HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մոռացե՛ք, մոտակա 20 տարում կեղտաջրերի մաքրման հարցը չի լուծվելու». Մանվել Գաբրիելյան

2025թ-ի հունվարի 1-ից արտադրական կեղտաջուր արտանետողները թույլատրելի սահմանը գերազանցելու դեպքում նախնական մաքրում պետք է իրականացնեն՝ մինչև կեղտաջրի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ լցվելը: Այսինքն՝ կեղտաջրերի կենսաբանական մաքրում պետք է կատարեն։ Հայաստանում կենսաբանական մաքրման կայաններ (ԿՄԿ) արտադրող «Խիմմաստեր» ընկերության տնօրեն Մանվել Գաբրիելյանի հետ զրուցել ենք այն մասին, թե 2018թ մարտի 2-ին արված օրենսդրական փոփոխությունը փոխե՞լ է պետական և բիզնես ոլորտի ներկայացուցիչների վերաբերմունքն ու հետաքրքրվածությունը կեղտաջրերը մաքրելու հարցի վերաբերյալ, որքանո՞վ են ավելացել ԿՄԿ-ների արտադրության ծավալները։

Պրն Գաբրիելյան, հինգ ամսից արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ սահմանված օրենքի պահանջն ուժի մեջ կմտնի։ 2024 թվականն արդեն կիսվեց, ԿՄԿ-ների նկատմամբ հետաքրքրվածությունն ավելացե՞լ է շուկայում։

Արտադրությամբ զբաղվողների շրջանակը դեռևս հետաքրքրված չէ ԿՄԿ-ներով, երեւի չեն էլ մտաբերում այդ պահանջի մասին, և այստեղ պատասխանատվության իր բաժինն ունի պետությունը։ Վեց տարի առաջ ընդունված օրենսդրական կարգավորումը կիրառության մեջ դնելու համար աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի գործարկելու ժամանակ չմտաբերեն այդ մասին։ Ներկայում շինարարական բոլոր նախագծերում ԿՄԿ-ներ են նախատեսված, եթե կառուցապատման թույլտվություն են տալիս՝ նախագիծը պետք է ունենա այդ կարգավորումը։ Նախագծերը փորձաքննություն են անցնում, եթե ԿՄԿ չի նախատեսվել՝ նախագծող կազմակերպությանը պետք է պարտադրեն ավելացնել։ Սակայն, շինթույլտվություն տվողն «աչք է փակում»՝ առանց հաշվի առնելու, որ շահագործման ակտը ստորագրելու ժամանակ այդ հարցը բարձրացվելու է։ Առավել եւս, երբ 2025թ.-ից պարտադիր դառնա կեղտաջրերը մաքրելը, չեմ կարծում, թե որեւէ շահագործման ակտ կստորագրվի առանց դրա։ Բայցև չեմ էլ բացառում, որ այլ ճանապարհներ կարող են գտնել։ Ճիշտ ճանապարհը կայան տեղադրելն է։ Այլ երկրներում, եթե մաքրման կայան տեղադրված չէ, շենքի ջուրն ու հոսանքը չեն միացնում, ու դրանով հարցը լուծվում է։

Հետևո՞ւմ եք Ձեր տեղադրած կայանների աշխատանքին, արդարացվա՞ծ է դրանց գործունեությունը, հատկապես մեծ կայանների մասին է խոսքս։  

ԿՄԿ-ներ տեղադրել ենք և՛ մասնավոր հատվածում, և՛ պետականում։ Ցանկացած սարքավորում ինքն իրեն չի աշխատում, կայանները, տեղադրվելուց հետո, շարունակական սպասարկման կարիք ունեն։ Առնվազն ամիսը մեկ անգամ մասնագետները պիտի այցելեն և տեսնեն, թե ի՞նչ խնդիրներ կան։ Դրա համար սպասարկման պայմանագիր պետք է կնքեն մեզ հետ։ Մինչ օրս 300 կայան ենք տեղադրել և դրանցից երկու կազմակերպություն է սպասարկման պայմանագիր կնքել, որից մեկը ամերիկյան ընկերություն է։ Սեւանի ափամերձ շրջաններում 19 կայան ենք տեղադրել, վճարում են և կանոնավոր սպասարկում ենք նրանց։ Ծաղկաձորում, Դիլիջանում ենք շատ տեղադրել։ Վերջերս մեծ կայան ենք տեղադրել Եղեգնաձորի Նորավան թաղամասում, որը մոտ 2000 բնակիչ ունի, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որտեղ Կառավարությունը Ադրբեջանին անցած տների փոխարեն 12 տուն է կառուցել։ Հիմա Գավառ քաղաքի 2500 բնակիչ ունեցող մի թաղամասի համար պատվեր ունենք։ Կայանները շինարարների պատվերով ենք տեղադրում։

Զորամասերում 8 կայան ենք տեղադրել, որից երկուսը՝ Սիսիանի հոսպիտալում, բայց դրանց մեծ մասը չի աշխատում։ Այս հարցում պետական մոտեցում չկա, մեզ չեն վճարում սպասարկման համար, մեր հաշվին էինք 4-5 տարի սպասարկում։ Այս տարի դիմել ենք Պաշտպանության նախարարություն (ՊՆ) և զգուշացրել՝ եթե այսպես շարունակվի, կայանները կկորցնեք, և ձեր գումարը ջուրը կընկնի։ Մեզ պատասխանեցին, որ այս տարվա բյուջեով սպասարկման ծախսեր չեն հատկացվել, հույս ունեն, որ եկող տարի կլինի։

Պրն Գաբրիելյան, ասացիք, որ մինչ օրս 300 կայան եք տեղադրել Հայաստանում, համաձա՞յն եք, որ դա չափազանց փոքր քանակ է տասը տարվա համար։ Եթե օրենսդրական պահանջի դեպքում անգամ մեծ հետաքրքրություն չկա ԿՄԿ-ների նկատմամբ, արդյոք ռիսկային չէ՞ր տասը տարի առաջ ԿՄԿ-ների արտադրություն սկսելը։

ԿՄԿ-ները մեր հայտնագործությունը չեն։ Ես «Մեդիսար» ընկերության հիմնադիր տնօրենն եմ, որը 25 տարվա պատմություն ունի։ «Մեդիսարը» քիմիական նյութեր ներկրող ամենախոշոր ընկերությունն է Կովկասում՝ ավելի քան 5000 անուն նյութեր ենք ներկրում, արդյունաբերական քիմիա, լաբորատոր սարքեր և այլն։ Ընկերությունը 4700 արդյունաբերական ձեռնարկություն է սպասարկում՝ սկսած Իրանի սահմանից մինչեւ Վրաստան, Հայաստանում պահանջարկի 70-80%-ը մենք ենք ապահովում։

ԿՄԿ-ների արտադրությունը սկսեցինք մի դիպվածովՍյունիքում «Տաթևեր» ճոպանուղին կառուցելու ժամանակ Եվրոպայից երկու հատ շատ թանկ զուգարան էին գնել։ Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը դրանց համար մաքրման կայաններ պատվիրեց մեր ձեռնարկությանը։ Սակայն զուգարանները չաշխատեցին, բնականաբար, մեր կայանն էլ չաշխատեց, բայց ինձ շատ հետաքրքրեց այդ տեխնոլոգիան։ Սկսեցի փնտրել և գտա կենսաբանական կայանն արտադրողին, որը չեխական ընկերություն է։ Գնացի Չեխիա, նրանցից գնեցի արտադրման իրավունքը, հիմնեցի «Խիմմաստեր» ընկերությունը և սկսեցինք արտադրել։ «Խիմմաստեր» ընկերությունը 7 տարի վնասով աշխատեց, ձեռնարկությունը «Մեդիսարի» եկամուտների հաշվին էի պահում։ Գործունեության 8-րդ տարում մի փոքրիկ շահույթ ունեցանք, 9-րդ տարում շահույթը մի քիչ ավելացավ, 10-րդ տարում գուցե մի քիչ էլ ավելանա։ Հիմա էլ առանձնապես մեծ պատվերներ չունենք, վերջերս գնացի Լոս Անջելես, հանդիպեցի մի քանի կոլեգաների։ Հավանական է, որ ԿՄԿ-ներն այստեղ արտադրենք ու առաքենք Ամերիկա։

Ովքե՞ր էին «Խիմմաստեր» ընկերության արտադրած առաջին կայանների պատվիրատուները։

Առաջին պատվիրատուն եղել է Պաշտպանության նախարարությունը, դա տասը տարի առաջ էր։ Այնուհետև Տարածքային զարգացման հիմնադրամը նորակառույց մանկապարտեզների, դպրոցների և այլ շինությունների համար ԿՄԿ-ներ պատվիրեց, հետո մասնավոր ընկերությունները պատվիրեցին։ Սեւանի ավազանում ենք 19 հատ տեղադրել՝ ռեստորաններում, Սևանի հոգևոր ճեմարանում, հանգստյան տներում և այլ օբյեկտներում։ Տարբեր ծավալի կայաններ ենք արտադրում՝ սկսած մեկ առանձնատան համար նախատեսված ծավալից մինչեւ մեկ թաղամաս, մեկ գյուղ սպասարկող կայաններ։ Մեր առաջին ամենամեծ կայանը Իջեւանի մաքրման կայանն էր, որը 1000 բնակիչ ունեցող թաղամասի համար ենք տեղադրել։

Քննարկումներից մեկի ժամանակ հայտնեցիք, որ Սևանա լիճի աղտոտման հարցը պարզ լուծում ունի, ընդամենը երեք կենսաբանական մաքրման կայան է անհրաժեշտ տեղադրել Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայաններում։ Ձեր ասած պարզ լուծումից տեղյա՞կ չեն տասնամյակներով Սևանա լճի աղտոտման հարցը քննարկողները։

Այո, Սևանա լճի հարցը պարզ լուծում ունի, անհրաժեշտ է այդ երեք քաղաքի մեխանիկական մաքրման կայաններում նաև կենսաբանական մաքրման կայաններ կառուցել։ Մենք կարող ենք 1 մլն 300 հազար եվրոյով ամեն քաղաքի համար մաքրման կայան կառուցել, հիմնական ծանր գործն արված է՝ մեխանիկական մաքրման կայանները կան, մնում է կենսաբանականը տեղադրել։ Բազմիցս դիմել ենք վարչապետին, Ջրային կոմիտեին, «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որպեսզի թույլ տան պիլոտային կայան կառուցել, բայց մեզ չեն լսում։

Մասնագետները պնդում են, որ Սևանա լճի շրջակա քաղաքներից կոյուղաջրերի ընդամենը 25%-ն է մեխանիկական մաքրման կայաններ հասնում։ Կեղտաջրերի 75%-ը միանգամից լցվում է հարակից գետեր, որոնք էլ թափվում են Սևանա լիճ։ Հիմնական պատճառն այն է, որ կոյուղագծերը միացված չեն ընդհանուր կոլեկտորին։ Հետևաբար, այդ 25 տոկոս կեղտաջուրը, եթե նույնիսկ կենսաբանական մաքրման էլ ենթարկվի, էականորեն չի փոխի լճի ջրի որակը։

Աշխարհում այդպիսի լիճ չկա, որտեղ նախ՝ թույլ տան ափամերձ շրջանում այդքան ռեստորաններ կառուցել։ Գնացեք Ախալքալաք և տեսեք, թե ռեստորանները Փարվանա լճից ինչքան հեռու են կառուցել։ Ոչ մի երկրում կեղտաջուրը լիճ կամ գետ չեն լցնում, դա հանցագործություն է։ Մեր ոռոգման ջուրը, հիմնականում, կեղտաջուրն է, հանցագործություն է նաեւ սրա վրա աչք փակելը։ Հասկանալի է, չէ՞, որ 21-րդ դարում բոլորը պիտի կոյուղագիծ ունենան։ Պետք է կոյուղագծեր կառուցել, կոյուղաջրերը լցնել կեղտաջրերի մաքրման կայան և կենսաբանական մաքրում կատարել։ Կեղտաջուրը, եթե այսօր նոսր է, չի նշանակում, որ կարելի է լցնել լիճը։ Կեղտաջրում ֆոսֆորի պարունակությունը մեծ է, և քանակը գնալով ավելանում է, որովհետև ֆոսֆոր պարունակող լվացքի միջոցներն են շատանում։  

Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարարությունում նույնպես Ձեր կարծիքին են, որ Սևանա լճի ծաղկման հարցը լուծելու համար առաջնային է ԿՄԿ-ներ տեղադրելը։ Այդ թեմայով խոսե՞լ եք նախարարության պաշտոնյաների հետ։

Այն մարդիկ, ովքեր այս հարցը պետք է կարգավորեն, պատկերացում չունեն դրա մասին։ Ես վստահորեն ասում եմ՝ այսօր իշխանության մեջ չկա մի մարդ, որը կարող է ընկալել հարցը։ Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ամենատարբեր մակարդակներում, առաջարկել ենք քննարկել լուծումները, բայց մեզ լուրջ չեն ընդունում։ Ինչո՞ւ, որովհետեւ մեր արտադրած կայանները թանկ չենք գնահատում։ Երբ առաջին անգամ հայտարարեցինք, որ 1 մլն եվրոյով մաքրման կայան կկառուցենք՝ ասացին դա լուրջ չէ, գերմանացիները 7 մլն եվրո են ասել։

Պաշտոնյաների հետ մեր ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքում համոզվել ենք, որ այս հարցում պետական մարմինների մոտեցումը ոչինչ չանելն է՝ մինչեւ իրենց պաշտոնավարման շրջանն ավարտվի, գնան։ Մտածում են՝ մի բան անելուց կարող է սխալվեն, ու դրա համար կազատեն իրենց աշխատանքից, ոչինչ չանելը լավագույն դիրքորոշումն է։ Ընդ որում, սա բոլորին է վերաբերում։

Մեր առաջարկն իրատեսական է, բայց եթե լսելու ունակություն չունեն, այսպես պիտի թողնե՞նք։ Ես բազմիցս խնդրել եմ միասին քննարկել՝ ապացուցենք, որ հնարավոր է մեր կայաններով հարցը լուծել։ Մեզ չե՞ն հավատում, թող ասեն, միջազգային մասնագետներ կհրավիրենք։ Տարբեր պատճառաբանություններ են բերումմեկն ասում է՝ հնարավոր չէ 1 մլն եվրոյով ԿՄԿ կառուցել, գերմանացիներն ասել են, որ մեկ կայան կառուցելու համար 7 մլն եվրո է անհրաժեշտ։ Այդ թիվը բազմապատկում են երեքով ու ասում՝ 21 մլն եվրո չունենք։ Ճիշտ են՝ գերմանացիները կանեն 7 մլն-ով՝ գերմանացու աշխատավարձով, իրենց թանկ ծառայություններով։

Մյուսն ասում է՝ հայկական կայանները լավը չեն։ Եթե տեղական է, չի՞ կարող լավը լինել։ Մենք գտել ենք լավագույն լուծումը՝ մեր տեխնոլոգիան ենք ստեղծել և շարունակաբար կատարելագործում ենք։ Ես հիմա կայաններ եմ արտադրում մեր լիցենզիայով, որն ավելի փոքր և ավելի էժան է։ Մեկ առանձնատան համար նախատեսված մոդելների արժեքը սկսվում է 800 000 դրամից մինչեւ 1 մլն 100 հազար դրամ։ Գավառի 2500 բնակիչ ունեցող թաղամասի համար նախատեսված մոդելը 20 մլն դրամով վաճառեցինք։ Նաև եվրոպական լիցենզիաներով ենք արտադրել՝ շվեյցարական, ֆրանսիական, իտալական, նրանք բոլորը վաճառում են իրենց արտադրության լիցենզիան։

Ես ունեմ արտադրական հզորություն, ունեմ լավ մասնագետներ, որոնք կարողանում են այդ աշխատանքը կատարել։ Ինձ համար միևնույն է, թե ինչ կարտադրեմ։ Հոսքագիծը մեկն է, մասնագետները նույնն են, որը ցանկանան՝ այն կարտադրեմ։ Հիմա տեխնոլոգիական վերազինում, վերափոխում ենք կատարում, փորձում ենք կրկնապատկել, եռապատկել մեր արտադրական հզորությունը։ Արտադրության գլխավոր ինժեները իրանահայ է, որը մինչև մեզ մոտ գալը արտադրական կեղտաջրերի մաքրման 25 տարվա փորձառություն ուներ։ Համագործակցում ենք Իրանի համալսարանների հետ, նրանք այս ոլորտում բավականին առաջադեմ են, բիզնեսն ու գիտությունը զուգահեռ զարգացնում են։

Հավանաբար անհավանական են համարում 1 մլն եվրոյով ԿՄԿ կառուցելը, որովհետև Եվրամիությունը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4SEVAN) ծրագրով Հայաստանին հատկացված 5.7 մլն եվրոյով միայն Գավառի մեխանիկական մաքրման կայանի արդիականացումը իրատեսական համարեց։

Այդ 5.7 մլն եվրոն երեք հատ կենսաբանական մաքրման կայան կարող էր դառնալ, իսկ նրանք այդ գումարով ի՞նչ արեցին Սևանի համար։ Ուզում են Գավառի մեխանիկական մաքրման կայանը հզորացնել՝ նոր ցանց տեղադրել, որը 100 000 եվրո արժե։ Գավառինը ընտիր գերմանական կայան է, դրա ի՞նչն են արդիականացնում։ Նրանք կարող են խաբել այն մարդկանց, ովքեր պատկերացում չունեն դրանից, բայց մեզ հնարավոր չէ խաբել։ Այդ գնով ես մի հատ մաքրման կայան կսարքեի, որով գոնե կեղտաջրերի առաջին նստեցման փուլը կարվեր և ջուրը մաքուր կլցվեր լիճ։ Մինչդեռ գումարը մսխեցին, վերջում մի քիչ փող մնաց, չգիտեն ինչպես ծախսել, որոշեցին էկոլոգիական թեմաներով թատերական ներկայացումներ անել Սեւանի ափամերձ գյուղերում։

Պետք չէ հույսը նման ծրագրերի վրա դնել, այդպես մեր երկրում հարցերը չեն լուծվի։ Հասկանալի է, որ պետությունը մեծ գումարներ չունի, բայց բազմաթիվ լուծումներ կարող ենք առաջարկել։ Շատ էժան մաքրման կայան ունենք, որը 70%-ով մաքրում է ջուրը, գոնե դրանք կարող են դնել։ Մի բան է 70%-ով մաքրելը, այլ բան է ընդհանրապես չմաքրելը։

Քանի դեռ այս ոլորտի կառավարումը գտնվում է «Վեոլիա Ջրի» ձեռքին, մոռացե՛ք, որ մոտակա 20 տարում կեղտաջրերի հարցը կլուծենք։ «Վեոլիա Ջուրը» հետաքրքրված չէ կեղտաջրերի մաքրման հարցով։ Մեզ պաշտոնապես պատասխանել են, որ դա իրենց համար ավելորդ ծախս է։

 

Գլխավոր լուսանկարում՝ Մանվել Գաբրիելյանը

Կենսաբանական մաքրման կայանների լուսանկարները՝ «Խիմմաստեր» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter