HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը: 

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը: 

«Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա ծրագրերին և անելիքներին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին՝ այս տարիներին կատարած աշխատանքի համար: 

Շնորհավորելով  նորանշանակ տնօրեն Դավիթ Բանուչյանին կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 100-ամյա ավանդույթներ և փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է. «Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը մեծ հաջողությամբ կշարունակեք և կգրանցեք նոր արդյունքներ: Իրականում կինոյի ոլորտից մեր ակնկալիքները շատ մեծ են, և վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զարգացման նոր հեռանկարներ են բացում: Ներկայում գտնվում ենք շատ կարևոր փուլում. այս պահին մի քանի ենթաօրենսդրական ակտեր են շրջանառվում, որոնք ընդունվելու դեպքում էապես մեծացնելու են իրականացվող աշխատանքի ծավալն ու գործառույթը: Այդ իմաստով,  իհարկե, հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի վերագնահատման և գործառույթների վերապլանավորման՝ թիրախային արդյունքներ գրանցելու և առավել արդյունավետ աշխատելու տեսանկյունից: Ըստ էության՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում կինոարտադրության զարգացման պոտենցիալն ամբողջությամբ  իրացվի, քանի որ ունենք հսկայական ժառանգություն և մեծ ներուժ կինոարտադրության խթանման համար: Այստեղ մեր ամենակարևոր անելիքը աջակցությունն է ոլորտին, ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը»: 

Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև ոլորտի հնարավորությունների էական բարելավման հարցերը. «Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականում առանձին մաս է կազմում նաև «Հայֆիլմի» տարածքը, որը պլանավորվում է զարգացնել՝ որպես կինոարտադրության տարածք: Կարևորում եմ հիմնադրամի ներգրավվածությունն այս քննարկումներում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք այդ տարածքում եղած ավանդույթները, հնարավորությունները և փորձառությունը զարգացնելով ու վերափոխելով՝ ստանալ ժամանակակից կինոարտադրության լավագույն պայմանները: Այստեղ, իհարկե, կունենանք շատ լավ հնարավորություն կինոկրթությունը կապել կինոարտադրության շրջափուլին՝ դրանով նաև ունենալով կինոկրթության որակի էական բարձրացում»: 

Այս բոլոր աշխատանքներում հիմնադրամի դերը նախարարը համարել է առանցքային՝ շեշտելով, որ դրա առաջնորդությունը և նախաձեռնողականությունը վճռորոշ են լինելու առաջընթացի գրանցման ճանապարհին: Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել  հիմնադրամի նորանշանակ տնօրենին և ողջ անձնակազմին:

Հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը, որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն և ավանդույթներ ունեցող պատմական «Հայֆիլմի»:

Նախարարը շնորհավորել է նաև ռեժիսոր Զառա Ջյանին և ողջ անձնակազմին՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով»  ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ: 

Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է աջակցել ոլորտի առաջընթացին և  զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter