HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է ներառական կազմով նիստի անցկացումը՝ բարձր գնահատելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված համակողմանի ջանքերը։

Վարդան Վարդանյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքներին, այդ թվում՝ պատժի անխուսափելիությանը, կոնկրետ դեպքերով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման արդյունավետությանը, ինչպես նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության ծավալուն աշխատանքին։ Նա ընդգծել է միասնական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա համընդհանուր խնդրի դեմ պայքարում գրանցել դրական արդյունքներ։

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված այլ հարցեր:

Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի իրացման դեպքերով քննվող դատական պրակտիկայի վերաբերյալ հարցեր։

Ներկայացվել է նաև ՆԳՆ ոստիկանության կողմից մշակված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։

Հրավիրված էին նաև Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ, օգնականներ:

Օրակարգի հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ:

Վարդան Վարդանյանն ամփոփելով նիստը՝ շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին արդյունավետ քննարկման համար և ընդգծել թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա անելիքները»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter