HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԷՑ-ը կտեղափոխի գազի խողովակին փաթաթված իր 3 մալուխները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ), արձագանքելով «Հետքի»՝ «Էլեկտրական մալուխները՝ Գազի խողովակի վրա. անջատումներ, վատ որակի էներգիա ու դժգոհություն Էջմիածին քաղաքում» հրապարակմանը, հայտնում է, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան 16 շենքի մոտ գտնվող գազի խողովակին փաթաթված լարերի մի մասը ինտերնետի մալուխներ են, մյուս մասն անցկացվել են հարևան տնտեսվարողների կողմից և ընկերության հաշվեկշռում չեն, և միայն երեքն են անցկացվել ՀԷՑ-ի կողմից՝ բնակարանների ու ավտոտնակների էլեկտրասնուցումն ապահովելու համար: Վերջին երեք մալուխները առաջիկա օրերի ընթացքում ընկերությունը կտեղափոխի:

ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բազմաբնակարան շենքի հարևան տնտեսությունների կողմից անցկացված մալուխների պատասխանատուն ընկերությունը չէ: Այդ տնտեսվարողները ժամանակին ստացել են տեխնիկական պայման և շենքից  մալուխները տարել են իրենց շենք-շինություններ, հետևաբար ՀԷՑ-ը այլ մալուխների հետ կապված որևէ իրավասություն չունի:

Ընկերության փոխանցմամբ՝ առավելագույն բանը, որ կարող է ՀԷՑ-ն անել, տնտեսվարողներին նամակ գրել՝ խնդրելով պահպանել անվտանգության նորմերը և կարգի բերել մալուխները։ Սակայն, իրենց խոսքով, սովորաբար այդ տնտեսվարողները որևէ կերպ չեն արձագանքում: 

ՀԷՑ-ը, անդրադառնալով նյութում հրապարակված հաճախակի անջատումներին, անորակ էլեկտրաէներգիայի մատակարարմանը, հայտնում է, որ  Էջմիածին համայնքի բաշխիչ ցանցը հիմնականում կառուցվել և շահագործվում է 1950-ական թվականներից: Էլեկտրամատակարարման համակարգի բոլոր էլեմենտները՝ օդային և մալուխային գծերը, էլեկտրասարքավորումները բարոյապես և ֆիզիկապես մաշված են: 

«Ինչպես մեր հանրապետության բնակչությանն ապահովող բաշխիչ ցանցի էլեկտրամատակարարման սխեման, այնպես էլ Վաղարշապատ համայնքի սխեման, հիմնականում կառուցվել է ռադիալ, առանց պահուստային էլեկտրամատակարարման սկզբունքի: Ուստի յուրաքանչյուր անջատում անխուսափելիորեն բերում է սպառողների հոսանքազրկման»,- հայտնում են ընկերությունից։

Փոխանցում են նաև, որ ընկերությունն իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում արդեն իսկ իրականացրել է շուրջ 1.8 մլրդ դրամի աշխատանքներ՝ չհաշված առևտրային հաշվառքի սարքերի համակարգին ուղղված ներդրումները: Մասնավորապես՝ համայնքում գործարկվել է 11 նոր ենթակայան, մասնակի կամ ամբողջությամբ փոխարինվել են ավելի քան 8200 մ երկարությամբ 10 կՎ և 0.4 կՎ լարման մալուխային գծեր, վերակառուցվել կամ նոր կառուցվել են 17340 մ երկարությամբ 10 կՎ և 0.4 կՎ լարման օդային գծեր: Փոխարինվել է առանձնատները սնող ավելի քան 7000մ հաղորդալար: Փոխարինվել և արդիականացվել են 20 հազարից ավելի բաժանորդի հաշվառքային սարքեր, որոնք ներառված են էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման և վերահսկման սմարթ համակարգում: Միաժամանակ նորոգվել են ենթակայանների տանիքներ ու բարեկարգվել է դրանց շրջապատը: 

ՀԷՑ-ի դիտարկմամբ՝ իրականացված աշխատանքներն էական ազդեցություն են ունեցել էլեկտրամատակարարման որակական ցուցանիշների վրա, որն, իհարկե, բավարար չէ: Վաղարշապատ համայնքի բաշխիչ ցանցի ամբողջական վերակառուցման համար անհրաժեշտ է կատարել մի քանի տասնյակ միլիարդ դրամի ներդրում: Ուստի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մի քանի փուլով՝ կրելով շարունակական բնույթ: 

Ընկերությունն առաջնահերթությունը տալիս է առավել վթարային, ցածր հուսալիություն ունեցող և ծանրաբեռնված ուղղություններին: Իրականացվող ծրագրերի արդյունքում մինչև 2027թ.-ի ավարտը էապես կնվազեն էլեկտրամատակարարման ընդհատումները, կկարգավորվեն որակական ցուցանիշները: 

Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքում այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 17-ը տեղի է ունեցել էլեկտրամատակարարման 10 ընդհատում, որից 5-ը մալուխային գծերի վթարման հետևանքով, 3-ը՝ եղանակային պայմանների պատճառով և 2-ը՝ այլ պատկանելության տեղակայանքներում տեղի ունեցած խնդիրներով պայմանավորված: 

«Եթե լարման շեղման հետևանքով որևէ բաժանորդի մոտ կենցաղային սարքավորում է վնասվում, ապա ընկերությունը, ըստ գործող կարգի և սահմանված ժամկետում, փոխհատուցում է բաժանորդին պատճառված վնասը: Յուրաքանչյուր բաժանորդ նման դեպքում կարող է դիմել ընկերությանը իրեն հարմար եղանակով՝ էլեկտրոնային փոստի, ընկերության www.ena.am կայքի միջոցով կամ այցելելով ընկերության սպասարկման ցանկացած գրասենյակ: Ավելացնենք նաև, որ էլեկտրաէներգիայի անջատումները չեն կարող երբևէ որևէ քաղաքական ենթատեքստ ունենալ, ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ անխափան էլեկտրամատակարարման ապահովման և իր բաժանորդներին նվազագույն անհարմարություն պատճառելու համար»,-նշում են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Էջմիածին քաղաքի բնակիչները բողոքում են, որ գրեթե բոլորի տանը էլեկտրաէներգիայի տատանումների կարգավորիչներ են տեղադրված՝ տեխնիկան չվնասելու նպատակով: Եզակի են օրերը, երբ սպառողների էլեկտրաէներգիան մի քանի ժամով չի անջատվում: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր անջատումներ են եղել։ Դրա հետևանքով մարդիկ ոչ միայն լույս չեն ունենում, այլև ջուր․ բազմաբնակարան շենքերում պոմպերի միջոցով է ջուրը հասնում 4-5-րդ հարկեր։ Բնակիչները դժգոհում են, որ մատակարարվող էլեկտրաէներգիան անորակ է, հոսանքի տատանումների հետևանքով շարքից դուրս է գալիս կենցաղային տեխնիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter