HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերողից մինչև բուքմեյքերական ընկերություն. առաջին կիսամյակի խոշորագույն հարկատուները 

Այս տարվա առաջին կիսամյակում (2024թ. հունվար-հունիս) Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 900.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։

Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են 25.9 մլրդ դրամով կամ 3%-ով։ 

2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հանրապետության խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է։ Ընկերությունը վճարել է 64 մլրդ դրամի հարկեր, որը 2023-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 84%-ով։ Թե հստակ ինչի հաշվին է ԶՊՄԿ-ն հարկերի այսպիսի աճ գրանցել, ցանկից եզրակացնելը դժվար է։ Միայն երևում է, որ աճը մեծապես պայմանավորված է «այլ հարկեր և վճարներ» տողով և ոչ թե՝ եկամտային հարկով, շահութահարկով կամ ԱԱՀ-ով։ 

Երկրորդ տեղում տեխնիկա ներմուծող, վաճառող, ինչպես նաև՝ արտահանող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է, որը 2022 թվականից վերաարտահանումների շնորհիվ թռիչքային աճով հասավ խոշոր հարկատուների տասնյակ։ Այս տարվա առաջին եռամսյակում առաջատարն էր։ Իսկ առաջին կիսամյակի տվյալներով Mobile Centre-ի հարկերը կազմել են  32.3 մլրդ դրամ՝ կրկնակի աճելով նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ։ 

Երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 27.6 մլրդ դրամի հարկերով և 10% նվազմամբ։ 

Հաջորդում է ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն։ Ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում 23.6 մլրդ դրամ հարկ է վճարել, որը մոտ 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։ 

Տեխնիկայի առևտրով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA) հինգերորդ խոշոր հարկատուն է։ Վճարել է 17.7 մլրդ դրամի հարկեր, որը աճել է 12%-ով։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ամերիաբանկ»-ը, բջջային օպերատոր «Վիվա Արմենիա»-ն (նախկինում«ՄՏՍ Հայաստան»), վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ»-ը, «Սոֆթ կոնստրակտ»-ը (Vivaro) և «Սիթի»-ն («Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց)։

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, հարկերի նվազում են գրանցել «Ամերիաբանկ»-ն ու «Սի Փի Էս էներջի գրուպ»-ը։ 

Առաջին տասնյակում ուշագրավ է «Սոֆթ կոնստրակտ»-ի հայտնվելը, որը նախկինում ավելի համեստ հորիզոնականներ էր զբաղեցնում։ 

Այս անգամ խոշորների առաջին տասնյակից դուրս է մնացել օնլայն առևտրով զբաղվող «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն, որը վերջին մեկ տարում ևս թռիչքային աճ էր գրանցել։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ընկերությունը 23-րդ խոշոր հարկատուն է՝ 5.7 մլրդ դրամի հարկերով, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 21%-ով։ 

«Վայլդբերրիզ»-ի, ինչպես նաև խոշոր հարկատուների առաջին 50 հորիզոնականներում տեղ գտած մյուս ընկերությունների ցանկը ներկայացված է այս ինֆոգրաֆիկայում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter