HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոուում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին։ Այդ մասին նշվում է Չինաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ուկրաինական կողմը ռուսական կողմի հետ պատրաստ է երկխոսության և բանակցությունների։ Իհարկե, բանակցությունները պետք է լինեն ողջամիտ և առարկայական՝ ուղղված արդար ու տեւական խաղաղության հասնելուն»,- Կուլեբայի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինական կողմը «ուշադրությամբ ուսումնասիրել է» խաղաղության պլանը, որը 2024 թվականի մայիսին ներկայացրել էին Չինաստանը և Բրազիլիան։ 

Reuters-ը գրում է, որ Կուլեբայի ու Վան Իի բանակցությունները շարունակվել են ավելի քան 3 ժամ։ «Ավելի երկար, քան պլանավորված էր։ Դա շատ խորը և կոնկրետ խոսակցություն էր»,- գործակալությանը պատմել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Չինաստանի ԱԳՆ հայտարարությունը, նշել է, որ Մոսկվան «երբեք չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից»: «Ինքնին ուղերձը, կարելի է ասել, համահունչ է մեր դիրքորոշմանը։ Դուք գիտեք, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից, միշտ բաց էր դրանց նկատմամբ։ Այստեղ կարևոր են մանրամասները, որոնք մենք դեռ չգիտենք, կսպասենք հետագա պարզաբանումներին»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքը մեջբերել է Маяк-ը։

Ուկրաինայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Դմիտրի Կուլեբան արտահայտել է Կիևի իր դիրքորոշումն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ «որոշակի փուլում, երբ Ռուսաստանը պատրաստ կլինի բարիդրացիական բանակցություններ վարել, բայց ընդգծել է, որ այժմ նման պատրաստակամություն ռուսական կողմից չի նկատվում»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել էր Չինաստան: Սա նրա առաջին այցն է այդ երկիր՝ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո։ Կուլեբան նաև դարձել է Ուկրաինայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը Չինաստան է ժամանել պատերազմի սկզբից ի վեր։ 

Լուսանկարը՝ Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter