
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը
«Բագրատաշեն» մաքսային անցման կետում մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 61 կգ քաշով դեղորայքի ներկրման փորձ է կանխվել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
«ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ» մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ մաքսային ծառայողի հարցին` արդյոք ավտոքարշակում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել: Մաքսային ծառայողի մոտ, սակայն, կասկած է առաջացել, որ նշված մեքենայով մաքսային հսկողությունից թաքցված ապրանք է տեղափոխվում։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է ռենտգեն տեսազննման կայան, որտեղ կատարված ռենտգեն հսկողության արդյունքում կասկածելի պատկեր է նկատվել: Ավտոքարշակն ուղարկվել է խորը զննման անգար և ենթարկվել մաքսային զննման, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են ընդհանուր 61 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ` Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։
Նշենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» մաքսային անցման կետում մաքսային ծառայողների կողմից 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կանխվել է մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք»,- ասված է հաղորդագրությունում։
Տե՛ս նաև․
Մեկնաբանել