HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տնային կալանքի պայմանները պետք է համապատասխանեցնել կալանավորված անձանց պահման նվազագույն պայմաններին

«Տնային կալանքի տակ գտնվողները պետք է ունենան այն բոլոր իրավունքները, որոնք տրված են ձերբակալված և կալանավորված անձանց։ Խնդրահարույց է տնային կալանքի դեպքում առավելագույն սահմանափակումների կիրառումը՝ առանց դրանց անհրաժեշտության պատշաճ հիմնավորման և պատճառաբանման»,– «Իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս հստակ պահանջը սահմանել է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառությունն ուսումնասիրելուց հետո։

Տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները մեր երկրում կիրառության մեջ դրվեցին 2023թ հունվարի 1-ից։ «Իրավունքի կենտրոն» հ/կ-ն ուսումնասիրել է նշված այլընտրանքային խափանման միջոցների մեկամյա կիրառությունը և պարզել, թե գործնականում ինչ իրավունքներ են խախտվում կիրառելու ժամանակ։ 

«Իրավունքի կենտրոն» հ/կ-ի փորձագետ Տաթևիկ Ղարիբյանն այս թեմայով հրավիրված աշխատանքային քննարկման մասնակիցներին ներկայացրեց տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների խախտումներն ու սահմանափակումները, որոնք բացահայտել են հետազոտության ընթացքում։ Փորձագետը նշեց, որ այդ իրավախախտումները  մեղադրյալից բացի, շատ հաճախ տարածվում են ընտանիքի անդամների և համատեղ բնակվող այլ անձանց վրա։ 

Տնային կալանքի դեպքում բնակարանում բնակվող անձը զրկված է բացօթյա զբոսանքի իրավունքից։ Նման հնարավորություն կարող են ունենալ միայն առանձնատանը բնակվող մեղադրյալները։ Այս իրավիճակը խնդրահարույց է, քանի որ կալանքի տակ գտնվողներին և առանձնատանը տնային կալանքի տակ գտնվող անձանց բացօթյա զբոսանքի իրավունք է տրված, մինչդեռ, բնակարանում բնակվողները զրկված են այդ իրավունքից։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի զբոսանքի հնարավորության բացակայությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ նրա ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ 

Աշխատանքային քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել օրական գոնե մեկ ժամ մեղադրյալի բացօթյա զբոսանքի հնարավորությունն ապահովելու համար։

Տնային կալանքի տակ գտնվողները պետք է ունենան առողջության պահպանման, այդ թվում` բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու, ինչպես նաև իր հաշվին իր ընտրած բժշկի մոտ զննվելու հնարավորություն։ Նաև՝ իրավաբանական օգնություն, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, կրթության, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու, հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական կամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի։ 

Հ/կ–ի փորձագետ Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց այն դեպքերը, որոնք հետազոտության մասնակիցներն իրենց իրավունքների անհարկի սահմանափակումներ են համարել։ Այսպեստնային կալանքի դեպքում, հիմնականում, կիրառվում է հաղորդակցության բացարձակ արգելք՝ բացառությամբ համատեղ բնակվող անձանց։ Մեղադրյալն իրավունք ունի շփվելու միայն իր հետ համատեղ բնակվող անձանց հետ։ Դատարանը որոշմամբ սահմանում է, որ երրորդ անձանց հյուրընկալելը արգելվում է։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, որ մեղադրյալի հետ բնակվող ընտանիքի անդամը նույնպես չի կարող հյուր ընդունել։ 

Խնդիրներ են եղել, երբ ընտանիքի անդամներն անակնկալի են եկել դատարանի որոշմամբ ամրագրված սահմանափակումներից, քանի որ նրանց համաձայնությունը դատարանը չի ճշտել։ Նրանք կանխավ տեղեկացված չեն եղել, որ բարեկամներն ու հարևանները չեն կարող այցելել իրենց։ Արդյունքում կոնֆլիկտային իրավիճակներ են առաջացել ընտանիքի անդամների և մեղադրյալի միջև։ Շատ են եղել դեպքեր, երբ բնակարանի սեփականատերերը կամ ընտանիքի անդամները դժգոհություն են հայտնել, որ իրենց համաձայնությունը չեն քննարկել դատարանում։ 

Փորձագետի կարծիքով՝ այս իրավիճակը հետևանք է այն բանի, որ օրենսդրությունը մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու դեպքում սեփականատերերի, ինչպես նաև մեղադրյալի հետ բնակվող անձանց համաձայնությունն ստանալու պահանջ չի նախատեսել։ Տնային կալանքը չպետք է խախտի այդ ընտանիքում ապրողների իրավունքները։

Դատարանի որոշումով, երբեմն սահմանվում է հաղորդակցության սահմանափակում։ Եղել է դեպք, երբ սահմանափակվել է երեխայի հետ շփումը։ Մեղադրյալի ներկայացուցիչի կարծքով՝ չնայած մեղադրյալը ամուսնալուծված է, բայց պետք է իրավունք ունենա շփվելու երեխայի հետ, այս դեպքում սահմանափակում չպետք է կիրառվի։ «Եթե սահմանափակում են որևէ մեկի հետ շփվելը, պետք է հիմնավորել, թե ինչու, իսկ դատավորը դրա ժամանակը չունի»,– ափսոսանքով հայտնեցին ներկաները։ 

Տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալին արգելված է նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, ինտերնետի հասանելիությունը, համակարգչից օգտվելը, հաղորդակցության այլ ձևերից, փոստային առաքանուց օգտվելը։ Գրանցվել է դեպք, երբ նամակագրության բացարձակ արգելքի արդյունքում մեղադրյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը: Ուստի դատարանը հատուկ նշում է կատարում որոշման մեջ, որ նամակագրությունը սահմանափակվում է, բացառությամբ պետական հիմնարկների նամակներից։

Պրոբացիայի ծառայությունը տնային կալանքի տակ գտնվողի բնակության վայրում հեռախոս է տեղադրում՝ ծառայության հետ կապն ապահովելու համար։ Հետազոտության մասնակիցները հայտնել են, որ գիշերը շատ անսպասելի ժամերի կարող են զանգել։ Լինում են դեպքեր, երբ մի քանի անգամ են զանգում գիշերային ժամերին։ Կազմակերպությունը խնդրահարույց է համարում գիշերային ժամերին զանգելը, երբ էլեկտրոնային հսկողության միջոցները տեղեկացնում են, որ անձը գտնվում է իր բնակության վայրում։ Հայաստանի օրենսդրությամբ կարգավորված չէ, թե օրվա ընթացքում քանի անգամ պետք է Պրոբացիայի ծառայությունը զանգի մեղադրյալին, ժամային սահմանափակում նույնպես նախատեսված չէ։ 

Հետազոտության մասնակիցները նշեցին, որ հեռախոսազանգի կամ ինտերնետից օգտվելու իրավունքի սահմանափակումը հատկապես կարևոր է կանխարգելելու նոր հանցագործությունների կատարումը։ Օրինակ, թմրանյութեր են տարածվում առաքման ծառայությունների միջոցով և կարևոր է բացառել նման ռիսկերի առաջացումը։ 

Բացի դրանից, սահմանափակումների նկատմամբ, հատկապես հաղորդակցության,  վերահսկողությունը բավականին խնդրահարույց է։ Ըստ հետազոտության մասնակիցների՝ եթե տնային կալանքի սահմանափակումների նկատմամբ լիարժեք վերահսկողություն հնարավոր լիներ իրականացնել, ապա այն որպես առաջին անգամ կիրառվող խափանման միջոց ավելի հաճախ կկիրառվեր։

Հ/կ–ն առաջարկում է օրենսդրորեն բացառել տնային կալանքի դեպքում իրավունքների բոլոր սահմանափակումները մեխանիկորեն կիառելու պրակտիկան։ Սահմանել միայն այնպիսիք, որոնց անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված կոնկրետ գործի հանգամանքներով ու առանձնահատկություններով և բավարար են տվյալ գործի արդյունավետ նախաքննությունը կամ դատաքննությունն ապահովելու համար:

«Կարծում ենք, որ հաղորդակցության բացարձակ սահմանափակումը միշտ չէ, որ հիմնավորված է և ծառայում է իր նպատակին։ Մի կողմից՝ գործնականում գրեթե անհնար է նման բացարձակ սահմանափակում ապահովել, մյուս կողմից՝ անհնար է լիարժեք վերահսկողություն իրականացնել այդ արգելքների պահպանման նկատմամբ»,– հայտնեց փորձագետը։

Աշխատանքային քննարկման մասնակցիները նշեցին, որ սահմանափակումները պայմանավորված են վերահսկողական ոչ բավարար մեխանիզմների առկայությամբ։ Ինչպես տնային կալանքի, այնպես էլ վարչական հսկողության դեպքում, մեղադրյալի նկատմամբ հսկողությունն իրականացվում է էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումների միջոցով։ 

Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է մեղադրյալի բնակության վայրի տարածքի նշագրում և սահմանում, թե մեղադրյալը որ հատվածներ չի կարող դուրս գալ։ Հստակ սահմանվում են թույլատրելի տարածքի սահմանները։ Էլեկտրոնային հսկողության հիմնական սարքը և մեղադրյալի վրա տեղադրվող սարքը միայն աշխատում է կոնկրետ հեռավորության պարագայում։ Եթե մեղադրյալը նշագրված տարածքի սահմաններից դուրս է գալիս, հիմնական սարքը ազդանշան է տալիս։  

Եվրոպայի միության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում հետազոտությունն իրականացրած «Իրավունքի կենտրոն» հ/կ–ն վիճակը բարելավող օրենսդրական լուծումների ակնկալիք ունի: Դրան հասնելու համար անհրաժեշտ էր իրավապահ մարմինների, օրենսդիրների, դատարանների և հարցին առնչվող այլ կառույցների ներկայացուցիչների տեսակետները լսել։ 

Այդ կառույցները չէին արձագանքել հրավերին, բացառություն էր Քննչական կոմիտեն, որին ներկայացնող հետաքննիչները խնդրահարույց հարցերին լուծումներ տալու պատրաստակամություն դրսևորեցին։ Քննարկմանը մասնակից սակավաթիվ փաստաբանների հետ միասին ակտիվ մասնակցեցին հ/կ–ի ներկայացրած առաջարկների քննարկմանը։ 

Քննչական կոմիտեի հետաքննիչների կարծիքով՝ ավելի ճիշտ է, երբ  խափանման միջոցի ընտրությունը վարույթն իրականացնող մարմինն է ներկայացնում։ Նրանց ասելով՝ երբ դատարանն է տնային կալանք նշանակում, ներկայացված խնդրահարույց հարցերի մանրամասները չի քննարկում։ Մինչդեռ քննիչը օպերատիվ աշխատանքի, հետախուզություն իրականացնելու ժամանակ դիտարկում է տնայի կալանքի հնարավորությունը։ 

Աշխատանքային քննարկմանը հեռավար ներգրավված էին Էստոնիայի և Սերբիայի մասնագետները, որոնց երկրներում կալանքի այս տեսակներն ավելի երկար կիրառություն ունեն։ Խնդրահարույց հարցերի վերաբերյալ սեփական երկրների փորձը ներկայացնելը օգնություն էր հայ գործընկերներին լուծումներ գտնելու հարցում։ 

Էստոնիայի արդարադատության նախարարության խորհրդատու Մարիել Մաննիստեն նշեց, որ իրենց երկրում պրոբացիայի շահառուները չունեն հաղորդակցման արգելք։ Եթե կան տեղաշարժի հետ կապված որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ թույլատրված չէ այցելությունը որոշակի վայրեր, այդ դեպքում անհատների վրա տեղադրվում են GPS սարքեր։ «Մենք վերահսկում ենք մարդկանց տեղաշարժը համակարգից, ինչպես նաև իրական ստուգումներ ենք իրականացնում՝ համոզվելու համար, որ անձը տեղաշարժվում է ըստ ժամանակացույցի»,– տեղեկացրեց խորհրդատուն։

Նա նշեց, որ Էստոնիայում յուրաքանչյուր իրավախախտ իրեն կցված անձնական պրոբացիայի ծառայող ունի, հարմարավետ բնակության վայր՝ էլեկտրականություն, GSM (գլոբալ բջջային համակարգ), փականով դուռ և բնակության վայրի սեփականատիրոջ համաձայնությունը։ Պրոբացիայի ծառայողի հետ պարետային ժամի մեկ շաբաթվա մանրամասն մշակված ժամանակացույց են պատրաստում՝ մինչև պրոբացիայի ծառայողի հետ հաջորդ հանդիպումը։

Էլեկտրոնային հսկողության ընթացքում տեղաշարժը իրականացվում է միայն ըստ ժամանակացույցի։ Պրոբացիայի ծառայողն է որոշում, թե որ տեղաշարժն է կարելի, և որը՝ ոչ։ Ժամանակացույցը ներառում է՝ հանդիպումները պրոբացիայի գրասենյակում, աշխատանք/ուսուցում, այցելություններ բժշկին, առաջին անհրաժեշտության իրերի գնում, վարսահարդար, պրոբացիայի աշխատակցի կողմից թույլատրված այլ տեղաշարժեր (սպորտով զբաղվել, ընտանեկան ժամանց և այլն) 24-ժամյա հսկողություն հերթապահ ծառայողի կողմից։

Բելգրադի կրիմինոլոգիական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Օլգա Տեշովիչը տնային կալանքի և էլեկտրոնային հսկողության գլխավոր մարտահրավերները թեմայով իր ելույթում նշեց, որ պրոբացիայի ծառայողների համար դժվար է արդյունավետ կերպով վերահսկել տնային կալանքի տակ գտնվողների հեռախոսների և ինտերնետի օգտագործումը։ Դժվար է վերահսկել  նաև այցելությունների արգելքը այն մեղադրյալների դեպքում, երբ նույն հարկի տակ բնակվում են ընտանիքի մի քանի անդամ։

Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ օրենսդրությունն ավելի հստակ պետք է սահմանի տնային կալանքի պայմաններն ու ընթացակարգերը։

Դատախազության վիճակագրության համաձայն՝ 2023 թ-ին դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 114 միջնորդություն, որից բավարարվել է 87-ը։ Դատարանը 232 դեպքով կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի բավարարելու արդյունքում խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։  Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ–ին տնային կալանքի 91 միջնորդություն է ներկայացվել, որից բավարարվել է  65-ը։ 

Գլխավոր լուսանկարում՝ Արտակ Կիրակոսյանը եւ Տաթևիկ Ղարիբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter