
Օդապարիկ շահագործողներն այսուհետ ՕՇՎ-ի կարիք չունեն
Այսուհետ օդապարիկ շահագործողները Հայաստանում կարիք չեն ունենա ձեռք բերել օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ): Այս վկայականը այն հիմնարար (բայց ոչ միակ) փաստաթուղթն է, որն իրավունք է տալիս ավիացիայում զբաղվել կոմերցիոն գործունեությամբ: Օդապարիկ շահագործողները եւս կոմերցիոն ավիացիայի մաս են կազմում, սակայն նրանց եւ մյուս շահագործողների միջեւ (օրինակ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ շահագործողների) այսուհետ որոշակի տարբերություն կլինի:
Քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) «Հետքին» փոխանցել են, թե քանի որ օդապարիկները ինքնաթիռների եւ ուղղաթիռների համեմատ ավելի պարզ սարքեր են, նրանց նկատմամբ չի կրառվելու կոմերցիոն գործունեություն ծավալելու համար ՕՇՎ ստանալու պահանջը: Կոմիտեից նաեւ հայտնել են, որ 2022 թ. փետրվարին ՏԿԵ նախարարի կողմից հաստատվել է թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական եւ վարչարարական կանոնակարգը (Air Operations Regulation), որը օդապարիկ շահագործողներին ՕՇՎ-ի հատկացում չի նախատեսում:
«Հետքի» հարցին, թե արդյոք օդապարիկ շահագործողներին ՕՇՎ չհատկացնելը ընդունված պրակտիկա է արտերկրում, եւ ինչու է փոփոխություն արվել օրենսդրության մեջ, ՔԱԿ-ից հայտնել են, որ, հիմք ընդունելով Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (EASA) 2020 թ. կանոնակարգը օդապարիկների վերաբերյալ (Balloon Rule Book), Քաղավիացիայի կոմիտեն մշակել է օդապարիկների շահագործման տեխնիկական եւ ադմինիստրատիվ կանոնակարգ (Balloon Operations Regulation), որն այս տարվա ապրիլին հաստատվել է ՏԿԵ նախարարի կողմից:
Ըստ այս կանոնակարգի՝ օդապարիկ շահագործողները կոմերցիոն գործունեությամբ զբաղվելու համար ՕՇՎ-ի փոխարեն պետք է ունենան դեկլարացիա (նրանք ՔԱԿ-ին պետք է ներկայացնեն իրենց կողմից լրացված դեկլարացիան):
Ներկայում Հայաստանում միայն մեկ ավիաընկերություն կա, որը մասնագիտացած է օդագնացության ոլորտում: Խոսքը «Սքայբոլ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2014 թ. հունիսին, սակայն ՕՇՎ ստացել է 2018 թ. դեկտեմբերին: 2018-ի մարտին Հայաստանում գրանցվել է այս ընկերության առաջին օդապարիկը, բայց քանի որ փոխադրողն այդ ժամանակ դեռ չուներ ՕՇՎ, օդապարիկի շահագործող էր գրանցվել ընկերության հիմնադիր, օդագնաց Նաիրի Բարսեղյանը, իսկ ՕՇՎ-ի ձեռքբերումից հետո «Սքայբոլն» է պաշտոնապես դարձել օդապարիկի շահագործող:
2020-ի դեկտեմբերին «Սքայբոլի» ՕՇՎ-ի գործողության ժամկետը լրացավ, եւ ընկերությունը դիմեց նոր վկայականի համար, որը ստացավ 2021-ի մարտին (2 տարի գործողության ժամկետով): 2023-ի մարտին վկայականի գործողության ժամկետը երկարաձգվեց եւս մեկ տարով (մինչեւ այս տարվա մարտի վերջ), իսկ արդեն 2024-ի ապրիլին, ինչպես վերեւում ասվեց, հաստատվեց օդապարիկների շահագործման նոր կանոնակարգը:
Այսինքն՝ այսուհետ «Սքայբոլը» կոմերցիոն գործունեություն է ծավալելու ոչ թե ՕՇՎ-ի, այլ դեկլարացիայի հիման վրա:
Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացել ենք, որ ընկերությունն առայժմ չունի դեկլարացիա, քանի որ դեռեւս ընդունված չէ դեկլարացիա լրացնելու, ներկայացնելու եւ ըստ դրա համապատասխան իրավունք ստանալու կարգը: Այդուհանդերձ, «Սքայբոլը» շարունակում է իր թռիչքները՝ հիմնվելով հատուկ բնույթի թռիչքների թույլտվության վրա, որը ստացել է ՔԱԿ-ից:
«Սքայբոլը» ներկա պահին Հայաստանում ամենաշատ օդանավ գրանցած ընկերությունն է (օդանավ են համարվում ինքնաթիռները, ուղղաթիռները, օդապարիկները, դիրիժաբլները եւ այլն): ՀՀ օդանավերի ռեգիստրը վերջին անգամ ՔԱԿ-ի կողմից թարմացվել է հունիսի 26-ին: Ըստ այդմ՝ «Սքայբոլի» ավիապարկում գրանցված է 7 օդապարիկ (տես լուսանկարներում):
Սրանք բոլորը ջերմային աերոստատներ են, այսինքն՝ աշխատում են տաքացված օդով (կան նաեւ գազային եւ համակցված աերոստատներ, որոնք օգտագործում են եւ՛ տաքացված օդ, եւ՛ գազ):
Լուսանկարները՝ «Սքայբոլի» ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել