անձինք հանրային վարքագիծ ձևավորողներ են, քանի որ ելույթներ են ունենում, հանրությանը հորդորում են, օրինակ՝ գումարը ավանդների տեսքով պահել, շրջանառել բանկերում, ներդնել տնտեսության մեջ և այլն։ Բացի այդ, այդ անձինք ի պաշտոնե հարցեր են քննարկում, նախագծեր են ներկայացնում ու դրանց օրենքի ուժ տալիս, որով սահմանափակում են կանխիկի հետ կապված այլոց իրավունքները։ Այս պայմաններում, հանրությունն ինչպե՞ս է հավատալու նրանց անկեղծությանը, եթե այդպիսի վարքագիծ նույնիսկ իրենք չեն դրսևորում։

50 մլն դրամ և ավելին կանխիկ գումարներ են հայտարարագրել նաև Դատախազության, քննչական մարմինների, Պետական եկամուտների  կոմիտեի, դատարանների, տեղական ինքնակառավարման մարմինների  աշխատակիցները, նրանց հետ փոխկապակցված անձինք։

Կանխիկ գումարի շրջանառությունը մի շարք ռիսկեր է պարունակում։ Այն «վտանգավոր» է հատկապես պաշտոնյաների դեպքում։ Նախ, որևէ մեկը չի ստուգում իրականում պաշտոնյան այդ կանխիկ գումարն ունի, թե ոչ։ Դժվար է նաև պատկերացնելը, թե ինչպես են այն ստուգելու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները սենյակում նստած ինչպես պետք է հաշվեն հայտարարագրված 6 մլրդ դրամը։ Բացի այդ, ինչ երաշխիք կա, որ եթե նույնիսկ պաշտոնյան կանխիկ գումար ներկայացնի՝ այն իրականում իր գումարն է, այլ ոչ զուտ հանձնաժողովին ցույց տալու համար տարբեր աղբյուրներից հավաքված։ Հետևաբար կա կանխավարկած, որ շատ պաշտոնյաներ, իրականում այդ գումարը չունեն, պարզապես հայտարարագրում են, որպեսզի հետագայում հեշտ լինի այլ ծագմամբ ստացված գումարներն օրինականացնել։ 

Եթե կանխիկ գումարն ավելանում է պաշտոնյայի պաշտոնավարման ընթացքում՝ համեմատաբար հեշտ է այն ստուգելն օրինական եկամուտներով, սակայն, իրավիճակն այլ է, երբ պաշտոնյան առաջին անգամ է հայտարարագիր ներկայացնում ու նշում խոշոր կանխիկ գումար։ Դրա ծագման աղբյուրը ստուգելը շատ դժվար է, եթե ոչ անհնարին։ Կան պաշտոնյաներ, ովքեր պարզաբանումներ են ներկայացնում, թե այդ գումարը նվեր են ստացել իրենց տատիկ-պապիկներից, ովքեր արդեն մահացել են։ Քանի որ Հայաստանը չունի հայտարարագրման հարուստ փորձ, իսկ ժամանակին տատիկ-պապիկները հայտարարագիր չեն ներկայացրել, չփարատված է մնում այն կասկածը՝ արդյոք նրանք այդքան գումար ունեցել են, որ նվիրել են թոռանը։ Արտերկրում ապրող բարեկամներից տարիներ առաջ իբր ստացված նվերները ևս մնում են օդում կախված։

Ուշագրավ են այն դեպքերը, երբ պաշտոնյաները խոշոր կանխիկ գումարներ են հայտարարագրում, սակայն 1-2 մլն դրամի վարկեր ունեն։ Օրինակ՝ ՊԵԿ-ի բաժիններից մեկի գլխավոր հարկային տեսուչը, 2023թ․ տարեկան հայտարարագրի համաձայն, ունեցել է 60 մլն դրամից ավելի և 150 հազ․ ԱՄՆ դոլար կանխիկ գումար, սակայն նույն տարվա վերջին հայտարարագրել է վարկային պարտավորության մնացորդ՝ 2 մլն 300 հազ․ դրամի չափով։ Մեկ այլ հարկային տեսուչ 2023թ․ ունեցել է 1 մլն 380 հազ․ դրամ վարկ, սակայն նույն տարվա վերջին հայտարարագրել է 70 մլն դրամ կանխիկ գումար և այլն։ Այս տվյալները ևս կասկածի տեղիք են տալիս։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով նախատեսված է, որ հանձնաժողովը ռիսկային ցուցանիշների հիման վրա իրականացնում է հայտարարագրերի, դրանում ներառված տվյալների մաթեմատիկական վերլուծություն և այլն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքին» հայտնում է, որ ստուգում և վերլուծում է հայտարարագրված  դրամական միջոցները, այդ թվում՝ կանխիկ դրամական միջոցները, որոնք ներառվում են վերլուծության մաթեմատիկական հաշվարկներում, և ցանկացած անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ է հայցում հայտարարատուներից: Բացի այդ, հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում կանխիկ դրամական միջոցների հայտարարագրման և տնօրինման դեպքերին ու դրամական միջոցների ծագման առաջնային աղբյուրներին: Միաժամանակ, դրամական միջոցների կանխիկ տնօրինումը՝ համադրված դրանց ծագման աղբյուրի կամ այլ տվյալների հետ, հանձնաժողովի կողմից դիտարկվում է որպես ռիսկային ցուցիչ, և հայտարարատուներին մշտապես առաջարկվում է դրամական միջոցները տնօրինել անկանխիկ եղանակով: 

«Կանխիկ դրամական միջոցների վերաբերյալ, որպես այդպիսին, առանձին ուսումնասիրություններ չեն իրականացվել, սակայն խոշոր կանխիկ դրամական միջոցների տնօրինմամբ պայմանավորված ռիսկերը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատվում  են հայտարարատուների գույքային դրության վերլուծության շրջանակներում՝ դրանց ծագման աղբյուրի և այլ գործոնների համադրությամբ»,- նշված է հանձնաժողովի՝ մեզ ուղղված պատասխանում։

«Հայտարարատու անձանց՝ խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների հայտարարագրումը և այդ դրամական միջոցների կանխիկ տնօրինումը ռիսկային է՝ պայմանավորված դրանց անվերահսկելիությամբ, ուստի հանձնաժողովը համապատասխան ուսումնասիրությունների ժամանակ, ռիսկային դեպքեր հայտնաբերելիս, հայտարարատուից, ի թիվս այլնի, պահանջում է պարզաբանումներ և հիմնավորող փաստաթղթեր կանխիկ դրամական միջոցների առաջնային ծագման աղբյուրի վերաբերյալ»,- նշում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Հետքի»  հետ զրույցում ասաց, որ իրենք կանխիկ գումար տեսնելու լիազորություն չունեն։ Այդ հարցը քննարկվել է նաև հանձնաժողովում և պարզվել, որ հնարավոր չի լինի պահանջել նախորդ տարվա հայտարարագրած գումարը։ Ցանկացած պահի հայտարարագիր ներկայացնող անձը կարող է ասել, որ ծախսել է, և հաջորդ տարվա հայտարարագրում կտեսնեն, որ այլևս այդ գումարը չկա։

Նախկինում պաշտոնյաների հայտարարագրած գումարները երևում էին մեկ տողով՝ առանց տարանջատելու կանխիկը։ 2019թ․ հունվարից տարանջատվել է, ավելացել են նաև կրիպտոարժույթները և այլն։ Սակայն, դրանից հետո հանձնաժողովում տխուր պատկերի են ականատես եղել։ Պարզվել է՝ մարդիկ նախընտրում են գումարը պահել կանխիկ տարբերակով։

Ա․ Փաշինյանն ասում է՝ բոլոր դեպքերում նշում են, որ կանխիկ գումարը ռիսկային է, սակայն ընթացքում համոզվել են, որ միայն ռիսկային համարելն արդյունավետ միջոց չէ, եթե չեն կատարվում կոնկրետ գործողություններ։

«Իմ մոտեցումը շատ խիստ է կանխիկի նկատմամբ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Մեկը այն, որ հնարավոր է կանխիկ գումարի մնացորդն իրականում գոյություն չունի։ Մարդը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրում է մի գումար, որն իրականում չունի և այն նկատառումներից ելնելով է հայտարարագրում, որ ընթացքում կունենա և մաքուր դաշտ կբերի։ Մյուս ռիսկն այն է, որ կանխիկ գումարի աղբյուրը օրինական չէ, և հնարավոր է այն ունեցել է նախկինում ունեցած կոռուպցիոն կամ ոչ օրինական գործարքների արդյունքում։  Բացի այդ, այդ կանխիկ գումարը կարող են անվերահսկելի ձևով ներդնել բիզնեսի մեջ և փաստացի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ թվում՝ ստվերային։  Կանխիկ գումարների հաշվին տրված և վերադարձրած փոխառությունները կարող են անվերահսկելի դառնալ իրավապահների համար և այլն»,- ասում է հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։

Ա․ Փաշինյանը նշում է, որ կանխիկ գումար պահելու ամենահաճախ հանդիպող հիմնավորումն այն է, որ բանկերին չեն վստահում, կամ բանկ գնալը ժամանակատար է, կանխիկացնելը ծախսատար է և այլն։ Սակայն, 2005թ․-ից Հայաստանում գործում է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, որը 16 մլն դրամի շրջանակում ներդրված ավանդները, այդ թվում՝ հաշիվներում առկա գումարները, երաշխավորված վերադարձնելու է։ Ըստ հանձնաժողովի անդամի՝  նույնիսկ, եթե  բանկը սնանկանա, ապա յուրաքաչյուր բանկում, ամեն անձի հաշվով 16 մլն դրամ գումարը կվերադարձվի։ Իսկ բանկ գնալու անհրաժեշտությունը գրեթե վերացել է՝ հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը լուծել է այդ հարցը։

«Այս տարիների ընթացքում ոչ մի բանկ չի սնանկացել, չգիտեմ, թե որտեղից է իրենց մտավախությունը։ Սակայն, անուղղակի հասկանում եմ, թե ինչ է կատարվում»,- նշում է Ա․ Փաշինյանը և հավելում, որ տարիներով տանը կանխիկ գումար պահելու փոխարեն, եթե այն ներդնեն բանկում ոչ միայն կորուստներ չեն ունենա, այլև եկամուտներ կստանան։

Արամայիս Փաշինյանի համար ընկալելի չէ նաև, որ մարդը խոշոր կանխիկ գումարներ է հայտարարագրել, սակայն ընթացիկ սպառողական վարկեր է վերցրել։ Այս դեպքում էլ պաշտոնյաներն ավելի հաճախ պատճառաբանում են, թե վարկային պատմություն են ձևավորում։ 

Հանձնաժողովի անդամն ասում է, որ որոշ դեպքերում պաշտոնյաները հստակ կարողանում են փաստաթղթերով հիմնավորել, թե որտեղից իրենց այդ գումարը; Սակայն, միևնույն է մնում է բարձր ռիսկը՝ այդ գումարներն օրինական օգտագործելու հետ կապված։

Ուշագրավն այն է, որ կանխիկ գումար ունեցող առաջին 10 հայտարարատու անձանցից 8-ը համայնքի ղեկավար են կամ ավագանու անդամ։ 

Մի քանի հայտարարատուից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են իրենց գումարները կանխիկ պահում։ Օրինակ՝ Մեծամոր համայնքի ավագանու անդամ Արմեն Սաֆարյանն առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2021թ․։ Նա եկամուտ չի հայտարարագրել, սակայն տարվա սկզբի 80 մլն դրամ կանխիկ գումարը տարեվերջին դարձել է 100 մլն դրամ։  2022թ․ տարեկան հայտարարագրում նշված է 12 մլն դրամ եկամուտ և դարձյալ 100 մլն դրամ կանխիկ գումար։ Իսկ 2023-ին՝ կանխիկ գումարը դարձել է 109 մլն դրամ, սակայն տարվա եկամուտը կազմել է 110 հազ․ դրամ։

Արմեն Սաֆարյանը, լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, ասաց, թե զբաղված է ու անմիջապես անջատեց հեռախոսը։

Թալին համայնքի ավագանու անդամ Մհեր Մարգարյանն առաջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2022թ․։ Այդ տարի հայտարարագրել է մոտ 1 մլն դրամ տարեկան եկամուտ։ Իսկ կանխիկ գումարը եղել է 100 մլն դրամ, բանկային հաշվում՝ 4 մլն դրամ։

2023թ-ին՝ ավագանու անդամի եկամուտները նվազել են, ստացել է 640 հազ․ դրամ աշխատավարձ։ Կանխիկ գումարը տարեվերջին կազմել է 80 մլն դրամ, իսկ բանկային հաշվի գումարը եղել է 811 հազ․ դրամ։

Մհեր Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե որտեղից նրան այդքան գումար և ինչու է որոշել այն կանխիկ պահել։

«100 թվից աշխատել ենք, տանջվել ենք, ունեցել ենք։ Կանխիկ եմ պահում նրա համար, որովհետև «խելացի անասնագոմ» եմ սարքում, ծախսում եմ դրա վրա, հարմար է ինձ»,- ասում է Մ․ Մարգարյանը։

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter